Նարեկացու Մատյանը մեր ժողովրդին ուղեկցելու է իր ողջ կյանքի ընթացքում: Դա արդեն փաստվել է ավելի, քան մեկ հազարամյակով և շարունակում է փաստվել այսօրվա բուռն հետաքրքրությամբ դեպի այդ բանաստեղծական ու մտքի տիեզերական թռիչքներով սավառնող գանձարանը:
ՄԱՏՅԱՆԸ Սուրբ Գիրք է, ինչպես որ Սուրբ Գիրք է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Աստվածաշնչում խոսում է Աստված, և հետո խոսում է նրա Որդին, Մատյանում խոսում է Գրիգոր Նարեկացին՝ նույնպես համայն ժողովուրդների ու նաև Աստծո հետ: Ազգովին փորձում ենք հասկանալ, թե ինչ է խոսում մեր ոգեկիրը, որպեսզի ասենք նաև ուրիշներին. այդ նպատակով նրա խոսքը դուրս բերելով գրաբար լեզվի զգեստավորումից տեղափոխում ենք արևմտահայ և առավել արևելահայ աշխարհաբար լեզուների զգեստների մեջ։
Մինչ այժմ ինչ արվել է թե՛ ուսումնասիրության, թե՛ փոխադրության ասպարեզներում, արժանի է շատ բարձր գնահատականի, մանավանդ՝ խոնարհումի, որովհետև հիմնականում դրանց միջոցով սնվեցինք Նարեկացիով, և եթե ուզում ենք լայն զանգվածներին ինչ-որ բան ասել Նարեկացուց, նրանք էլ, կարծում ենք, ըմբռնում են, թե խոսքն ինչի, կամ ում մասին է։
Նարեկագիտության նեղ շրջանակներում վերջին աշխատանքը, որին ծանոթացել էի, փիլիսոփայության դոկտոր Հրաչիկ Միրզոյանի «Նարեկացիագիտական հետազոտություններ» աշխատությունն էր: Նպատակը՝ Նարեկացի-մարդու գրեթե անհայտ կենսագրությունն ու կերպարը բացահայտելն է: Հեղինակը մանրակրկիտ հետազոտությամբ, Մատյանի տարբեր գլուխներում «կոդավորված» տողեր իրար կողքի դնելով, կատարելով նաև թվաբանական հաշվարկներ, փորձ է անում ծանոթացնելու, համոզելու ընթերցողին, որ Նարեկացին իր կենսագրությունը «կոդավորել» է Մատյանի մեջ: Իհարկե, դա լուրջ միտում է, ինչին պետք է վերաբերվել լրջորեն:
Եվ ահա Մաքսիմ Ոսկանյանի պատրաստած այս հատորը մի բոլորովին նոր մոտեցում է Մատյանին և Նարեկացուն: Այս թարգմանությունը ոգեկոչված է բնագրին առավելագույնս հարազատ մնալու միտումով թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ: Գրաբարին տիրապետելու Մաքսիմ Ոսկանյանի հմտությունը կասկածելի չէ. մինչ այս, կամ սրան զուգահեռ «Հայ իրավական մտքի հուշարձաններ» մատենաշարով նա թարգմանել և հրատարակել է մի քանի չափազանց արժեքավոր աշխատություններ՝ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրքը», Ներսես Լամբրոնացու «Քաղաքային օրենքը», ապա կազմել, խմբագրել և հրատարակել է Ներսես Շնորհալու երկերի և Հովհաննես Օձնեցու երկերի ընդհանուր ժողովածուները, Դավիթ Ալավկա Որդու «Կանոնական օրինադրությունը», այժմ էլ հրատարակության է պատրաստում «Որոգայթ փառացը»: Նրա գրաբարից կատարած փոխադրությամբ, վերջերս, ընթերցողներիս առջև դրվեց Աստվածաշնչի «Սաղմոսարանը»: Որ բանաստեղծական արվեստին տիրապետում է նույնքան բարձրակարգ հմտությամբ, նույնպես անկասկած է. վկա են նրա հեղինակած բանաստեղծությունները, հրատարակած ժողովածուները, նաև «Համաշխարհային պոեզիա» մատենաշարով լույս ընծայված՝ Մատյանի մի շարք գլուխների տողատումով արված նրա թարգմանությունը:
