Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ես կվերադառնամ ցուրտումութ, աղքատ Հայաստան, որտեղ Արցախի համար պայքար է գնում

Ես կվերադառնամ ցուրտումութ, աղքատ Հայաստան, որտեղ Արցախի համար պայքար է գնում
22.07.2026 | 12:15

Մի քիչ երկար գրառում, բայց խոստանում եմ էլ երկար ժամանակ չծանրաբեռնել ընթերցանությամբ։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ հրաժեշտ էի տալիս բարեկամների, ընկերների, հասկացա, որ շատ շատերը չեն հասկանում հեռանալու իմ իրական դրդապատճառները։ Չէ հարգելի ընկերներ ես չեմ հեռանում լավ կյանքի կամ շատ փողի համար, ես այդպիսի պատրանքներ չունեմ։ Ես հասկանում եմ, որ ինձ սպասվում է ծանր, զրոյից կայացման ճանապարհ, իսկ հաջողությունը երաշխավորված չէ։ Ես նաև չեմ փախցնում իմ 3 ու 5 տարեկան տղաներին բանակում ծառայությունից, քանի-որ իմ համար խիստ կասկածելի է հայկական բանակի գոյությունը 15 տարի հետո։ Խոսակցություններից մեկ այլում ինձ շատ հարազատ մարդ ասաց, որ կարելի էր հեռանալ 90-ականների Հայաստանից, բայց ոչ այսօր։ Իսկ ես պնդում եմ հակառակը՝ ես կվերադառնամ 90-ականների Հայաստան։ Ես կվերադառնամ ցուրտումութ, աղքատ Հայաստան, որտեղ Արցախի համար պայքար է գնում։

Մեկ այլ զրույցում ասացի, որ բռնապետությունում ցանկացած մարդ ունի երեք ճանապարհ՝ հրաժարվել ազգայնականությունից և ընդունել գործող խաղի կանոնները, երկրորդ ուղին բանտարկվելն է, երրորդը’ դառնալ դիսիդենտ։ Ես ընտրեցի վերջին ճանապարհը։

Այս գրառման մեջ չեմ գրի կործանված տնտեսական քաղաքականության, պետական պարտքի, տանուլ տրված արտաքին քաղաքականության (երբ դու խաղաքար ես ու ոչ թե գործոն), կորսված Արցախի մասին, այլ կխոսեմ Հայաստանում արդեն իսկ կայացած տոտալիտար-բռնապետական համակարգի մասին։

8 տարի է պնդում եմ, որ Հայաստանում ձևավորվում է, իսկ հիմա արդեն ձևավորված է տոտալիտար բռնատիրական համակարգ, ինչը խորությամբ չեն պատկերացնում նույնիսկ շատ ընդդիմադիրներ։ Դրա համար չալարեցի ու պատրաստեցի 14 կետանոց «լավաշ» մեր անցած ճանապարհի մասին, որը համոզված եմ, որ կարող եք լրացնել նորանոր կետերով։

Կարող եք կարդալ, կարող եք՝ ոչ։ Բայց եթե շարունակում եք ապրել Օրուելյան Հայաստանում, ապա խորհուրդ եմ տալիս կարդալ։

Վերջին 8 տարիներին Հայաստանում ձևավորվել է օրենքների, որոշումների և նախաձեռնությունների մի ամբողջ շարք, որն առանձին-առանձին կարող է ներկայացվել որպես «անվտանգություն», «կարգապահություն», «թափանցիկություն», «կեղծ տեղեկատվության դեմ պայքար» կամ «պետական արդյունավետություն»։ Բայց միասին դիտարկելիս դրանք հիշեցնում են Օրուելի 1984-ի գործիքակազմը․ վերահսկել քաղաքացուն, վերահսկել խոսքը, վերահսկել տեղեկատվությունը, վերահսկել կոլեկտիվ հիշողությունը (տեղ-տեղ խմբագրել նաև պատմագրությունը) և թուլացնել այն ինստիտուտները, որոնք պետք է վերահսկեն իշխանությանը ու քայլ առ քայլ հաստատել տոտալ բռնապետություն

