Ոչ, սա Միխայիլ Սամուելովիչ Պանիկովսկին չէ:
Սա Նիկոլայ Վավաևիչ Փաշինովսկին է:
Ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առա՞ջ: Կույր սիմուլյանտ, ճարպիկ կողոպտիչ, խարդախ պորտաբույծ:
Ով էր Փաշինո՞վսկին հեղափոխությունից առաջ:
Դեղին մամուլի շուստրի դրամաշորթ, ընդդիմադիր սիմուլյանտ, երդվյալ որկրամոլ:
Հեղափոխությունից հետո Պանիկովսկու բախտը չբերեց. լեյտենանտ Շմիդտի անհաշիվ «զավակներից» մեկն էր ընդամենը, խղճալի մի ծերուկ, սագագող ու կեֆիրասեր, և կանայք նրան, բնականաբար, չէին սիրում: Ցանկացավ ապրել հասարակության հաշվին, բայց հասարակությունը դա նրան չներեց, և նա մեռավ:
Հեղափոխությունից հետո Փաշինովսկու բախտը բերեց: Հեղափոխության շահառու «լեյտենանտ շմիդտները» առաջնորդ կարգեցին նրան, նախապես զգուշացնելով, որ երկիրը «ռիոդըժանեյրո» դարձնելու ճանապարհին ոչ մի կարմիր գծի առաջ կանգ չպիտի առնի: Արդյունքը շշմեցրեց նույնիսկ շահառուներին: Հասարակությունը ներեց ողջ կյանքն իր հաշվին ապրած դրամաշորթին, ու նա չմեռավ: Պանիկովսկու լայնեզր գլխարկով մտավ հանրության մեջ (ճիշտ է՝ դիպուկահարներով, թիկնապահներով ու ոստիկաններով) և ասաց բաներ, որոնց համար նորմալ հասարակությունը հեռու չէր տանի, հենց պատի տակ կսատկացներ (խեղճ Պանիկովսկի, չկերած սագի համար շան ծեծ կերավ):
Մենք նորմալ հասարակություն չենք: Հաստատ նորմալ չենք: Նորմալ լինեինք՝ չպատժված խոսքը չէր դառնա չպատժվող արարք, սրանք իրար հետ չէին ծնի անպատժելիության գարշելի համոզմունք՝ մի կողմից, մյուս կողմից՝ հնազանդության զազրելի միջավայր:
Վաստակավոր խարդախ Պանիկովսկին ընդամենը մի բան էր ուզում՝ որ «արդար բաժանվեն իրենց փողերը», միջազգային խարդավանքների անգերազանցելի առաջատար Փաշինովսկին «արդարության» սեփական կոդեքսն է դրել շրջանառության մեջ, ըստ որի, պետական դավաճանությունը մեծագույն խիզախություն է:
«Ղարաբաղի շարժումը դադարեցնելը իմ մեծագույն ծառայությունն եմ համարում Հայաստանի ժողովրդի առաջ»,- հայտարարել է այսօրվա քարոզարշավի ժամանակ և ընտրողների բուռն ծափերին արժանացել:
Չեմ զարմանա, եթե վաղն էլ, ծախու ընտրողներից մեկի բերանով, ինքն իրեն ազգային հերոս հռչակի ու հանդես գա Հանրապետության հրապարակում սեփական արձանը կանգնեցնելու պահանջով: Համաշխարհային հեղափոխության առաջնորդ Լենինի տեղը մինչ օրս դատարկ է, հարմար թեկնածու էլ չեն գտնում, ի՞նչ պակաս թեկնածու է:
Անձամբ ես դեմ չեմ, պայմանով, որ այդ արձանը լինի ճիշտ այս հրապարակմանը կից նկարի նման՝ Պանիկափաշինովսկի: Ուզում եք, թե չեք ուզում, համաձայն եք, թե համաձայն չեք՝ ինքը մեր ժամանակի «հերոսն» է՝ ապազգային բոլոր նսեմագույն բնազդների մեկտեղմամբ:
Հասնում է մեզ:
Լիլի Մարտոյան