Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Բաց նամակ՝ սփյուռքի մեր հայրենակիցներին

Բաց նամակ՝ սփյուռքի մեր հայրենակիցներին
09.07.2026 | 11:34

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

դուք, որ ճակատագրի ծանր հարվածի հետևանքով ապրում եք օտարության մեջ,

միացե՛ք մեզ և օգնության հասե՛ք Ձեր Մեծ Ծնողին ՝ մեր Ազգին և մեր Հայրենիքին։

Մենք բոլորս նույն Ազգի ու Հայրենիքի ՝ մեր մեծ Ծնողի զավակներն ենք: Այսօր օրհասական է մեր մեծ Ծնողի ու մեր մեծ Տան՝ Հայրենիքի վիճակը. մենք կարող ենք անդառնալիորեն կորցնել նաև Հայաստանը։ Մեզնից օտարեցին Արցախը՝ մեր Հայրենիքի ամենաթանկ հողակտորը, որի համար աշխարհի հզոր պետությունները պայքարում են ՝ իրենց ազդեցության ոլորտն ընդարձակելու համար։ Իսկ մենք մի՞թե չենք հասկանում նրա կարևորությունը, որ այդպես հեշտությամբ և առանց աչք թարթելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տրվելով քաղաքական ճնշումների՞ն, թե՞պայմանավորվածությանը, թշնամուն զիջեց ազատագրված հայոց ՀՈՂԸ։

Արցախը թանկ է ոչ միայն նրանով, որ նրա համար և նրա հողի վրա հազարավոր հայորդիների անաղարտ արյունն է թափվել, այլ նաև նրանով, որ նա քաղաքական բանալի է.

ում ձեռքին լինի Արցախի բանալին, նրա ձեռքին կլինի Կովկասի բանալին։

Եթե անդառնալիորեն կորցնենք մենք այդ բանալին, ապա շղթայական շարժումով կկորցնենք նախ՝ Սյունիքը, ապա ամբողջովին շրջափակված մի ափ Լոռի-Գեղարքունիքը։ Միակ կապը, որ կունենա Հայաստանը աշխարհի հետ, կլինի Վրաստանով, իսկ վրացիները թուրքիայի և ադրբեջանի ճնշման տակ մեզ ճանապարհ չեն տա։

Ի՞նչ անենք, կորցնե՞նք մեր Հայրենիքը, երբ սկսվել է աշխարհի դաժան վերաբաժանումը, և քաղաքական քարտեզներ են պատառոտվում և վերաձևվում։

Դարձյալ ՄԵ՞ՆՔ կորցնողը լինենք։

Մեզ Աստված հնարավորություն տվեց քավելու մեր պապերի մեղքը՝ ազատագրելով մեր Հայրենիքի մի հատվածը:

Մեր պապերն անփու՞յթ եղան, թե՞ չկարողացան պահել Հայրենի Հողը: Թող Աստված լինի դատավորը:

Հայտնի իրողություն է, և ամեն հայ չպիտի մոռանա՝

Աշխարհի բոլոր պատերազմները Հողի և այդ հողի վրա ստեղծված քաղաքակրթական և մշակութային արժեքների համար են:

Մեր Հողը մեր ժողովրդի նման տաղանդավոր է: Բայց մեր Հողի հանդեպ քաղաքական նկրտումներ ունեցող օտար ուժերը դարերով չեն թողել ,որ մենք պահենք մեր անկախ թագավորությունը և վայելենք մեր երազած անկախությունը, հզորացնենք մեր Հայրենիքը:

Նորագույն ժամանակներում պատմության բարեհաճությամբ մենք կարողացանք վերականգնել մեր պետականությունը մեր Հայրենիքի մի ափ հողի վրա։ Սակայն, դժբախտաբար,

իշխանության բերվեցին հակահայ, ապազգային մտածողությամբ մարդիկ, ովքեր նպատակաուղղված կազմալուծեցին ութսունականների շեն ու բարեկեցիկ, իր գիտական և արդյունաբերական հսկաներով Եվրոպայի հետ ոտք մեկնող Հայաստանը՝ իր երեք միլիոն բնակչությամբ: Մեր սիրելի Հայաստանն իր անկախության 35 տարիների ընթացքում երեք նախագահների և նրանց վարչակարգերի ոչ հայանպաստ գործունեության պատճառով սնանկացել էր, երկիրը հայաթափվում էր աննկարագրելի արագությամբ:

Թավշյա հեղափոխությունը, որ տարածաշրջանում հեղաշրջումների տրամաբանությամբ նույնպես ներդրվեց դրսից, ուներ իր քաղաքական - տնտեսական - բարոյական նպատակները։ Բայց սցենարն այնքան վարպետորեն էր գրված, որ մեր միամիտ ժողովուրդը բոլորանվեր հավատաց ու վստահեց հեղափոխության «առաջնորդին»։

Հեղափոխությանը ու նրա առաջնորդին գրեթե անվերապահորեն հավատացին նաև Սփյուռքի մեր հայրենակիցները։

Սփյուռքը մեր ժողովրդի կորուստների ծանր հետևանքն է, և հավատացե՛ք, որ չեմ կարող ասել՝ «Չկա չարիք, առանց բարիքի» ժողովրդական ինքնասփոփանքը, քանի որ դարերով մեր ժողովրդին բռնագաղթի են ենթարկել մեր հարևան և հեռավոր թշնամի պետությունները՝ մեր մշակութային – քաղաքակրթական շնորհներից օգտվելու համար։

Վերջին 111 տարիներին հայ ժողովուրդը մի քանի անգամ ենթարկվել է քաղաքական հետապնդումների, որոնք վերածվել են ցեղասպանության, բռնագաղթի, մշակութային և լեզվական կորստի։

Հարյուր տարում՝ 4-5 սերունդները գաղթօջախներում հիմնականում պահպանեցին իրենց ինքնությունը, սակայն ուծացման վտանգը օր-օրի ահագնանում էր։

Կար դրա գիտակցումը և հայ հանրության մեջ, այդ իսկ պատճառով անցյալ դարի կեսերից՝ մանավանդ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո կազմակերպվեց 1915 թվի Հայոց ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հայերի և նրանց ժառանգների հայրենադարձություն։ Ավանդական Սփյուռքը այս 100 և ավելի տարիներին համեմատաբար քիչ կորուստներ ունեցավ, քան՝ մի քանի դար առաջ։

Հայրենասիրական ոգին և ազգային մտածողությունը կրթության և եկեղեցու շնորհիվ պահպանվում էր, կար ձգտում դեպի Հայրենիք, սակայն խորհրդային գաղափարախոսությունը վանում էր շատ հայերի։

Թվում էր՝ օտարության մեջ ապրող մեր հայրենակիցները անկախության տարիներին պիտի գային իրենց երազած Անկախ Հայաստան, մինչդեռ հայրենադարձության փոխարեն մեզ պարտադրեցին ԲՌՆԱԳԱՂԹ…

Անկախության տարիներին կազմակերպված տնտեսական և բարոյական անկման պատճառով Հայաստանում մեր ժողովրդին դրդեցին արտագաղթի․ շատերը՝ գիտնականներ, բժիշկներ, մտավորականներ, արհեստավորներ, շինարարներ կորցրեցին իրենց աշխատանքը, ապրուստի միջոցներն ու հնարավորությունները և արտագաղթեցին խաղաղ և ապահով երկրներ։ Իհարկե դա արդարացում չունի, բայց և սերունդը ֆիզիկապաես փրկելու միջոց էր դա նաև։ Եվ այդպես ստեղծվեց նաև նոր Սփյուռք հասկացությունը։

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խոստովանությամբ՝ պատերազմող երկրի բանակը թողնվել էր խղճուկ՝ ութսունականների սովետա-ռուսական զենքերի հույսին, մինչդեռ ադրբեջանն անարգել ու ակնհայտ զինվում էր գերժամանակակից զենքերով: Իսկ մեր հանրապետության ժողովրդին և Ձեզ մոլորության մեջ էին գցում, թե մեր պաշտպանական գծերը գերժամանակակից կահավորումներ ունեն, մենք նույնպես գերժամանակակից զենքեր ունենք և անհրաժեշտ պահին անհամաչափ հարված կհասցնենք թշնամուն:

Ապրիլյան քառօրյա և 2020 թվի 44-օրյա պատերազմները բացահայտեցին իշխանությունների ստոր և դավաճանական սուտը: 44-օրյա պատերազմը և նոյեմբերի 9-ի եռակողմ կնքված պայմանագիրը, որն այդպես էլ պաշտոնական անվանում չունեցավ, բայց ես այն անվանեցի «դավադրագիր»։

