Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Կինոն ռազմավարական հզոր զենք է-8

Կինոն ռազմավարական հզոր զենք է-8
10.07.2026 | 18:20

Սկիզբը՝ այստեղ


(կամ՝ Էկրանային «սրբերն» ու պատմական մարդակերները)

Մաս առաջին

Ներկայիս հիբրիդային պատերազմներում էկրանը վաղուց այլևս ժամանցի վայր չէ։ Այն դարձել է աշխարհաքաղաքական ազդեցության և հոգեբանական նվաճման հզորագույն հարթակ:
Ցավալիորեն տեղեկատվական այդ պատերազմներում հայկական միտքը հիմնականում պարտվում է ոչ թե փաստերի պակասից, այլ սեփական կերպարի սխալ կերտումից։
Տասնամյակներ շարունակ հանրային գիտակցությանը պարտադրվել է «լացող, կոտորվող, հարվածներ ընդունող և աշխարհից արդարություն մուրացողող թույլ հայի» կեղծ ու վտանգավոր տեսակը։
Ասել է՝ հայկական մեդիադաշտն ընկրկել է տեղեկատվական ճնշման առաջ՝ ինքնակամ տեղավորվելով «զոհի հոգեբանության» կաղապարում՝ էկրաններից հանդիսատեսին հրամցնելով միայն պասիվ պաշտպանվողի ու լացակումած կերպարներ:
Մինչդեռ թշնամու պսևդոպատմական հեքիաթներին դիմակայելու միակ ճանապարհը սեփական մեդիա-զենքի ստեղծումն է:
Որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող է հայկական պատմական իրականությունը վերածվել թշնամու քարոզչությունը ջախջախող ռազմավարական զենքի, պատկերացնենք չորս մասից բաղկացած էպիկական հեռուստասերիալ՝ «Լևոն Մեծագործ. Արևելքի Առյուծը» (միջազգային շուկայի համար՝ «Leo the Great: Lion of the East») անվանումով։
Ինչու՞ հատկապես այդ վերնագիրը։
Որովհետև այն համապարփակ լուծում է մի քանի կարևոր խնդիր։
Համաշխարհային հանդիսատեսին, որը մեծացել է Ռիչարդ Առյուծասրտի մասին պատմող ֆիլմերով, այս անվանումն ակնթարթորեն հուշու-հասկացնում է, որ Արևելքում գոյություն է ունեցել նրան հավասարազոր կամ ավելի հզոր քրիստոնյա միապետ:
Այն ուղղակիորեն ձուլվում է Ռուբինյանների տոհմական զինանշանին՝ Առյուծին, որը ներառված է սցենարի բոլոր արարներում:
Ջախջախում է պասիվ պաշտպանվողի կերպարը՝ էկրան բերելով հարձակվող, ռազմատենչ ու տիրական հայի կերպարը:
Առաջարկվողը ոչ թե սովորական ֆիլմ է, այլ իսկական մեդիա-հարված, որը վերականգնում է պատմական արդարությունը, հային ներկայացնում է որպես նախահարձակ ուժ և հանդիսատեսի մեջ արթնացնում պետականակենտրոն, անդրդվելի կամքի գենետիկ հիշողությունը:
Ներկայացվող սցենարական պատառիկը հակազդեցության կոնկրետ գործիք է՝ աշխատող «Մեդիա-զենք»։
Սա պատմական էքսկուրս չէ, այլ հոգեբանական կոդի փոփոխություն։
Կիլիկյան Հայաստանի և Լևոն Բ-ի (Մեծագործի) կառավարման մասին պատմող դրվագը պատահական չի ընտրված։
Այն մերկացնում է երկու հիմնարար փիլիսոփայական բախում.
1․ Իշխան Ռուբենի կուրությունը, որը հավատում էր կեղծ խաղաղությանը, «քրիստոնեական եղբայրության» պատրանքներին և պատրաստ էր երկրի անվտանգությունը զոհել հանուն անորոշ հաշտության։
2․ Լևոնի ռազմավարական սթափությունը, որը գիտակցում էր՝ թշնամին հարգում է միայն ուժը։ Իսկ իրական, արժանապատիվ խաղաղությունը ոչ թե մուրում են, այլ պարտադրում՝ սուրը սեղմելով հակառակորդի կոկորդին։
Ստորև ներկայացվող 55-60 րոպեանոց առաջին սերիայի կոնցեպտը կոտրում է «զոհի սինդրոմը»։
Այն համաշխարհային հարթակում հային ներկայացնում է որպես նախահարձակ, ուժեղ, կոշտ ու հաշվարկող քաղաքական գործոն, որն ի վիճակի է սեփական խաղի կանոնները թելադրել Միջերկրական ծովում։
Սա այն է, ինչ մեզ անհրաժեշտ է ներքին դիմադրողականությունը վերականգնելու և արտաքին աշխարհի հետաքրքրությունը շարժելու համար։

Պրոլոգ (նախաբան- արյունոտ մարտ)

