(սրբազան ցավի Հայաստանը՝ բանականության սպանդի դեմ հանդիման)
Ասում են՝ ազգը մեռնում է ոչ թե այն ժամանակ, երբ զինվորն է ընկնում, այլ երբ թիկունքն է դադարում զգալ նրա կորստի ցավը։
Երբ հասարակությունն այլևս չի արձագանքում առաջնագծում ընկածների արդար «կանչին», և երբ առօրյա հարմարավետությունն ու անհոգ զվարճանքները ստվերում են տղաների արյամբ գրվող պատմությունը, սկսվում է արժեհամակարգի վերջնական ու անդառնալի փլուզումը։ Ցավի հանդեպ ձևավորված այս հանրային «իմունիտետը» սպանում է ազգային դիմադրողականությունը՝ ստեղծելով պատրանք, թե կարելի է փախչել պատմական պատասխանատվությունից։
Սա բարոյական ակնատ ու անհաղորդ այն սահմանագիծն է, որտեղ ողբերգականորեն ընդհարվում են աշխարհագրական նույն տարածքում ապրող, բայց արժեքներով իրարամերժ Հայաստանները։
Նույնն են փողոցները, նույնն են սահմանները, նույնն են հողն ու երկինքը, նույն բիբլիական Արարատն է նայում վերևից, բայց մեր միջև արժեքային ու բարոյական այնպիսի անդունդ է գոյացել, որից անդին միայն բանականության սպանդն է։
Ի՞նչ է կատարվում, երբ միևնույն երկրում բախվում են անթափանց կուրությունն ու սրբազան, արյունոտ ցավը։
Տեղի է ունենում ազգային հիշողության կազմալուծում. արժեզրկվում է հերոսության ու զոհողության գինը, իսկ հանրային օրակարգը բռնի կերպով հարմարեցվում է պարտվողականության ու անտարբերության «մշակույթին»։
Այս նոր, արհեստածին միջավայրում հարմարվողականությունը հռչակվում է «խոհեմություն», իսկ սեփական իրավունքների ու արժանապատվության համար պայքարը՝ «արկածախնդրություն»։
Մենք անհասկանալի հանդուրժողականությամբ ու հաշտվողականությամբ ենք համակերպվում նրանց հետ, ովքեր ուղղակիորեն պատասխանատու են մեր կորուստների համար։ Ինչը ոչ թե խաղաղասիրություն է, այլ հավաքական կամքի և ինքնապաշտպանական բնազդի կատարյալ համաջնջում։
Հենց այս ֆոնին է իշխանական քարոզչամեքենան՝ զուրկ բարոյական որևէ արգելակից, գործի դնում քաղաքական PR-ի ամենացինիկ ու սրբապիղծ տեխնոլոգիաները։ Օգտագործելով մարդկային ծայրահեղ տրավման և հոգեբանական խոցելիությունը՝ նրանք դժբախտացած մարդկանց վերածում են սեփական ողբերգության դեմ աշխատող գործիքների։
Նախապես մշակված սցենարներով «գտնվում» են զոհվածների մայրեր ու տատեր, ովքեր տեսախցիկների առջև, կիսահուզմունք բեմադրելով, «շնորհակալություն» են հայտնում սեփական որդիների ու թոռների դահճին։
Իսկ վերջինս էլ «մեծահոգաբար», սրբագրելով սեփական պատասխանատվությունը, համբուրում է նրանց աջերը՝ ստանալով հերթական քաղաքական «ինդուլգենցիան»։
Խոսենք կոնկրետ օրինակներով։
Ահա նվաստացուցիչ ու ցնցող մի պատկեր քարոզարշավային այլանդակ այդ շոուից։ Տարեց մի կին մոտենում է փրփրակալած բերանով ղժղժացող կերպարին և զառանցում.