Արդեն ասել ենք, որ բանաստեղծական տողատումներով թարգմանությունները հիանալի նվեր եղան ժամանակակից ընթերցողներին: Սակայն չենք կարող անտեսել, որ բանաստեղծական բարձրագույն ոգով և բանաստեղծական անօրինակ շռայլ պատկերավորությամբ գրված Մատյանը շարադրված է արձակ տեքստով և տեսքով: Հենց դրան էլ հավատարիմ է մնացել Մաքսիմ Ոսկանյանը՝ ականջալուր լինելով Մեծն Աղոթողի բազմանգամյա հորդորներին, թե՝ իր Մատյանը աղոթագիրք է, թե ներշնչված է բազում ճգնավորների, անապատականների հորդորներից, որ իրենց համար մի աղոթագիրք հորինի իրենցից մեծագույն ճգնավորը, որ իրենք իրենց աղոթքը կատարելով մխիթարվեն և ազատվեն մեղքերից. «…որ /գրեցինք/ մենակյաց հայրերի և բազմաթիվ անապատականների խնդրանքների ու հայցման համաձայն Գրիգորի՝ Նարեկա վանքի վանականի Մատյան ողբերգությանը»:
Ավելի համոզիչ ապացույց, քան իր՝ Նարեկացու այս վկայությունն է, որին հղում է կատարում Մաքսիմ Ոսկանյանը, փնտրելն անիմաստ է: Բայց այս վկայության գագաթները գտնվում են դավանաբանական այն ընդարձակ գլուխներում /ՀԵ, ՂԲ, ՂԳ/, որոնք, կասկած չկա, գաղափարական բռնության պատճառով զանց են առնվել նախորդ թարգմանություններում: Մենք մինչ այժմ հաշտ էինք այն մտքի հետ, որ այդպես էլ պետք է լիներ հանուն ինչ-որ կերպ ստեղծագործությունը լույսաշխարհ բերելուն, բայց հաշտ չէինք այն ենթադրությունների հետ, թե այդ գլուխները Նարեկացու գրչին չեն պատկանում:
Մաքսիմ Ոսկանյանն այս իմաստով ևս անգնահատելի ծառայություն է մատուցում թե՛ Նարեկացուն, թե՛ մեզ՝ նրա երկրպագու ընթերցողներիս, մեկընդմիշտ ցրելով այդ թյուր ենթադրությունը: Նարեկացին իր գործի դավանական նպատակն ու մեկնակետը շարադրում է հենց այդ գլուխներում՝ հականե-հանվանե: Ուրեմն՝ տարակույս չկա, որ դրանք գրել է Նարեկացին, Մատյանն էլ անվանելով Աղոթագիրք Մատյան, որ միանգամայն հասկանալի և ընդունելի է: Սրանով նաև վճռականորեն հերքվում են օտարների այն սին ենթադրությունները, թե իբր Նարեկացու մատյանում օտար հեղինակի կամ մատյանին մաս չկազմող ներդրումներ կան:
Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ
Հ․Գ․
ՆԱՐԵԿԸ՝ Մաքսիմ Անդրանիկի Ոսկանյանի փոխադրությամբ և Ռազմիկ Դավոյանի խմբագրությամբ ու ողջերթի խոսքով, օրերս վերահրատարակվել է։
Աղոթամատյանը կարող եք ձեռք բերել «Բուկինիստի» գրախանութներում,
«Շողակաթ» հոգևոր գրախանութում և Հրատարակչի՝ «Լուսաբացի» գրախանութում։
Հասցեն․ Երևան, Պուշկինի 46։
Հեռ․ +374 10 530647, +374 55 78 47 87