Տավրոսի լեռների դաժան, ատամնաձև կատարներն ու խոր կիրճերը ծածկված են կաթնավուն, թանձր մառախուղով։ Լռությունը բացարձակ է, գրեթե տագնապալի։ Ժայռերի արանքով ձգվող նեղ, վտանգավոր կածաններից մեկով առաջ է շարժվում սելջուկ թյուրքերի 50 քոչվորից բաղկացած հեծելազորային ջոկատը։ Նրանց ձիերը ծանրաբեռնված են հայկական հարուստ շեներից ու վանքերից թալանված ավարով՝ ոսկյա սրբապատկերներ, արծաթյա սկիհներ ու գերեվարված կանանց աղեկտուր հայացքներ։ Քոչվորները վստահ են՝ իրենք անպատժելի են. լեռներն իրենցն են, զոհը՝ անպաշտպան։

Հեղինակային դիտարկում (մեդիա-մեկնաբանություն)

Սա հենց այն կետն է, որտեղ թուրքական կինոքարոզչությունը՝ TurkDizi-ին, միացնում է իր կեղծարարության մեքենան. նրանց ֆիլմերում այս քոչվորները ներկայացվում են որպես «արդարություն և քաղաքակրթություն բերող ազատարարներ», իսկ տեղաբնիկ հայերը՝ որպես «դավադիր ու թույլ» տարրեր։
Բայց թանձր մշուշն անսպասելիորեն ճեղքում է հայկական պղնձաձույլ շեփորի շանթահարող ձայնը, որն արձագանքում է կիրճերում։ Նույն վայրկյանին ժայռերն ասես կենդանանում են։ Մառախուղի միջից, որպես արդարադատության անդեմ ուրվականներ, հայտնվում են հայ քաջարի նետաձիգները։ Օդը լցվում է բաբախող աղեղների ու մահաբեր նետերի սուլոցով։ Սկսվում է կատաղի, արյունոտ մարտը։ Փոշին, արյունն ու մետաղի զրնգոցը խառնվում են իրար։
ՈՒ հանկարծ, մարտի ամենաթեժ պահին, կատարյալ հանդգնությամբ, առանց սաղավարտի՝ բաց, արժանապատիվ դեմքով ու քամուն տված վարսերով, սլացիկ նժույգով ներխուժում է երիտասարդ Լևոնը՝ ապագա Մեծագործ արքան։ Նրա հայացքում չկա վախ, կա միայն տիրոջ վճռականություն։ Մեկ կայծակնային, անվրեպ հարվածով նա տապալում է սելջուկների հրամանատարին, ձիուց վայր գցում թյուրքական պղծված դրոշն ու սեփական ձեռքով վերցնում այն՝ որպես հաղթության ավար։
Մարտի աղմուկը աստիճանաբար մարում է։ Երիտասարդ իշխանը կանգնում է ժայռի կատարին։ Նա հառում է հայացքը դեպի պատռված ամպերն ու երկինք՝ շշուկով հայտնելով իր խորին գոհունակությունն ու փառք տալով Բարձրյալին։
Ապա Լևոնը շրջվում է և նայում ներքև՝ այնտեղ, որտեղ մշուշի միջից բացվում է Միջերկրական ծովի անհուն, կապուտակ հորիզոնը։ Այդ հայացքի մեջ ոչ թե պարզապես հաղթանակած ռազմիկ է, այլ ապագա հզոր թագավորության հիմնադիրը, որն էկրանից կարող է աշխարհին պատմել, թե ով է լեռների և ծովերի իրական տերը։

Հեղինակային դիտարկում (մեդիա-մեկնաբանություն)

Սա պատմական իրականության այն հզոր հարվածն է, որից այդքան վախենում է թուրքական պետական կինոստրատեգիան։ Նրանք միլիոնավոր դոլարներ են ծախսում «Արթնացում. Մեծ Սելջուկներ» կամ «Հարություն. Էրթուղրուլ» տիպի սերիալների վրա, որպեսզի էկրաններից ջնջեն հայկական հզոր պետականության, Կիլիկյան ասպետության և հայ ռազմիկի այս կերպարը՝ փոխարինելով այն սեփական հորինված նաղլով։ ՈՒստի, կինոն իրոք ռազմավարական զենք է, և ով տիրում է էկրանին, նա էլ փորձում է տիրել պատմությանը։
(Տեսարանը տեղափոխվում է Կիլիկիայի վարչական կենտրոն՝ լեռներում թաքնված Վահկա, ուր և Լևոնը վերադառնում է հենց այս հաղթանակով ու բախվում եղբոր՝ Ռուբենի «կեղծ խաղաղության» թեզերին...)