«Բարև Ձեզ, պարոն Փաշինյան, երկու զոհ եմ տվել, բայց քեզնից շատ շնորհակալ եմ։ Թոռս՝ 18 տարեկան։ Ամուսինս էլ, ինքն էլ զոհվել են, բայց քեզնից շատ շնորհակալ եմ։ Դուք փրկեցիք մեր էրեխեքին։ Շնորհակալ եմ։ Գնացել եմ Մեղրի, Ագարակ՝ իմ թոռիս հուշատախտակը շնորհավորելու։ Ահռելի գործ եք արել։ Շատ շնորհակալ եմ։ Դուք փրկեցիք իմ Հայաստանը։ Քեզնից շատ շնորհակալ եմ»։
Մի քանի վայրկյան տևող խոսքում յոթ անգամ հնչում է նույն նվաստացուցիչ նախադասությունը՝ «քեզնից շա՜տ շնորհակալ եմ»։
Անպատվաբեր այս դրվագը լեզվամտածողության և իրականության կատարյալ խզման, սեփական ողբերգությունը կուռքի զոհասեղանին ստորադասելու քրեստոմատիական օրինակ է։
Կինը, մայրը, տատը պատրաստ է տանուլ տրված հայրենիքի ու հարազատի արյան գնով արդարացում փնտրել աղետի հեղինակների համար։
Ինչու՞։
Թերևս այն պատճառով միայն, որ չխելագարվի կորստի անիմաստության գիտակցումից։
Բայց սցենարն այսքանով չի ավարտվում։
Ամբոխային հիստերիան ստանում է էլ ավելի տգեղ ու անհեթեթ երանգներ, երբ հերթական տիկինը, պահն օգտագործելով, փարվում է կուռքին ու հայտարարում. «Փաշինյան ջան, մեռնեմ ջանիդ, շնորհակալ եմ քեզնից։ Ես քեզ սիրում եմ։ Նայիր, հորս նկարը չեմ պահում, բայց քո նկարը ջեբս է։ Միշտ հետս է»։
Ոմանք էլ ավելի են թեժացնում բեմադրվող սյուժեն՝ հայտարարելով, թե նա «իրենց փրկիչն է, իրենց աստվածը»։ Այլ կերպ չես բնութագրի, քան արժեքային կատարյալ ամլություն, երբ սեփական արմատն ու հայրական հիշատակը զոհաբերվում են հանուն գարշելի կռապաշտության։
Այս ամենն ամբողջանում է մեկ այլ՝ տարեց տիկնոջ կերպարով, ով լպստելով ու շողոքորթելով կուռքին՝ «աղերսում» է.
«Մեռնեմ կյանքիդ։ Ես քեզ թատրոնում էլ եմ ասել՝ երեք պատվեր ունեմ։ Մեկը՝ մեզ անտեր չթողնես, պայքարես մինչև վերջ։ Երկրորդը՝ չուրախացնես ընդդիմությանը։ Եվ մի ջղայնացի, մեռնեմ ջանիդ։ Կյանքիդ մեռնեմ»։
Ահա քաղաքական PR-ի ստեղծած «Հայաստանը». անիշխանական, անարժանապատիվ, սեփական աղետի հեղինակից պաշտպանություն ու ողորմածություն աղերսող միջավայր, որտեղ պետական միտքն ու քաղաքացիական գիտակցությունը փոխարինվել են կենցաղային նողկալի շոուով և կույր պաշտամունքով։
Բայց քաղաքական տգեղ վոդևիլից, տեսախցիկների լույսերից ու բեմադրված «աստվածացումներից» անդին՝ գոյություն ունի մեկ այլ՝ իրական, չվաճառվող ու չսրբագրվող ցավի Հայաստան, որի հանգրվանը «Եռաբլուրն» է։
Ծածանվող եռագույնների սոսափ-ռեքվիեմն այստեղ հնչում է որպես հազարավոր անմահացած հոգիների հավաքական հառաչանք։
Կյանքի ու մահվան այդ սահմանագծին, հոր շիրիմի մոտ մենախոսում է 12-13 տարեկան մի տղա, որի զրույցը տեղ-տեղ ընդհատվում է խեղդող լացով (հղումը՝ Հ․Գ․-ում)։
Հոր օրինակով զինվորական համազգեստն ու կեպին հագած այս հրաշք փոքրիկի ուսերին, որ դեռևս պիտի «ծանրացած» լիներ միայն մանկության անհոգությունը, արդեն տեղավորվել է հասուն մարտիկի վիշտն ու պատասխանատվությունը։
Ձայնը դողում է՝ խանգարում են այտերն այրող արցունքները, բայց ոգին չի ընկրկում։
Նրա սրտակեղեք, արցունքախառն բառերը հնչում են ոչ թե որպես տկարության ճիչ, այլ որպես երդում, որպես սրբազան և անդառնալի ուխտ՝ ուղղված հորը, հայրենիքին ու սեփական արժանապատվությանը.
