Թևանյան Անդոն աչքիս լույսը չէ՝ հեղափոխական է եղել, ողջունել է սրանց իշխանության գալը: Մինչ այդ դեմոկրատ խմբագիր էր, ուստա Ծառուկյանի հաշվին պայքարում էր Սերժ Սարգսյանի հակազգային և կոռումպացված ռեժիմի դեմ: Իսկ որպես զգալի ներդրում ունեցած անհատ սրանց հեղափոխության մեջ, չէր կարող չպատժվել, ինչպես և իր մեկենաս և ղեկավար ուստա Ծառուկյանը: Եվ քանի որ Անդոյին պատժողը սրանք են, մենք չենք կարող ողջունել նախկին հեղափոխանաի հետապնդումը, մանավանդ որ այն, մեղմ ասած, մանկապարտեզի երեխայի ֆանտազիայի մակարդակի է:
ՈՒրեմն, մայիսի 20-ին ժողվարչապետն ի լուր աշխարհի հայտարարեց, որ Թևանյան Անդոն դավաճանություն է արել, լրտեսություն՝ հօգուտ օտարերկրյա հատուկ ծառայության: Դե, պարզ է, որ Ռուսաստանի մասին է խոսքը: Եվ ՔԿ-ն մայիսի 21-ին նրան մեղադրանք է առաջադրելու:
Այսօր ՔԿ-ն հրապարակեց իր մեղադրանքը: Պարզել են, որ Անդոն 622 հազար ամերիկյան ռուբլով օտարերկրյա հատուկ ծառայությանը վաճառել է 2024-ի ապրիլին կայացած ԱԺ փակ նիստում հնչեցված գաղտնի նյութերը՝ չափազանց մեծ վնաս հասցնելով ՀՀ անվտանգությանը, ինքնիշխանությանը և ընդհանրապես ամեն ինչին:
Էսքան բանը լսելուց հետո, Թևանյանն ուղակի հայտարարեց, որ 2024-ին պատգամավոր չի եղել՝ մանդատը հանձնել է 2023 թվականին: Նշանակում է՝ ոչ մի փակ նիստի ֆիզիկապես չէր կարող մասնակցել և, հետևաբար, չէր կարող գաղտնիք պարունակող տեղեկություն վաճառել, այն էլ՝ 622 հազար ամերիկյան ռուբլով:
Լավ, սրանք նորմալ կեղծիք անելու ունակությունն էլ են կորցրե՞լ: Դժվա՞ր էր անփույթ չլինել տարեթվերի հետ: Մի՞թե 2022-23թթ. ոչ մի փակ նիստ չի գումարվել Ազգային ժողովում, որին կարող էր ներկա գտնվել Թևանյան Անդոն, և այդ նիստի հիման վրա կառուցեին սույն մեղադրանքը:
Հետևենք նոր շպիոնական սկանդալի զարգացումներին և տեսնենք, թե փաշինյան նիկոլի ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն ոնց են այս խայտառակության տակից դուրս գալու:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