2021-ին մենք արդեն տեսել ենք «չակերտավոր հաղթանակի» վտանգը։ Նույն 2021-ին, ընտրություններից օրեր առաջ հրապարակված վերջին Gallup-ում, «Հայաստան» դաշինքը ներկայացվում էր առաջատար՝ 28.7%, իսկ ՔՊ-ն՝ 25.2%։ Հանրային տրամադրության մեջ ձևավորվում էր մի վտանգավոր համոզմունք՝ «արդեն հաղթել ենք»։ Հետո եկավ ընտրության գիշերը, և պարզվեց լրիվ այլ պատկեր՝ ՔՊ-ն ստացավ 53.95%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 21.11%։
2021-ի գլխավոր դասը հենց սա էր, և ընդդիմադիր ընտրողը մեկ անգամ արդեն ապրեց հարցումային հաղթանակի էյֆորիա, որը չվերածվեց իրական քաղաքական հաղթանակի։
Հարցումներում հաղթեցինք։
Սոցցանցերում հաղթեցինք։
Տրամադրություններում հաղթեցինք։
Բայց իշխանությունը մնաց նույնը։
Ուստի, եթե 2026-ին՝ ընտրություններից 15 օր առաջ, կրկին կան թվեր, որոնք շատերին կարող են ներշնչել, թե «արդեն հաղթել ենք» կամ «էս կերպ հաղթելու ենք», իսկ մյուսներին էլ՝ «պարտվել ենք», «իմաստ չունի» տրամաբանություն, ապա պետք է հիշել մեկ պարզ ճշմարտություն: Իրական հաղթանակը կամ պարտությունը ոչ Gallup-ում և ոչ էլ IRI-ում չէ և ոչ էլ նրանց մեթոդաբանություններում: IRI-ում ընդդիմությունը փոքր է երևում, որովհետև ընդդիմադիր պոտենցիալը դիրքավորված է undecided/refused դաշտում, իսկ MPG-ում այդ պոտենցիալը արդեն «բաժանված» է ընդդիմադիր ուժերի միջև։ Իրական հաղթանակը միայն մեկն է՝ քվեատուփում արձանագրված արդյունքը և քվեատուփի մոտ հասցված ձայնի և արդյունքում այնտեղ առկա հաղթանակը: Այդ հաղթանակի անունն է շուրջ 44% չկողմնորոշվածների ուղեղներին և սրտերին տիրելու արվեստ:
2021-ի ամենավտանգավոր հոգեբանական թակարդը այն էր, որ մտածում էին՝ «արդեն հաղթում ենք», «իմ մեկ ձայնը ոչինչ չի փոխի», «ամեն ինչ արդեն որոշված է» և սահմանափակում իրենց մասնակցությունը գործընթացներին և ընտրությանը։ Հենց այդ կետից էլ սկսվում է քաղաքական թուլացումը։ Հենց այդ կետից էլ շատ հաճախ սկսվում է պարտությունը։
Եթե 2026-ին իսկապես կա փոփոխության հնարավորություն, ապա դրա բանաձևը շատ պարզ է՝ ոչ թե հաղթանակի զգացում ընտրությունից առաջ, այլ հաղթանակի աշխատանք մինչև վերջին օրն ու ժամը գետնի վրա՝ անհոգնել։ Մեզ երկրորդ «չակերտավոր հաղթանակ» պետք չէ։ Մեզ պետք է իրական հաղթանակ՝ մասնակցած, մոբիլիզացված, պաշտպանված և քվեատուփում արձանագրված հաղթանակ։ Դրա համար կա այլևս շատ սահմանափակ՝ ոչ թե 150, այլ 15 օր, և նախընտրական մարաթոնի ողջ կերպը միշտ փոխվում է էստեղ ՝ ում մոտ կհատի քաղաքական շնչառությունը, իսկ ում մոտ կբացվի երկրորդ շնչառություն:
P.S. Իսկ մինչ այդ 300.000 ադրբեջանցիների Հայաստանում չվերաբնակեցնելու «երաշխիք» տվողին և դա բացառողին պետք է տեղեկացնել, որ ողջ նախընտրական Հայաստանը՝ «երաշխավորի» ընդդիմադիրներից սկսած և « երաշխավորի» կողմնակիցներով վերջացրած, շուրջ տասը օր է քննարկում է բացառապես մեկ հարց՝ երաշխավորի հոգեբանական և հոգեկան վիճակը: Այ սա վստահ և աներկբա փաստ է՝ առանց սոցիոլոգիական հարցման տվյալի անհրաժեշտության: Նախավերջին նախադասության մեջ քաղաքական մարկետինգի տեսանկյունից կա կարևոր բանալի բառ՝ «քննարկում է»: Նրան, ում «քննարկում» են՝ նա էլ վերահսկում է խաղը:
Հուսամ՝ առայժմ:
Էլ չմնաց 150 օր, մնաց 15 օր:
Վլադիմիր Մարտիրոսյան