- Եկել եմ, պապ ջան, չգալ չէի կարող։
Ինչքան էլ հոգիս լիներ անկարող։
Առանց քեզ հիմա արևն արև չէ,
Առանց քեզ արդեն օրն օրվա պես չէ։
Եկել եմ, պապ ջան։
Եկել եմ ցավով,
Եկել եմ ներշնչված կարոտով։
Եկել եմ սրտիս անհագ վրեժով։
Եկել եմ լցվեմ մարտիկի ոգով։
Եկել եմ, տղերք, որ ասեմ՝ բարև։
Եկել եմ ասեմ՝ հե՜յ, կարմիր արև,
Ինչու՞ խլեցիր կյանքերը կիսատ։
18 գարուններ մնաց անավարտ։
Եկել եմ, տղերք, փարվեմ ձեր սառը քարին,
Ծաղիկներ սփռեմ շիրմաքարերին։
Եկել եմ, տղերք, որ ասեմ՝ լսու՞մ եք,
Ձեր կիսատ գործը պիտ շարունակենք,
Կորցրած հողերը մենք ետ կբերենք։
Ինչ էլ որ լինի՝ ոտքի կկանգնենք։
Հոգիս կարոտին էլ չի դիմանում․․․
Այս տողերում չկա նախապես գրված PR սցենար, չկան տեսախցիկներ ու շահամոլություն։
Չապրած մանկության և ժամանակից շուտ արթնացած ազգային արժանապատվության ձայնն է հնչում փոքրիկի հոգուց։
Այնտեղ, որտեղ մեծերը կորցրել են հիշողությունն ու ինքնապաշտպանական բնազդը, այս երեխան ստանձնում է պատմական պարտքի բեռը։ Նա չի փնտրում կեղծ «փրկիչներ» և չի լպստում պիղծ կուռքերի աջերը. նա փարվում է հոր սառը քարին՝ ձևակերպելով ապագայի միակ կենդանի ուխտը։
Փոքրիկի արցունքներն ու «Եռաբլուրի» լռությունն այն զորեղ ու անդրդվելի դատավճիռն են, որի առաջ ակնթարթորեն փոշիանում են քաղաքական ցանկացած «ճարտարախոսություն» ու գավառական բեմականացում։ Այդ լռության ֆոնին է, որ ավելի ցայտուն է դառնում պետական մտքի ունայնությունը։
Երբ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը քարոզարշավային ամբիոններից տարված է ներհասարակական խառնակչությամբ, սպառնալիքներով ու սեփական մրցակիցներին բամբասելով, երբ տեսախցիկների ամենատես աչքի առաջ նա զբաղված է լոկ նյութական ու կենցաղային հեշտանքով՝ խաշլամա ճաշակելով, ոսկորները սեփական նախարարի առաջ նետելով ու յուղոտ ձեռքերը հագուստին մաքրելով, պատկերը դառնում է կատարյալ։
Եթե երկրի de jure վարչապետը կարող է տեսնել ամենուր թևածող ողբերգությունը, բայց անհաղորդ մնալ հոր շիրիմին փարված փոքրիկի տվայտանքին ու որբացած սերնդի ցավին, դա արդեն քաղաքական ձախողում չէ։ Դա վկայություն է այն մասին, որ նա անդարձ կորցրել է (եթե, իհարկե, երբևէ ունեցել է) մարդկային ու ազգային դիմագիծը՝ վերածվելով երկրի կործանման գնով սեփական իշխանությունը երկարաձգող, անհոգի պատժիչ մեխանիզմի։
Այս երկու պատկերները՝ քարոզարշավային հրապարակների ճչացող կռապաշտությունն ու «Եռաբլուրի» լուռ, արժանապատիվ ուխտը, այսօրվա մեր իրականության երկու հայելիներն են։ Եվ սրանց արտացոլանքը լոկ քաղաքական տարակարծություն չէ, այլ ճակատագրական ընտրություն՝ կործանարար հաշտվողականության և ապրելու կամքի միջև։
Եթե մենք՝ որպես հավաքականություն, նախընտրենք առաջին ճանապարհը՝ համակերպվելով բարոյական արգելակների կորստի, պատմության նենգափոխման և սեփական աղետի հեղինակներին մաքրագործող «ինդուլգենցիա» տալու ցինիզմի հետ, ապա մեր վերջնական անհետացումը պատմության թատերաբեմից դառնալու է լոկ ժամանակի հարց։ Դա կլինի ազգային ինքնասպանություն, որի նախազգուշացնող ազդակներն այսօր արդեն բախում են մեր դռները։
Բայց քանի դեռ «Եռաբլուրի» սառը տապանաքարերի մոտ կանգնած է 12-ամյա տղան, որը հրաժարվում է պարտվողականության «մշակույթից» և իր ներսում կրում է հոր կիսատ թողած գործը շարունակելու սրբազան պարտքը, հույսը դեռ կենդանի է։ Այդ երեխայի արցունքների և անկոտրում ոգու մեջ է թաքնված մեր վերածննդի գաղտնագիրը։
Իշխանությունները գալիս են ու գնում, քաղաքական PR տեխնոլոգիաները վաղ թե ուշ մաշվում են, բայց հողին ու արժանապատվությանը տրված որդիական ուխտը հավերժ է։
Ընտրությունը մերն է՝ դառնալ սեփական կործանումը ծափահարող ամբո՞խ, թե՞ կանգնել այդ տղայի կողքին և տիրություն անել մեր պատմությանը, մեր արյանն ու մեր ապագային։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ․Գ․ Հղումը՝
https://www.facebook.com/reel/1323161283088551