Նիկոլ Փաշինյանի մոտ կա նկատելի տագնապ, որքան էլ տարատեսակ հարցումներով և տեսախցիկների առաջ (հատկապես ուտելու տեսարաններում) փորձում է ցույց տալ, որ առավել քան երբևէ ամեն ինչ հրաշալի է։
Տագնապը պայմանավորված է նույնիսկ ոչ այնքան ընտրությունների արդյունքներով, որքան հետընտրական զարգացումներով։
Ձգտումներով և նպատակներով Նիկոլն, անխոս, փորձանք է, իսկ ահա ֆունկցիոնալ առումով` մարզված աղվես։ Եվ ի տարբերություն իր թիմակից շատերի` հասկանում է, որ.
1. Փոքր պետությունների ինքնիշխանությունը, որն այդքան թմբկահարվում է, հարաբերական բնույթ է կրում, եթե այն ամրագրված չէ դաշնակցային երաշխիքներով։
2.Փոքր պետությունների համար արտաքին քաղաքականությունը գերակա նշանակություն ունի ներքին քաղաքական գործընթացների նկատմամբ։ Այլ կերպ ասած` ներքին զարգացումների բովանդակությունը արտաքին քաղաքականության մեջ գրանցած հաջողությունների և անհաջողությունների պրոյեկցիան է։
3. Աշխարհագրական դետերմինիզմի ռազմավարական նշանակության հարցերում։ Տվյալ դեպքում խոսքը ոչ միայն Հայաստանի աշխարհագրական դիրքին է վերաբերում, դրանից բխող հնարավորություններին, այլև Հայաստանի նկատմամբ և նրա շուրջը պատմականորեն ձևավորված փոխհարաբերությունների բարդ համակարգին։
Նրանք, ովքեր խաղադրույք են կատարել «հեղափոխական» Նիկոլի վրա, խաղադրույք են կատարել նրա` «գժականով գործն առաջ բրդելու» որակների վրա (ինչպես նախընտրական նախորդ շրջանում հրապարակված ձայնագրությունն է փաստում)։ Բայց, իմ համոզմամբ, հաշվի չի առնվել կարևոր մի բան, որ գժի կեցվածքով հնարավոր է գուցե օպերատիվ արդյունքի հասնել, բայց ոչ երբեք՝ երկարաժամկետ, առավել ևս, ռազմավարական լուծումներ գտնել։ Նիկոլը, ավելի քան շատերը, հրաշալի հասկանում է, օրինակ, որ Ռուսաստանն ու ԵՄ-ը Հայաստանի պարագայում լավագույն դեպքում կարող են լինել փոխլրացնող ուժեր, բայց ոչ երբեք` փոխադարձ փոխարկելի։ Հարց է ծագում` այդ դեպքում ի՞նչ իմաստ ունեն հակառուսական երանգներ պարունակող եվրոպական սիրախաղերը։ Բանն այն է, որ «հեղափոխության» քողարկված նպատակները հակասություն ունեին տարածաշրջանում ռուսական շահերի հետ, իսկ ԵՄ-ի դրոշակը ժամանակ առ ժամանակ պարզելն ընդամենը նպատակ ուներ բարձր խաղադրույքներ սահմանել, որպեսզի հնարավոր լիներ դրանք հետագայում շահավետ սակարկել Ռուսաստանի հետ հարաբերություններում` հաշվի առնելով նաև վերջինիս «»զբաղվածությունը>> ուկրաինական թևում։
Ռուսաստանի վերջին շրջանի կոշտ կեցվածքը, սակայն, ցույց է տալիս, որ ոչ միայն սակարկելն է ձախողվել, այլև «գժերին» հանդուրժելու հետագա հնարավորությունն է սպառվել։ Ու նաև հիշեցումն է հայտնի ասացվածքի, որ Ռուսաստանը դանդաղ լծում է, բայց արագ քշում, ինչի մասին գոնե 8 տարի շարունակ ես եմ բարձրաձայնել։
Պարադոքսն այսօր նրանում է, որ չընտրվելու դեպքում Նիկոլը վատ կանխազգացում ունի իր համար, ընտրվելու դեպքում` երկրի համար։ Եվ սա է տագնապի աղբյուրը, չնայած այստեղ էլ ամեն ինչ օրինաչափ է. նա, ով չգիտի որտեղ է գնում, հայտնվում է վերջում չգիտես որտեղ։
Գարեգին Պետրոսյան