1. Ոստիկանության հասանելիություն տեսախցիկներին և հնարավոր դեմքի ճանաչում

«Ոստիկանության մասին» օրենքի փոփոխություններ, տեսահսկման համակարգերի ընդլայնում։

Big Brother-ի ամենաուղիղ տարբերակը․ հանրային տարածքում քաղաքացու մշտական տեսանելիություն, նույնականացում և վարքի վերահսկում։ Երբ պետությունը կարող է միավորել դպրոցների, հիվանդանոցների, փողոցների, մետրոյի, տրանսպորտի, սահմանային կետերի և այլ օբյեկտների տեսախցիկները, առաջանում է ոչ թե պարզապես անվտանգության համակարգ, այլ զանգվածային վերահսկողության ենթակառուցվածք։

2. IMEI շտեմարան և բջջային հեռախոսների պարտադիր գրանցում

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ։

Ոչ միայն մարդն է գրանցվում, այլ նաև նրա սարքը, SIM/eSIM-ը, սահման հատելու փաստը և կապի օգտագործման հնարավորությունը։ Եթե տեսախցիկները ցույց են տալիս՝ որտեղ ես երևում, ապա IMEI շտեմարանը կարող է ցույց տալ՝ ինչ սարք ես օգտագործում, որ համարով, երբ է այն ակտիվ, և արդյոք պետությունը կարող է սահմանափակել դրա օգտագործումը։ Սա թվային վերահսկողության շատ լուրջ ենթակառուցվածք է։

3. Ռազմական դրության ժամանակ մեդիայի սահմանափակումներ

2020 թ. ռազմական դրության ընթացքում մեդիայի և հրապարակումների սահմանափակումներ։ Ministry of Truth․ պետությունը որոշում է՝ պատերազմի մասին ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել, ինչն է «վտանգավոր», և ինչ պետք է հեռացվի։ Պատերազմի ժամանակ որոշ սահմանափակումներ կարող են անհրաժեշտ լինել, բայց երբ սահմանափակվում է նաև իշխանության գործողությունների քննադատությունը, դա արդեն դառնում է տեղեկատվական մենաշնորհի ռիսկ։ Ընդ որում, որոշ սահմանափակումներ հանվեցին՝ միայն 2020 թ. դեկտեմբերի 2-ին (կապիտուլյացիոն համաձայնագրից մեկ ամիս անց), սակայն բուն ռազմական դրությունը ամբողջությամբ հանվեց միայն՝ 2021 թ. մարտի 24-ին։

4. «Ծանր վիրավորանքի» քրեականացում, ապաքրեականացում և դրա հնարավոր վերադարձը «առցանց խուլիգանության» միջոցով

2021-ին Քրեական օրենսգրքում ներդրվեց «ծանր վիրավորանքի» դրույթը, որով իշխանության, պաշտոնյաների կամ հանրային գործունեություն իրականացնող անձանց հասցեին կոպիտ կամ անպարկեշտ խոսքը կարող էր դառնալ քրեական գործ։ Սա ուներ thoughtcrime-ի տրամաբանություն․ խոսքը, հատկապես քաղաքական խոսքը, տեղափոխվում էր քրեական դաշտ։

2022 թ. հուլիսի 1-ից ծանր վիրավորանքը ֆորմալ առումով ապաքրեականացվեց, քանի որ նոր Քրեական օրենսգիրքն այդ հանցակազմը չներառեց։ Սակայն ռիսկը ամբողջությամբ չվերացավ։ Վերջին տարիներին նույնատիպ խոսքի նկատմամբ սկսել է կիրառվել ՔՕ 297-րդ հոդվածը՝ «խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»։ Այսինքն՝ խնդիրը փոխել է իրավական անունը․ նախկինում դա կոչվում էր «ծանր վիրավորանք», հիմա որոշ դեպքերում կարող է որակվել որպես «առցանց խուլիգանություն»։ Ոչ թե միայն խոսքի պատժում, այլ խոսքի վերաորակում․ քաղաքական վիրավորանքը կամ կոպիտ քննադատությունը կարող է ներկայացվել որպես հասարակական կարգի դեմ հանցանք։

