Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Վարչապետի մարգարեական երազները

Վարչապետի մարգարեական երազները
15.06.2026 | 16:21

Խառնիճաղանջ էին վարչապետի երազները, ինչպես նախընտրական կեղտոտ պաստառներ։

Մեկ իրեն տեսնում էր Մոսկվայում։ ԱՊՀ ղեկավարները օղակ են կազմել, թեժ հարցեր են քննարկում։ Առանց իրեն։ Տեսե՜ք լկտիությունը։ Փորձում է ճեղքել օղակը։ Օղակը սեղմվում է։ Ամոթալի է։ Բայց ի՞նչ ամոթ, եթե վրեժը միշտ կարելի է լուծել սեփական ժողովրդից։ Եթե ուրիշ թեմա չլինի՝ Եկեղեցին կա ու կա։

Հետո՝ լրագրողներ։ Հարցերի տարափ։ Յուրաքանչյուր հարց ինքնասպանության հասցնող: Բայց ոչ իր համար։ Ինքը անխոցելի է։ Իմունիտետ ունի՝ իրականությունից, տրամաբանությունից, պատասխանատվությունից հեռու՜ է...

Հարցազրույցը մեկ նպատակ ունի՝ ապացուցել, որ դեռ վարչապետ է։

Երեկվանից երազները մարգարեական երանգ ստացան։ Վերջապես տեսավ ապագան։ Կառավարական ամառանոց։ Քնած է: Պատկերները խառնիխուռն են։ Հետո՝ պարզվում են։ Ճոխ սեղան։ Սեղանի գլխին՝ ինքն է։ Շուրջը՝ ուսապարկային հին գվարդիան։ Խաշ են ուտում, խորոված վայելում և պետականության վերջին մնացորդները ծամծմում։

Ներս են մտնում «լրաբերները»։ Զեկույցները հուսադրող են։ Աղանդավորները խմբերով մասնակցում են ընտրություններին։ Իշխանավորները, նրանց ընտանիքները, նիկոլապաշտ ֆանատները՝ տեղում են։ Կաշառքն աշխատում է։ Կեղծ անձնագրերը՝ գործում են։ Լցոնումները՝ անարգել սլանում են։

Եվ հանկարծ վատ լուր՝Ժողովուրդը մասնակցում է ընտրությանը։

Անհավանական հետաքրքրությամբ։ Մեծ քանակով: Սա արդեն վտանգավոր է։ Ժողովրդի քիչ լինելը միշտ հույս է ներշնչել։ Շատ լինելը՝ երբեք։

Ամպրոպ։ Պատուհանների փեղկերն իրարահան եղան։ Հեղեղը խուժում է ներս։ Սեղանակիցներն անհետանում են՝ ինչպես խոստումները։ Մնում է մենակ։

Դուրս է նայում։ Ոչ ոք։ Աննան չկա, թիկնազորը չկա, ՔՊ-ն չկա։ Հասկացավ։ Չեն ընտրել։ Ինքը չկա՜։ Խուճապ։ Թաքնվել։ Թախտի տա՞կ՝ վտանգավոր է։ Կգտնեն, դուրս կքաշեն: Փողոցից ձայներ են գալիս․

- ՈՒ՞ր է նեռը։

Հեծանիվ։ Իզուր չէր մարզվել։ Չուլան, ծաղրածուի հագուստ, առաջին պատահած հեծանիվը։ ՈՒղղությունը՝ «եղբայրական երկրներ»։ Էրդողանի պալատի առաջ։

Քրտինք, հյուծում, նվաստացում.

-Ասեք մեծ եղբորս, Էրմենիստանի վարչապետն է …

Պատասխան՝ սառը.

-Գնա Ադրբեջան։ Ինչ կորոշեն՝ համաձայն եմ։

-Ինչո՞վ գնամ։

-Ինչո՞վ եկար։

Դարձյալ հեծանիվ։ Բաքու։ Շեհիդների պուրակ։ Ալիևը ցուցադրում է ավարը։ Լուկաշենկոն՝ հրճվում է։ Տեսնում են նրան։ Ալիևի հայացքում՝ արհամարհանք։

Լուկաշենկոնի աչքերում՝ մի այլ հաճույք։

-Սա մեր պատմության մեջ ամենաշատ օգտակար հայն է,- ասում է Ալիևը,-հերոսի կոչում էինք որոշել: Բայց գործը կիսատ թողեց. Եկեղեցին՝ կանգուն է։ Հայաստանը՝ շնչում է։ Ո՞նց վարվենք:

Լուկաշենկոն փսփսում է, Ալիևը հրամայում է՝ շղթայեք։

Երազում գոռաց։

Արթնացավ։

Սենյակում քայլեց։

Հասկացավ՝ իրեն ոչ ոք չի սպասում։

Նորից քնեց։ Այս անգամ՝ ժողովուրդ։ Հոծ բազմություններ: Այս անգամ իր հետևից չեն գնում, իր հետևից են եկել: Հայհոյանքներ։ Ձեռքեր։ Քաշքշոց։ Ոնց որ ուզում են խեղդամահ անել...

Եվ հանկարծ մի ձայն․

-Թողեք։ Օրենքով կպատասխանի։

ՈՒ...շղթաներ։

Արթնացավ։ Սրտիկ արեց։ Վախը սակայն սրտիկից չհանեց։ Ողջ օրը կրկնեց.

-Առջևը ջուր, հետևը սուր… ՔՊ-ի համար՝ սուգ։ Ալլահը վկա, մարգարե եմ…

Երեկոյան պառկեց մարգարեական վերջին երազը տեսնելու...

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 198

Մեկնաբանություններ