«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի է պահպանում իր ազգային հիշողությունը

Յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի է պահպանում իր ազգային հիշողությունը
17.07.2026 | 12:15



Երկու նկարի պատմություն

Առաջին նկարը 2014 թվականի հունիսի 7-ին է արվել Արգենտինայի և Սլովենիայի հավաքականների ընկերական հանդիպումից առաջ՝ Լա Պլատայի մարզադաշտում։ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան մի պաստառով, որի վրա գրված էր.

«Las Malvinas son Argentinas» - «Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիներն արգենտինական են»։

Հանդիպումն ավարտվեց Արգենտինայի՝ 2։0 հաշվով հաղթանակով։ Դրանից հետո ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ սկսեց Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի դեմ՝ այն հիմնավորմամբ, որ ֆուտբոլային միջոցառումների ընթացքում քաղաքական բնույթի հայտարարություններն արգելված են։ Արդյունքում Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան տուգանվեց 30 000 շվեյցարական ֆրանկով։

Իսկ երկրորդ նկարում, որն արվել է երեկ՝ Անգլիայի հավաքականի նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակից հետո, Արգենտինայի հավաքականի տղաները կրկին պարզել են նույն բովանդակությամբ պաստառը՝ չվախենալով ՖԻՖԱ-ի հնարավոր պատժամիջոցներից։

Հիշեցնեմ, որ Արգենտինան և Մեծ Բրիտանիան տասնամյակներ շարունակ վիճում են Մալվինյան կղզիների ինքնիշխանության շուրջ։ 1982 թվականին այդ վեճը վերածվեց պատերազմի, որի արդյունքում կղզիները մնացին Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ և մինչ օրս հանդիսանում են բրիտանական արտերկրյա տարածք։

Միաժամանակ, Արգենտինան երբեք չի հրաժարվել իր տարածքային պահանջից և իր Սահմանադրությամբ շարունակում է Մալվինյան կղզիները համարել երկրի անբաժանելի մասը։ Մեծ Բրիտանիան էլ, իր հերթին, պնդում է, որ կղզիների ապագան պետք է որոշվի դրանց բնակիչների ինքնորոշման սկզբունքով։

Սա նաև հիշեցնում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի է պահպանում իր ազգային հիշողությունն ու պատմական իրավունքների մասին իր համոզմունքը։ Արգենտինան, չնայած անցած տասնամյակներին, շարունակում է բարձրաձայնել Մալվինյան կղզիների հարցը միջազգային հարթակներում։ Սա առիթ է մտածելու, թե որքան կարևոր է, որ ժողովուրդները չկորցնեն իրենց ազգային արժանապատվությունն ու պատմական հիշողությունը՝ դրանք կենդանի պահելով նաև հաջորդ սերունդների մեջ։

Ազգային հիշողությունը պահպանվում է ոչ միայն գրքերում և արխիվներում, այլև սերունդների գիտակցության մեջ։ Ժողովուրդը, որը դադարում է հիշել, ժամանակի ընթացքում սկսում է կորցնել նաև իր պատմական իրավունքների զգացողությունը։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 293

Մեկնաբանություններ