Պետությունը միշտ չէ, որ քանդվում է պատերազմի կամ մեկ օրվա պարտության հետևանքով։ Երբեմն այն քանդվում է դանդաղ՝ մարդկանց մտածողության, ժողովրդագրության և կենսակերպի փոփոխությամբ։
Հայաստանի բազմաթիվ գյուղերում կյանքը մարում է։ Երիտասարդներ գրեթե չկան։ Մի մասը մեկնում է արտագնա աշխատանքի, մյուսը ձգտում է տեղափոխվել Երևան։
Իսկ Երևանը գնալով վերածվում է իրար վրա կուտակված մեգապոլիսի՝ խիտ կառուցապատմամբ, օդի աղտոտվածությամբ, տրանսպորտային խցանումներով և ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությամբ։
Եթե մի օր սահմանամերձ գյուղերին վերաբերող ծանր որոշումներ կայացվեն, դժվար է ակնկալել, որ բնակչությունը լայն դիմադրություն ցույց կտա։ Շատերի համար առաջնային կդառնա փոխհատուցումը և Երևանում բնակարան ձեռք բերելու հնարավորությունը, ոչ թե գյուղում մնալը։
Գուցե հենց այդ պատճառով էլ անընդհատ կառուցվում են նոր բազմահարկ շենքեր։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ համար են դրանք կառուցվում, եթե ոչ այն մարդկանց, որոնք աստիճանաբար լքում են Հայաստանի գյուղերը։
Երբ գյուղը դատարկվում է, սահմանը թուլանում է։ Իսկ երբ սահմանը թուլանում է, մեռնում է նաև պետությունը։
Գևորգ Կարապետյան