«Եռակողմ այս դավադրագիրը քաղաքական և իրավական ոչ մի ուժ չունի, քանի որ կողմերից մեկը՝ Հայաստանի վարչապետը, լիազորված չի եղել Արցախի Հանրապետության անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ:

Դեռ մինչև պատերազմը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումը պահանջող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ պնդում էր, որ ինքը լիազորված չէ Արցախի ժողովրդի անունից բանակցելու կամ որևէ որոշում կայացնելու, քանի որ ինքը՝որպես վարչապետ, չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից: Վարչապետը միտումնավո՞ր էր ասում, թե՞ իսկապես չգիտեր 1989թ. Դեկտեմբերի 1-ի ՝ ՀՀ և ԼՂԻՄ Գերագույն խորհուրդների միաժամանակյա որոշման մասին, որով հաստատվում է ԼՂԻՄԻ վերամիավորումը Հայաստանին: Նա 10 տարի եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր և գոնե մեկ անգամ պետք է, որ լսած լիներ այդ որոշման մասին: Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2020թ․ նոյեմբերի 9-ին, երբ դեռ ընթանում էր արցախյան պատերազմը, անսպասելի, մի քանի րոպեում, առանց Արցախի ղեկավարության և ժողովրդի գրավոր համաձայնությունը ստանալու, անգամ առանց Հայաստանի ժողովրդին տեղեկացնելու, ստորագրում է, ուշադրություն՝ Արցախի և Հայաստանի կապիտուլյացիայի մասին մի թուղթ, որը, կրկնում եմ, իավական որևէ ուժ չունի, քանի որ նախ՝ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես պատերազմող կողմ չի համարվում և հետևաբար բացառվում է Հայաստանի կապիտուլյացիայի պահանջը և այն հաստատող որևէ փաստաթղթի ստորագրումը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, իրավա-քաղաքական տեսակետից, պաշտոնապես Ադրբեջանի հետ պատերազմող կողմ չի եղել, հետևաբար նաև չի կարող որևէ պետության կողմից ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ և տարածքային կորուստներ ունենալ, և առավել ևս օրինական և իրավական չէ այդ ստորագրությունը, քանի որ վարչապետը, իր իսկ խոսքերով, նաև լիազորված չէ Արցախի ժողովրդի կողմից՝ նրա քաղաքական և ռազմական ճակատագրի վերաբերյալ որևէ որոշում կայացնելու:

Կարծում եմ, մեր քաղաքագետները և իրավաբանները պետք է այս հարցը դնեն քննարկման:

Եթե ՀՀ վարչապետի վրա եղել է քաղաքական և իրավական անհամաչափ ճնշում դրսից, ուրեմն նա անհապաղ, պետք է հրաժարական տար, իսկ մինչև հրաժարական տալը, պետք է կառավարություն հրավիրեր քաղաքագետների և հեղինակավոր քաղաքական գործիչների, ներկայացներ իրավիճակը, խորհրդակցեր, ձևավորեր նոր կառավարության կազմը, ապա հրաժարական տար: Հակառակ դեպքում ՝ նրան պետք է պարտադրվեր հրաժարական տալը, որովհետև դա կհեշտացներ այդ դավադրագրի հետագա բողոքարկումը և կասեցումը: Երբ նոյեմբերի 9-ին Փաշինյանը, մեր ժողովրդի կամքին հակառակ, անակնկալ ստորագրեց այդ ազգակործան դավադրագիրը և կամավոր հրաժարական չտվեց, այդ պարագայում ՀՀ Նախագահը պիտի քաղաքական հայտարարություն աներ այդ կապակցությամբ, պահանջեր վարչապետի հրաժարականը և ստանձներ երկրի ժամանակավոր կառավարման պատասխանատվությունը, մինչև կստեղծվեր ժամանակավոր կառավարություն:

Ավա՜ղ, չեղավ և դա:

Այս դավադրագիրը, որքան էլ որ իրավական ուժ չունի, իսկ դա մենք պետք է հաստատենք իրավաբանորեն, միևնույն է, Հայաստանի համար ծանրագույն հարված է դարձել և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական, և՛ ռազմական տեսանկյուններից»:

