Մայիսի 28-ը պարզապես օրացուցային տոն չէ։ Այն հայ ժողովրդի քաղաքական կամքի վերածննդի օրն է։ Այն պահն է, երբ ցեղասպանությունից, փլուզումից, սովից ու պատերազմից անցած ժողովուրդը հանկարծ հայտարարեց՝ Հայաստանը պիտի լինի պետություն։
1918 թվականի Հանրապետության ստեղծումը միայն պետական ակտ չէր։ Դա քաղաքակրթական ընտրություն էր։ Ընտրություն՝ ապրել ոչ թե ուրիշների ողորմածությամբ, այլ սեփական պատասխանատվությամբ։
Եվ հենց այդ պատճառով պատահական չէ, որ 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով ազդարարվեց, որ Հայաստանի նորանկախ պետականությունը սկսվում է ոչ թե զրոյից, այլ՝ Առաջին Հանրապետությունից։
Հռչակագրում գրված է՝ «զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ հայկական պետականության ժողովրդավարական ավանդույթները»։
Այս մի նախադասության մեջ ամբողջ պետական փիլիսոփայությունն է։ 1990 թվականի Հայաստանը իրեն չէր դիտարկում որպես նորաստեղծ տարածք կամ նոր վարչական միավոր։ Այն իրեն հռչակում էր որպես ընդհատված պետականության շարունակություն։ Որպես վերադարձ պատմության բնական հունին։
Այսօր, սակայն, արդեն բաց տեքստով այս իշխանությունը քննարկում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու գաղափարը, որն ուղղակիորեն հանդիսանում է Ադրբեջանի քաղաքական պահանջ։
Սա պարզապես իրավական կամ տեխնիկական փոփոխություն չէ։ Սա վերաբերմունք է պետության հիշողության հանդեպ։ Որովհետև Անկախության հռչակագիրը միայն փաստաթուղթ չէ։ Դա Հայաստանի պետական ինքնության քաղաքական-իրավական հենքն է։ Այն կամուրջն է, որը կապում է Սարդարապատը, Առաջին Հանրապետությունը, անկախության վերականգնումը և այսօրվա պետականությունը։
Երբ պետությանը ստիպում են հրաժարվել իր պատմական շարունակականությունից, իրականում նրան առաջարկում են հրաժարվել սեփական սուբյեկտայնությունից։ Որովհետև պատմական հիշողությունը միայն անցյալի մասին չէ։ Այն ապագայի իրավունքի մասին է։
Այսօր, երբ աշխարհը նորից մտնում է ուժի, ազդեցության և վերաբաժանումների վտանգավոր փուլ, Մայիսի 28-ի խորհուրդը կրկին դառնում է կենսական։ Պետությունն ի վերուստ տրված բան չէ։ Պետությունը ամեն օր վերահաստատվող կամք է։ Եվ անկախությունը երբեք ավարտված իրադարձություն չէ։ Այն մշտական ընտրություն է՝ ապրել որպես սուբյե՞կտ, թե՞ վերածվել օբյեկտի կամ խամաճիկի։
Շնորհավոր Հանրապետության տոնը։
Խոնարհում՝ Առաջին Հանրապետության հիմնադիրներին։
Եվ հիշեցում բոլորիս՝ պետությունները կործանվում են ոչ միայն այն ժամանակ, երբ պարտվում են պատերազմում,այլ նաև այն ժամանակ, երբ սկսում են ամաչել սեփական պատմությունից և ուրանալ այն։
Դավիթ Անանյան