Հայտնի ասացվածքը լավ և վատ լուրերի մասին, կարծես թե, այժմեական է:
Լավ լուրն այն է, որ Իրանն ու ԱՄՆ-ը, համաձայնության հուշագիր ստորագրելով, երկկողմանի համատեղ ջանքերով դադարեցնում են պատերազմը, որն այնքան մոտ էր Հայաստանի սահմաններին: Հուսանք, որ կստորագրվի նաև պայմանագիր, և կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները:
Վատ լուրն այն է, որ Մեծ Յոթնյակի՝ Ֆրանսիայում տեղի ունեցած գագաթնաժողովը, որին հրավիրված էր նաև Զելենսկին, որոշել է ընդլայնել Ուկրաինային տրվող ռազմատնտեսական օգնությունը, և Թրամփ-Պուտին Ալյասկայի համաձայնությունները փաստացիորեն զրոյացվում են: Իհարկե, լավ իմանալով արևմտյան քաղաքական մշակույթի առանձնահատկությունները՝ թղթի վրա պարտավորվելու և չկատարելու առումով, նույնպես հապճեպ եզրակացություններ չպետք է անել: Կրեմլի համար Յոթնյակի գագաթնաժողովն անցանկալի էր նաև նրանով, որ հակառուսական այս ֆորումին հրավիրված էին նաև Հնդկաստանի և Բրազիլիայի ղեկավար առաջին դեմքերը: Վերջին երկուսը ՌԴ տնտեսական «դաշնակիցներն» են ԲՐԻԿՍ գլոբալ կառույցում: Պատերազմի շարունակումը Ուկրաինայում արդի ժամանակահատվածի ամենավտանգավոր իրողությունն է: Լայնամասշտաբ աջակցությունը Կիևին կարող է կործանարար լինել բոլորի համար: Մեծ Յոթնյակը պետք է որ գիտակցի միջուկային զենքի կիրառման վտանգը: Բացառվում է պատերազմը Ռուսաստանի պարտությամբ ավարտելու սցենարը: Եթե ռազմաճակատում ուկրաինացիները հաջողություններ գրանցեն և ոգևորվեն Մոսկվային ու մյուս քաղաքներին հեռահար հարվածներով, մեծացնելու են միջուկային պատերազմի վտանգը: Ահա սա է թիվ մեկ խնդիրը: Մի՞թե Մեծ Յոթնյակի լիդերները չեն կանխատեսում այս վտանգը:
Գարիկ Քեռյան