2020 թվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո երբ ծանոթացա Հայաստանի և Արցախի հանրապետությունների հանդեպ քաղաքական այդ դավադրությանը, նոյեմբերի 13-ին իմ ֆեյսբուքյան էջում այս գրառումը կատարեցի։

Այս իրավիճակը նկատի առնելով՝ ես հասկացա, որ և՛ պատերազմը, և՛ պարտությունը եղել են պայմանավորված մեր թշնամու հետ։

Աշխարհում բոլոր ժամանակներում պարտված թագավորներին, կայսրերին, շահերին, սուլթաններին գահընկեց են արել, իսկ նախագահների և վարչապետների հրաժարականն են պահանջել։ Ցավալի և անընդունելի էր, որ պատերազմում պարտվելուց հետո Հայաստանում Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, որովհետև հակակշիռ էր դրվել «նախկինների» իշխանության վերադարձը։ Թեև այդ նույն տարում ապացուցվեց, որ «նախկիններին» հնարավորություն տրվեց մասնակցելու ընտրություներին և Ազգային Ժողովում դառնալ «ընդդիմություն», իսկ թե ինչպիսի՞ ընդդիմութուն էին նրանք 5 տարի, բոլորս տեսանք ու համոզվեցինք, որ նրանք նույն սցենարի համերաշխ դերակատարներն են եղել։

2026 թվի հունիսի 7-ի ընտրությունները նախորդի կրկնությունն էին՝ ձևականորեն նաև այլ քաղաքական նոր ուժեր ներգրավելով, որոնք դուրս թողնվեցին։

Այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, որն ուղեկցվում է բռնություններով, Սահմանադրության խախտումներով, թշնամու պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելու և Անկախության Հռչակագրից հրաժարվելու պատրաստակամությամբ․

եթե չկա Անկախության Հռչակագիր, չկա անկախ պետություն․ սա ապացուցելու կարիք չունի։

Սիրելի՛ Հայրենակիցներ, Մեր Հայրենիք-պետությունը ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ է օտար քաղաքական ուժերին ծառայող, ազգակործան քաղաքականություն վարող պաշտոնյաների կողմից, որոնց թալանած հարստությունը ՀՀ Բյուջեի հարյուրապատիկը կարող էր լինել: Իսկ նոր իշխանությունները այդպես էլ թալանածը չազգայնացրին, մինչդեռ հեղափոխություն կոչվածի օրերին Փաշինյանը խոստացավ ժողովրդին վերադարձնել պետությունից թալանվածը։ Թալանը շարունակվեց՝ ՀՀ արտաքին պարտքը կրկնապատկելով։

Այս հետընտրական օրերին, երբ «ընդդիմադիր» կողմը փորձեց ապացուցել ընտրական աննախադեպ խախտումները պետական ռեսուրսների օգտագործման և կոպիտ խախտումների հետևանքով , ՀՀ Սահմանադրական դատարանը անտեսեց դա և ՔՊ կուսակցության հավաքած քվեները համարեց անցողիկ և առավել․․․Դաշտում մնացին երկու քաղաքական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմը, որոնք հասկանալի չէ, թե ի՞նչ պետք է անեն՝ վերցնեն պատգամավորական մանդատները և դառնան խամաճիկ «ընդդիմություն», ինչպես նախորդ ընդդիմությունն էր, թե՞ կհրաժարվեն մանդատից՝ հարցականի տակ դնելով Ազգային ժողովի իրավասու՝ լեգիտիմ լինելը․․․ որից էլ կախված կլինի Փաշինյանի պաշտոնավարությունը։

Սիրելի՛ Քույրեր և Եղբայրնե՛ր, միացե՛ք Հայրենիքում ապրողներիս՝ հանուն մեր բոլորի զավակների, որոնք պահում են մեր Հայրենիքը, բայց ապրում են սոցիալական և բարոյա-հոգեբանական ծանր պայմաններում, սակայն Հայրենիքից չեն հեռանում։

Մենք իրավունք չունենք մնալու ԱՆՀԱՅՐԵՆԻՔ և ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ։

Արձագանքե՛ք մեր կոչին և հորդորին և ճնշում գործադրե՛ք մեր երկրի առաջին պաշտոնակատարի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա՝ պահանջելով վարչապետի և նրա ապազգային վարչակարգի հրաժարականը։

