Երեկ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, փաստորեն, արհամարհանքով արտահայտվեց Թրամփի ուղի-Թրիփփ նախագծի վերաբերյալ Իրանի ղեկավարության բազմիցս հնչեցրած մտահոգությունների մասին։
«Մտահոգությունը ո՞րն է,- բառացիորեն ասաց նա՝ հավելելով:- Պետք է հստակ ձևակերպվի, թե մտահոգությունն ինչի՞ մասին է»։ Իբր գաղափար էլ չունի, թե խոսքն ինչի մասին է։
Ըստ նրա, ամենակարևորն այն է, որ Հայաստանի վրայով «գնացքները պետք է գնան-գան, ավտոմեքենաները՝ անցնեն, պետք է իրականացվի էլեկտրաէներգիայի տարանցում, հնարավոր լինեն գազամուղներ, նավթամուղներ, խողովակաշարեր և մալուխներ»։ Փաշինյանի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է րոպե առաջ սկսել աշխատանքները, և ինքն էլ (իմա՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Թուրքիան և Ադրբեջանը) հույս ունի, որ արդեն այս տարվա աշնանը գետնի վրա կսկսվեն նախագծի իրականացման աշխատանքները։
Սակայն ավելի ուշագրավ էր մեկ այլ հայտարարություն։ Բացի Իրանի նկատմամբ դրսևորված արհամարհական վերաբերմունքից, Փաշինյանի խոսքում հնչեց նաև սպառնալից ակնարկ, ըստ էության, շանտաժ. Իրանից դեպի Սև ծով Հայաստանի տարածքով հաղորդակցության ուղին, նրա ներկայացմամբ, հնարավոր կլինի բացել միայն ԹՐԻՓՓ նախագծի իրականացման դեպքում. «ԹՐԻՓՓ նախագծի իրականացմամբ մենք կբացենք Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղային կապը։ Թրիփփ-ը գլոբալ նախագիծ է, և գնալով հասկանալի է դառնում, որ այդ նախագծի արժեքն ու նշանակությունը մեծանում է»։
Իսկ վերջում Փաշինյանը դաս տվեց Իրանի ղեկավարությանը. մեծամտորեն հայտարարեց, թե ԹՐԻՓՓ նախագիծը (որի գործածական հոմանիշներն են, չմոռանանք, «Թրամփի ուղի» ու «Զանգեզուրի միջանցք») բխում է Իրանի շահերից։
Ի՞նչ պետք է եզրակացնենք այս ամենից։ Փաշինյանն այնքան խորապես է կախված ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Թուրքիայից և Ադրբեջանից, որ նախընտրում է չտեսնելու տալ Իրան-ԱՄՆ ընթացիկ պատերազմը, չի ցանկանում հաշվի նստել իր անմիջական հարևան գերտերության շահերի հետ, չի ուզում լսել հենց նույն օրը Իրանում հողին հանձնված առաջնորդի գերեզմանի մոտ հավաքված միլիոնավոր իրանցիների կատաղի որոտը՝ «Մահ Թրամփին» և «Մահ ԱՄՆ-ին» կարգախոսները։
«Մտահոգությունը ո՞րն է»,- քմծիծաղ է տալիս նա՝ անտեսելով նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի ընդամենը մեկ օր առաջ հնչեցրած միանգամայն հստակ նախազգուշացումը Իրանի սահմանակից բոլոր պետություններին, այդ թվում՝ Հայաստանին, իրենց տարածքում ԱՄՆ-ի ռազմական ներկայություն թույլ չտալու վերաբերյալ։ Հակառակ դեպքում, ընդգծել էր նա, կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ Պարսից ծոցի այն երկրների հետ, որոնք ենթարկվեցին Իրանի հարվածներին, մինչդեռ ԱՄՆ-ը չկարողացավ պաշտպանել նրանց։
Այս ամենը Փաշինյանին չի հուզում։ Նրա համար առաջնային է, որ իրեն հովանավորող Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի վրայով միանան ու դրանով բավարարեն նաև ԱՄՆ-ի և Արևմուտքի հակաիրանական և հակառուսական աշխարհառազմավարական նպատակները։
Իսկ մեզ բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից, նրա բացարձակ արհամարհանքը Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերի նկատմամբ։
Հայաստանում ծանր ժամանակներ են. օտար տիրապետություն և բացահայտ բռնապետություն։ Այլևս՝ առանց դիմակի։
Արմեն Այվազյան