Ժամանակով մի հեռավոր ու աննման թագավորություն կար։ Այդ երկրում իշխում էր Մատնոց անունով մի թագավոր։ Էս Մատնոցը սուտ էր խոսում՝ ոնց որ ջուր խմեր։ Բայց նրա ստերի վրա մի տարօրինակ կախարդանք կար.
Ով հավատում էր թագավորի ստերին, նրա ականջներն իսկույն մեծանում էին՝ դառնալով հսկայական տերևների չափ։
Ով չէր հավատում ու փորձում էր առարկել, նրա լեզուն երկարում էր ու հասնում մինչև գոտկատեղ։
Անցան տարիներ։ Մարդիկ սովորեցին ապրել էս կախարդված երկրում։
Ժողովրդի մեծ մասը որոշեց ամեն ինչին «հա» ասել, միայն թե լեզուները չերկարեն։ Տարիների ընթացքում նրանց ականջներն այնքան մեծացան, որ դարձան իսկական թաղիքե յափնջի ։ Բայց դե, մեր ժողովուրդը ամեն դժվարության մեջ էլ յոլա գնալու ձևը գիտի․ սկսեցին հպարտանալ իրենց ականջներով.
— Վա՜յ, քավոր ջան, էս ինչ բուք ու բորան է սկսվել, — ասում էր մի ականջատեր մյուսին՝ ձախ ականջով գլուխն ու ուսերը փաթաթելով։
— Հա, ախպեր ջան, բա իմ աջ ականջին նայի՝ ոնց որ անձրևանոց լինի։ Էլ ո՛չ անձրևից ենք վախենում, ո՛չ ձյունից։ Ապրի՛ մեր թագավորը, որ մեզ ձրի տաք շորեր տվեց։
Իսկ այն խիզախները, ովքեր համարձակվել էին թագավորի դեմ խոսել, լեզուները երկարել էին մինչև գոտկատեղ։ Խոսել կարողանում էին, բայց այնքան դժվար ու թոթովելով, որ էլ հավես չունեին վիճելու։ Լուռ, գլխիկոր ման էին գալիս քաղաքում։
Հեռու սարերում, Լոռվա խիտ անտառների խորքում ապրում էր Գառնիկ անունով մի ջահել ու միամիտ հովիվ։ Նա ոչ քաղաքի անցուդարձից էր տեղյակ, ոչ էլ թագավորի սովորություններից։ Մի օր որոշեց ոչխարների բուրդը տանել քաղաքի շուկա՝ ծախելու։
Հենց մտավ հրապարակ, տեսավ՝ Մատնոց թագավորը պատշգամբից ճառ է ասում.
— Իմ սիրելի՜ ժողովուրդ, — քաղցր-մեղցր ձայնով ասում էր թագավորը, — անցած գիշեր ես անձամբ բարձրացա Արարատ սարի գագաթն ու լուսնից մի ոսկե թել կապեցի, որ էլ երկնքից ցած չընկնի ձեր գլխին։
Մեր միամիտ Գառնիկը բերանը բացեց.
— Վա՜յ, աստված ջան, էս ինչ հզոր թագավոր ունենք։
Հո՛պ! Գառնիկի ականջները հենց նույն վայրկյանին մեծացան ու կախվեցին ուսերից։
Գառնիկը վախեցավ, ականջը քաշեց ու մտածեց. «Կանգնի՛, ի՞նչ ոսկե թել, ի՞նչ լուսին... Լուսինն էնքան հեռու է, թելը ո՞նց կհասնի։ Սա հաստատ մեզ խաբում է!»
Ջղայնացավ Գառնիկն ու տեղից գոռաց.
— Է՜յ, թագավոր, սուտ ես ասում։ Լուսինը թելով չեն կապի, քեզ ո՞վ է հավատում։
Հո՛պ! Գառնիկի ականջները հետ եկան իրենց տեղը, բայց լեզուն երկարեց ու կախվեց կզակից մի փոքր ցած։ Քանի որ նա ընդամենը մեկ անգամ էր առարկել, լեզուն մինչև գոտկատեղ չհասավ։
Փորձեց խոսել, տեսավ՝ ստացվում է, բայց մի քիչ լոթոթելով ու «ս»-երի տեղը «շ» արտասանելով.
— Վա՜յ, էշ ինչ փորձանք էր... — փնթփնթաց Գառնիկը, — բայց դե ոչինչ, դեռ խոշել կարողանում եմ։ Էշ թագավորին պետք է դաս տալ։
Գառնիկը վերադարձավ իր անտառը։ Կանչեց իր հավատարիմ ընկերներին՝ հզոր Արջին, ահեղ Առյուծին, սրատես Արծվին ու խելացի Ոզնուն։
Գառնիկը նստեցրեց նրանց իր շուրջն ու իր մի փոքր երկար լեզվով բացատրեց պլանը.