Մյուս՝ առաջիկա խնդիրը կլինի Ժամանակավոր կառավարության ստեղծումը և հետագա նոր Կառավարության և Ազգային ժողովի ընտրությունները, պետական կառույցների մաքրումը ապազգային և կոռումպացված պաշտոնյաներից և նրանց կոռուպցիոն վարքագծից։

Մեր կորուստներն այս պատերազմում անչափելի են եղե։

Մեր երկիրը կառավարող վարչապետն իրավունք չուներ Արցախն ու նրա շուրջ ազատագրված տարածքները անպատասխանատու և անփույթ կերպով համձնելու թշնամուն, իսկ երիտասարդ զինվորների անհամաչափելի կորուստն ու հաշմանդամ դառնալը անդառնալի հարված է մեր ժողովրդի գենետիկ ֆոնդին, որն էլ հոգեկան մեծ ցավ դարձավ ողջ ազգի համար։

Բայց հուսահատվելու ժամանակը չէ։

Աշխարհում ամենաանկայուն բանը պետությունների քաղաքական քարտեզն է։

Մեծն Արքայից Արքա Տիգրան Մեծն ուժ է տալիս մեզ իր հավատով և իմաստությամբ․

Մենք դեռ կարող ենք

Եռաթև նետի սլացքով անկանգ

Գծել նորովի սահմաններն Հայքի...

2021 թվից մինչև այսօր՝ 2026 թվի հունիս-հուլիսը, Հայաստանը հայտնվել է անդունդի եզրին և քաղաքական ու ռազմական որևէ փրկարար գործողություն չի կատարվում, ընդհակառակը, կառավարության առաջին ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լեզվի մի պտույտով Արցախը հանձնեց ադրբեջանին, 120 հազար արցախցիներին ենթարկեց բռնագաղթի՝ զրկելով նրանց Հայրենիքից , տուն ու տեղից և ունեցվածքից։ Նա հետևողականորեն թուլացնում է ՀՀ պետականության հիմքերը, մաս-մաս թշնամուն է բաշխում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքները, և ծաղրում ու հեգնում է մեզ, որ ունեցածներդ այս մի ափ Հայաստանն է՝ կրծքին ամրացնելով Հայաստանի վիրավոր և արդեն իսկ 200 քկմ կարևոր ռազմավարական տարածքներ ադրբեջանին հանձնած, 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու պատրաստակամությամբ, Սյունիքի «միջանցքը» թուրանական ծրագրին տրամադրելով, ադրբեջանական կեղծ երեք անկլավները հանձննելու խոստումով, Հայաստանի Հանրապետությունը ալիևի բարբաջանքով արևմտյան ադրբեջան հայտարարելու պահանջին չհակադրվելով։

Սիրելի՛ Հայեր Հայաստանում և Համայն աշխարհում,

վարչապետը մեզ վերջնականապես զրկում է Հայրենիքից և Պետությունից, հեգնելով ու ծաղրելով համայն Հայությանը, թե կարևորը ոչ թե Հայրենիքն է, այլ պետությունը։

Բայց ու՞մ պետությունը։ Մեր հայրենակիցների մեծ մասն ապրում է աշխարհի տարբեր պետություններում, արդյոք դրանք մեր՝ Հայերիս, Հայրենիքն են։

Սա դարձյալ իրեն հատուկ բառախաղ-մանիպուլյացիան է։

Սիրելի՛ հայրենակիցներ, քույրե՛ր ու եղբայրնե՛ր,

Մեր կոչն ու հորդորն ուղղված է հենց ՄԵԶ՝ ՀԱՅԵՐԻՍ․

Արթնանանք մահաբեր թմբիրից, տե՛ր կանգնեք մեր երկրին․

օտար երկրում երևութական հանգիստ ապրելը չի կարող փոխարինել մեր Հայրենիք Պետությանը և Հայրենիք ու Պետություն ունենալու երջանկությանն ու հոգեկան հանգստությանը։

Վաղը ուշ կլինի։ Ուշացնում ենք մեր միաբանվելը։

Չուշանանք անդառնալիորեն։

Միացե՛ք մեր կոչին, Սփյուռքը հզոր ՈՒԺ Է։

Մեր Հայրենիք-Պետության ներկայով և ապագայով, նրա գոյության

շարունակականությամբ տագնապած մի խումբ

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ անունից՝

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

07․07․2026թ․

Երևան

Դիտվել է՝ 97

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