5. Վիրավորանքի և զրպարտության համար բարձր տուգանքներ

Քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններ՝ փոխհատուցման շեմերի բարձրացում։ Խոսքը լռեցվում է ոչ թե բանտով, այլ ֆինանսական վախով։ Մեդիան կամ քաղաքացին կարող է չհրապարակել քննադատություն ոչ թե այն պատճառով, որ սխալ է, այլ որովհետև դատական ծախսերն ու տուգանքները կարող են կործանարար լինել։

6. Մեդիայում «չնույնականացված աղբյուրների» սահմանափակում

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի փոփոխություններ։ Անանուն աղբյուրների և այլընտրանքային տեղեկատվության վերահսկում։ Լրագրողական աղբյուրների պաշտպանությունը ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է։ Եթե իշխանությունը կարող է պատժել մեդիային չնույնականացված աղբյուրից օգտվելու համար, ապա շատ տեղեկություններ պարզապես չեն հրապարակվի։

7. Պետական գաղտնիքի և «սահմանափակ տարածման պաշտոնական տեղեկատվության» ընդլայնում։ Ներդրվեցին պետական գաղտնիքի նոր կարգավորումներ։ Պետությունը որոշում է, թե հանրությունը ինչ իրավունք ունի իմանալու։ Վտանգն այն է, որ «սահմանափակ տարածման պաշտոնական տեղեկատվություն» ձևակերպումը կարող է օգտագործվել ոչ միայն անվտանգության, այլև անհարմար տեղեկատվությունը փակելու համար։

7.1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ոչնչացման մեխանիզմ - “Memory Hole” իրավականացում: «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենք, ընդունված 2023 թ. մարտի 1-ին, ուժի մեջ մտած 2024 թ. հունվարի 28-ին, ինչպես նաև դրա կիրարկումն ապահովող վարչապետի 2023 թ. հունիսի 16-ի N 647-Ա որոշումը։ Ոչ միայն տեղեկությունը փակել հանրությունից, այլ հնարավորություն ունենալ, որ որոշ տեղեկություններ երբեք չհասնեն հանրային արխիվ։ Սա արդեն ոչ թե պարզապես գաղտնիություն է, այլ պետական հիշողության կառավարում։ Վարչապետի որոշմամբ գաղտնի տեղեկությունները անմիջապես «հանգիստ ոչնչացնելու» լիազորություն չի տրվել, բայց 2023-ի նոր օրենքով և դրանից բխող կարգերով ձևավորվել է վտանգավոր մեխանիզմ, որով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են ոչ թե պարտադիր գաղտնազերծվել ու հանձնվել արխիվ, այլ որոշ դեպքերում ոչնչացվել։

8. Տեղեկատվության ազատության նոր նախագծեր

Նախաձեռնություն․ տեղեկատվության հասանելիության կարգավորման նոր փաթեթներ։ Տեղեկատվությունը քաղաքացու իրավունքից վերածվում է վարչականորեն կառավարվող թույլտվության։ Եթե պետությունը նեղացնում է «տեղեկատվություն» հասկացությունը, երկարացնում պատասխանների ժամկետները կամ վերահսկողությունը դնում անկախությունից զուրկ մարմնի վրա, ապա հանրային վերահսկողությունը թուլանում է։

9. Աուդիովիզուալ մեդիայի կարգավորումներ՝ «վնասակար բովանդակություն» և «արտաքին ազդեցություն» Աուդիովիզուալ մեդիայի մասին օրենքի փոփոխություններ։ «Վնասակար բովանդակություն» հասկացությունը կարող է դառնալ քաղաքական խոսքի զտման գործիք։ Իհարկե, ատելության խոսքի, պատերազմի քարոզի կամ բռնության կոչերի դեմ պայքարը լեգիտիմ է։ Բայց եթե ձևակերպումները լայն են, դրանք կարող են կիրառվել նաև անհարմար քաղաքական բովանդակության դեմ։

10. Հանրային կոչերի քրեականացում

Օրենքներ․ բռնության, իշխանության զավթման, սահմանադրական կարգի դեմ գործողությունների կամ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի քրեականացում։ Պետությունը կարող է լայնորեն մեկնաբանել, թե որ խոսքն է «վտանգավոր»։ Իրական բռնության կոչերը պետք է պատժվեն։ Բայց եթե քաղաքական սուր խոսքը կամ իշխանափոխության պահանջը մեկնաբանվում է որպես քրեական կոչ, դա արդեն դառնում է ընդդիմադիր խոսքի ճնշման մեխանիզմ։

11. Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն

Օրենք/փոփոխություն․ ՍԴ դատավորների պաշտոնավարման հետ կապված փոփոխություններ։ Դատարանը դառնում է ոչ թե իշխանության սահմանափակող մարմին, այլ քաղաքական մեծամասնության համար լուծվող խնդիր։ Բռնապետական համակարգերը սովորաբար սկսվում են ոչ թե ընտրությունների վերացմամբ, այլ դատարանների չեզոքացմամբ։

12. Դատական համակարգի նկատմամբ քաղաքական ճնշման ազդակներ

Քաղաքական գործողություններ/որոշումներ․ դատարանների շրջափակման կոչեր, ԲԴԽ-ի շուրջ ճնշումներ, քաղաքականապես զգայուն գործերով դատավորների նկատմամբ կարգապահական մեխանիզմներ: Կուսակցական կամ գործադիր կամքը դրվում է օրենքից և դատարանից վեր։ Երբ դատավորը հասկանում է, որ իշխանության համար անհարմար որոշումը կարող է իր համար վտանգավոր լինել, անկախ դատարանը դառնում է ձևական։

13. Համալսարանների կառավարման նկատմամբ կառավարության ազդեցության ընդլայնում Որոշում․ պետական համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմավորման վրա կառավարության ազդեցության մեծացում։ Վերահսկել ոչ միայն դատարանը և մեդիան, այլ նաև գիտելիքի արտադրության միջավայրը։ Համալսարանը պետք է լինի ինքնավար մտքի տարածք։ Երբ դրա կառավարումը կախված է իշխանությունից, առաջանում է ակադեմիական ինքնագրաքննության վտանգ։

14. Պաշտոնական արխիվների, հաշվետվությունների և պատմական նյութերի անհետացում կամ վերախմբագրում

Դեպքեր/պրակտիկա․ պետական մարմինների կայքերից հաշվետվությունների բացակայություն, հին բաժինների անհասանելիություն, պաշտոնական հաշվետվությունների փոխարինում մամուլի հաղորդագրություններով, պատմական նյութերի ժամանակավոր կամ մշտական անհետացում։

Memory Hole․ անցյալը ոչ թե հիշվում է, այլ խմբագրվում։ Բռնապետական համակարգի համար կարևոր է ոչ միայն ներկան վերահսկել, այլև անցյալը վերաշարադրել։ Եթե պաշտոնական հաշվետվություններն անհետանում են, եթե պետական արխիվները դառնում են անկանոն, եթե հաշվետվողական փաստաթղթերը փոխարինվում են PR հաղորդագրություններով, ապա հանրությունը կորցնում է իշխանությանը ստուգելու հնարավորությունը։

Միասին սրանք ստեղծում են հետևյալ շղթան․

1. Քաղաքացու շարժը և վարքը վերահսկվում են։

2. Քաղաքացու խոսքը դառնում է ռիսկային։

3. Մեդիայի աղբյուրները սահմանափակվում են։

4. Տեղեկատվության հասանելիությունը նեղանում է։

5. Դատարանները քաղաքական ճնշման տակ են ընկնում։

6. Համալսարաններն ու մեդիան կախվածություն են ստանում պետությունից։

7. Պետական արխիվը և պաշտոնական հիշողությունը խմբագրվում են։

Օրուելի 1984-ի գլխավոր դասը հենց սա է․ բռնապետությունը միշտ չէ, որ գալիս է միանգամից։ Այն գալիս է օրենքների, կարգերի, շտեմարանների, տեսախցիկների, «վնասակար խոսքի» սահմանումների, «գաղտնի» տեղեկությունների և անհետացող արխիվների տեսքով։

Այն ինչին Ռուսաստանը հասավ տասնյակ տարիների ընթացքում, Հայաստանում կարողացան անել 5-6 տարում։

Դավիթ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 247

Մեկնաբանություններ