Վերջերս կրկին ակտիվացել են անկլավների վերաբերյալ խոսակցությունները: Հայաստանի բնակիչների մի մասն առաջարկում է Տիգրանաշենը «չտալ», Արծվաշենը «չվերցնել»: Վերջիններս հիմնականում «ձայն չեն հանում» մյուս անկլավների` Սոֆուլու|Բարխուդարլուի և Ասքիփարայի ճակատագրի վերաբերյալ:
Միանգամից ասեմ` անկլավների օրակարգը կեղծ է և ժամանակավրեպ: Կեղծ է այն պատճառով, որ Հայաստանի բնակիչների կարծիքն օրակարգ թելադրողներին չի հետաքրքրում: Վերջիններս ղեկավարվում են որոշումներ ընդունող մեկ կենտրոնից, որտեղ անկլավների մասին որոշումն արդեն ընդունված է: Կարո՞ղ էին արդյոք Հայաստանի բնակիչներն ազդել անկլավների մասին որոշումներ ընդունող կենտրոնի որոշման վրա: Իհարկե կարող էին: Շուրջ 35 տարի ժամանակ ունեին «ազդելու» համար: Չազդեցին: Այնպես, ինչպես Արցախի հարցում: Այժմ արդեն ուշ է: Ընդ որում, այնքան ուշ է, որ մեծ է Տիգրանաշենը «տալու», սակայն Արծվաշենը «չվերցնելու» հավանականությունը: Այ, հարցի նման հեռանկարը բնակիչներին չի հետաքրքրում: Թեպետ, այս հարցում դեռ կարելի է ինչ-որ բան փոխել:
Անցնենք առաջ:
Ի՞նչ է նշանակում «տալ» կամ «չտալ»: Հայրենիքը կամ դրա մի մասն առևտրի առարկա չեն: Արծվաշենն ու Տիգրանաշենը Հայրենիքի հատվածներ են, և դրանք չի կարելի «տալ» կամ «չտալ»: Դրանց համար կարելի է կռիվ տալ տարբեր ճակատներում, սակայն առևտրի առարկա դարձնել չի կարելի:
Հայաստանի բնակիչների մի ստվար սեգմենտ պնդում է, որ «մեզ Արծվաշենը պետք չէ»: Իբր այն, ի տարբերություն Տիգրանաշենի, «լոգիստիկ» չի: Իսկ ո՞վ ասաց, որ, օրինակ` Ճամբարակը, Վարդենիսը, Մարտունին, Թալինը կամ Դիլիջանը «լոգիստիկ են»: Հանձնե՞նք: Գիտե՞ք ինչու չհանձնենք: Որովհետև, դա մեր Հայրենիքն է այնպես, ինչպես Արծվաշենը:
Սակայն, եթե, այնուամենայնիվ, թքած ունեք Հայրենիքի մի հատված հանդիսացող Արծվաշենի վրա, ապա արժանապատվություն ունեցեք և փոխհատուցեք արծվաշենցիներին կորցրած գույքի համար: Մնացած բնակավայրերի բնակիչների համար նախադեպ ստեղծեք, որպեսզի հաջորդ «տրվող» բնակավայրի բնակիչները նախկին Հայրենիքից գոնե հիշողություններ ունենան:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