Իրանական Զավիե ինստիտուտը հետաքրքիր հոդված է հրապարակել` «Խաղաղություն փոխկապակցվածության միջոցով․ Ադրբեջանի նոր ռազմավարությունը Հարավային Կովկասում»:
Հոդվածում մասնավորապես` կենտրոնական միտքն այն է, որ
«... Ադրբեջանը ձևավորում է նոր պարադիգմ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության վերաիմաստավորման համար։
Այս վերլուծական գրառումը դիտարկում է դիվանագիտական և ենթակառուցվածքային գործընթացների զուգահեռ զարգացումը և ցույց տալիս, թե ինչպես է Բաքուն, իր «խաղաղություն փոխկապակցվածության միջոցով» ռազմավարության շնորհիվ, ամրապնդում իր դիրքերը որպես տարածաշրջանի տրանսպորտային և էներգետիկ հանգույց, ինչպես նաև որպես առանցքային դերակատար նոր եվրասիական կարգում» (Հ․Գ․1)։
Ռեալիստ-կոնստրուկտիվիստական տեսական ապարատի միջոցով վերլուծելով Հայաստանի և Ադրբեջան-Թուրքիայի միջև փոխկապակցվածության հեռանկարը, որտեղ մի կողմից դեր են խաղում` առաջնային, առկա նյութական ռեսուրսները, իսկ մյուս կողմից` ազգային ինքնությունը, գաղափարական և նարատիվային առանձնահատկությունները, ակնհայտ է դառնում, որ փոխկապակցվածությունը երկարաժամկետ խաղաղության ճանապարհ չէ կոնկրետ դեպքում։
Դոմինանտ կողմի համար, որն ունի ռազմա-քաղաքական գերակշռություն, աշխարհագրական դոմինանտություն, ֆինանսական և տնտեսական գերակշռող ռեսուրսներ, այդ կողմին ձեռնտու է փոխկապակցվածությունը։
Ռազմա-քաղաքական դոմինանտությունը հնարավորություն է տալիս հաստատել դոմինանտություն այն կողմի նկատմամբ, որը գտնվում է երկու փոխկապակցվածության երկու առանցքային դերակատարների միջև, որոնք այս պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան են։ Այս երկուսի հետ և սրանց միջև Հայաստանի փոխկապակցվածությունը առաջացնելու է մի կողմից «կոբրայի էֆեկտ» (Հ․Գ․2), առավել բացասական երկարատև հետևանքներով և կոնֆլիկտածին տարրերով, իսկ մյուս կողմից` Հայաստանի համար ստեղծվելու է կլանման վտանգ` քաղաքական, տնտեսական, լոգիստիկ, էներգետիկ և այլն։ Քաղաքական ազդեցության տարրերն արդեն իսկ ակնհայտ են։ Մասնավորապես Ադրբեջանի իշխանությունների կողմից ժամանակ առ ժամանակ բացառապես ՀՀ ներքին կյանքին վերաբերող հարցերում միջամտության փորձերով, այդ թվում` Սահմանադրական փոփոխություններ, ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարում, և այլն։
Փոքր պետության համար դոմինանտող պետությունների հետ, որոնց հետ ունի պատմական թշնամանք և փոխադարձ ատելություն, միմյանց նկատմամբ տարածքային և այլ պահանջներ, փոխկապակցվածությունը մահացու է։
Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Հ․Գ1
https://zaviyeinsight.com/.../azerbaijan-new-strategy.../
Հ․Գ․2
«Կոբրայի էֆեկտը» կարելի է նկարագրել որպես որևէ խնդիր լուծելու նպատակով ընդունված որոշումը, որն առաջացնում է խրախուսման սխալ մեխանիզմ` հանգեցնելով հակառակ, ավելի վատ արդյունքի։