— Ախպերներ ջան, էշ թագավորը շաղ երկիրը խաբում է։ Ժողովրդի ականջները դարձել են յափնջի, լեզուներն էլ՝ մինչև գոտկատեղ։ Պետք է փրկել մարդկանց։ Մեզ պետք է թագավորի ննջարանի մեծ պղնձե սինին ու քո փշերը, Ոզնի՛ ջան։ Լսեք, թե ինչ ենք անելու...
Գազանները գլխով արեցին։ Առյուծը մռնչաց, Արջը թաթով խփեց գետնին, Արծիվը թևերը թափահարեց, իսկ Ոզնին խորամանկ ժպտաց։
Հաջորդ առավոտյան թագավորական պալատի դիմաց մի աղմուկ-աղաղակ բարձրացավ։ Արջն ու Առյուծը պահակներին մի կողմ հրեցին, իսկ Առյուծն այնպիսի մռնչոց արձակեց, որ նախարարները վախից իրենց ականջ-յափնջիների տակ թաքնվեցին։
Մատնոց թագավորը կատաղած դուրս թռավ պատշգամբ.
— Էս ի՞նչ խառնաշփոթ է։ Ո՞վ է համարձակվել խանգարել իմ անդորրը։
Այդ պահին Արծիվը երկնքից ցած սուրաց։ Իր հզոր ճանկերով նա բռնել էր թագավորի ննջարանի հսկայական պղնձե սինին։ Արծիվը կախվեց օդում՝ հենց թագավորի դիմաց, սինին պահելով այնպես, որ այն դառնա ձայնային վահան ու արձագանքի ցանկացած ձայն։
Իսկ այդ ընթացքում Ոզնին թփերի միջով գաղտնի սողաց պատշգամբ ու իր ամենասուր փշով ամբողջ ուժով ծակեց թագավորի կրունկը։
— Վա՜յ, մա՛մա ջան, — ցավից գոռաց թագավորը, բայց որպեսզի հանկարծ ժողովրդի առաջ իր վեհությունը չկորցնի, արագ մի սուտ հորինեց ու գոռաց․
— Ես... ես բազալտից շինված հսկա եմ։ Իմ մարմինն անխոցելի է, ոչ մի փուշ ինձ չի ցավեցնի։
Բայց նրա ձայնը բախվեց Արծվի պահած պղնձե սինուն ու հզոր արձագանքով ետ եկավ՝ ուղիղ թագավորի ականջներին։ Թագավորն իր սեփական ականջով լսեց իր սուտը։ Բայց քանի որ կրունկը սոսկալի ցավում էր, ինքն իր ստին չհավատաց։
Հո՛պ! Կախարդանքը շրջվեց հենց իր դեմ։ Մատնոց թագավորի լեզուն մեկ վայրկյանում երկարեց, կախվեց պատշգամբից ու հասավ մինչև գետնին։
— Մմմ-ֆը՜, խխխ-ֆը՜, — սկսեց կակազել թագավորը։
Ուզեց սուտը ստով փակել, նորից խոսեց, բայց ամեն նոր ստից լեզուն ավելի երկարեց ու սկսեց փաթաթվել իր սեփական ոտքերին, ոնց որ հաստ պարան։ Ի վերջո թագավորը սեփական լեզվի մեջ խճճվեց ու տապալվեց գետնին։
Ժողովուրդը ապշած նայում էր։ Այդ պահին Գառնիկն առաջ եկավ ու բարձր գոչեց.
— Մեր թագավորը շշշ սուտասան է, իսկ ճշմարտությունը միշտ հաղթում է։
Ու հենց այդ պահին կախարդանքը կոտրվեց։ Գառնիկի լեզուն հետ եկավ իր նախկին տեղը։ Ամբողջ քաղաքի բնակիչների երկար լեզուներն ու յափնջի-ականջները միանգամից դարձան սովորական։ Մարդիկ ուրախությունից սկսեցին պարել ու երգել.
— Ուռա՜, մենք նորից ազատ կարող ենք խոսել։ Կորչի՛ սուտը։
Իսկ լեզվի մեջ փաթաթված Մատնոց թագավորը գլորվելով ցած իջավ պատշգամբից, անցավ դարպասներն ու գլորվելով գնաց, կորավ սարերի հետևում։ Էլ նրան ոչ մեկը չտեսավ։
Գառնիկին էլ իր արդարության ու խելքի համար ընտրեցին թագավորության նոր ու ամենաազնիվ ղեկավար։
Երկնքից երեք խնձոր ընկավ՝ մեկն ասողին, մեկը լսողին, մեկն էլ աշխարհի բոլոր ճշտախոսներին։
Էմին Մարտունի