Առաջին արար: Իշխանանիստ Վահկա ամրոց. 1185 թվական

Ռուբինյանների տոհմական անառիկ ամրոցի շքեղ, սրբատաշ քարերով կերտված արքունական սրահը։ Պատերին հպարտորեն ծածանվում են Ռուբինյան առյուծներով հանրահայտ դրոշները։ Սրահում ակնառու է հայկական արքունիքի քաղաքակրթական բարձր մակարդակն ու հարստությունը, որը կապում է Արևելքն ու Արևմուտքը՝ Չինաստանից բերված նախշազարդ մետաքսներ, վենետիկյան հայելիներ, եվրոպական ասպետական նրբակերտ սրեր և արևելյան ծանր, կոփածո զենքեր։
Բացվում են դարպասները։ Ներս է մտնում երիտասարդ Լևոնը՝ հաղթական ջոկատով, սելջուկներից խլված դրոշներով ու ավարով։ Բայց արքունիքում նրան սպասում է ոչ թե ցնծություն, այլ քաղաքական սառը հանդիմանություն։
Ավագ եղբայրը՝ Կիլիկիայի տեր իշխան Ռուբեն III-ը, մտահոգ, ձեռքին արաբերեն գրված մագաղաթը, ընդառաջ է գալիս և դժգոհությամբ քննադատում Լևոնին սելջուկների վրա հարձակվելու համար.
- Դու նորից արյուն հեղեցիր, Լևո՛ն,- Ռուբենի ձայնում հոգնածություն կա ու տագնապ։- Մենք խաղաղություն ենք կառուցում այս աշխարհում, դժվարին, փխրուն խաղաղություն։ Առևտրային կապեր, պայմանագրեր... Մեզ պետք չէ նոր պատերազմ։ Մի՞թե չես հասկանում, որ զենքի ճոճումը միայն գրգռում է թշնամուն։
Լևոնը քայլ է անում առաջ, սուրը ցած է դնում զենքերի սեղանին։ Հայացքն անքթիթ է, զուրկ որևէ պատրանքից։
- Նրանք խաղաղություն չեն ուզում, եղբա՛յր, և երբեք չեն ուզել։- Լևոնի ձայնը հնչում է որպես նախազգուշացում,- այն, ինչ դու անվանում ես «խաղաղության կառուցում», նրանց համար սոսկ ժամանակ շահելու միջոց է։ Քանի դեռ դու թուղթ ես ստորագրում, նրանք սրում են իրենց թրերը։ Նրանք չեն հանդուրժելու մեր հողը, մեր քրիստոնյա տեսակը, մեր ինքնիշխանությունը։ Կեղծ խաղաղության օրակարգով դու թուլացնում ես երկրի դիմադրողականությունը։ Եթե մենք այսօր չհարվածենք նրանց կիրճերում, վաղը նրանք կոտորելու են մեզ մեր իսկ տներում։
Հեղինակային դիտարկում (մեդիա-մեկնաբանություն). Սա այն առանցքային երկխոսությունն է, որը TurkDizi-ն իր նվաճողական սերիալներում երբեք թույլ չի տա ցուցադրել: Թուրքական կինոարտադրության մեջ տեղաբնիկ քրիստոնյա՝ հայ կամ բյուզանդացի իշխանները միշտ պատկերվում են որպես նենգ, թույլ, վախկոտ և դաշնակցության անընդունակ: Նրանք էկրանավորում են միայն սեփական «խաղաղարար առաքելությունը»՝ կադրից դուրս թողնելով պատմական այն ճշմարտությունը, որ քոչվոր ցեղերի ներխուժումը բնիկների համար եղել է էկզիստենցիալ սպառնալիք, իսկ հայկական կողմն ունեցել է պետականակենտրոն, հեռատես և մարտունակ էլիտա՝ ի դեմս Լևոնի:
Ռուբենը չի հասցնում պատասխանել։ Արքունական սրահ է մտնում Անտիոքի դրոշներով դեսպանը։ Նա խոնարհվում է և առաջ բերում Անտիոքի դքսի՝ Բոհեմունդ III-ի ոսկեդրոշմ նամակը։
- Մեծարգո՛ իշխան Ռուբեն,- նենգ, լպրծուն ժպիտով ասում է դեսպանը,- իմ տերը՝ դուքս Բոհեմունդը, Ձեզ հրավիրում է Անտիոք՝ մեծ ու բարեկամական խնջույքի։ Նա ցանկանում է հենց կերուխումի սեղանի շուրջ, առանց զենքերի, հարթել սահմանային բոլոր վեճերը և կնքել հավերժական դաշինք։
Ռուբենի դեմքին թեթևացում է հայտնվում, նայում է Լևոնին, ասես ապացուցելով իր դիվանագիտության հաղթանակը։
- Նրանք մեզ բանակցելու են հրավիրում։
Լևոնը մոտենում է դեսպանին, ձեռքը կտրուկ դնում է սրի դաստակին, իսկ հայացքը սևեռում եղբորը.
- Թակա՛րդ է, եղբա՛յր։ Չկա՛ բարեկամական խնջույք նրա հետ, ով աչք ունի քո տան վրա։ Նրանք քեզ հրավիրում են ոչ թե խաղաղություն կնքելու, այլ քո կուրության վրա իրենց հաղթանակը կառուցելու։ Եթե գնաս՝ հետ չես գալու։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