ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ինչո՞ւ են ամուսնացած կանայք կիսամերկ ու մերկ նկարներ և տեսանյութեր տեղադրում սոցիալական ցանցերում

Ինչո՞ւ են ամուսնացած կանայք կիսամերկ ու մերկ նկարներ և տեսանյութեր տեղադրում սոցիալական ցանցերում
25.07.2026 | 11:42

Անտրոպոսոֆիան մարդուն դիտարկում է որպես բարդ էակ՝ բաղկացած ֆիզիկական մարմնից, կենսական ուժերը կրող եթերային մարմնից, զգացմունքները, կրքերն ու ցանկությունները պարունակող աստրալային մարմնից և «Ես»-ից, որը մարդու գիտակցությունն ու հոգևոր կենտրոնն է։ Երբ ամուսնացած կինը կիսամերկ կամ բաց լուսանկարներ է հրապարակում, դա վկայում է այս չորս բաղադրիչների միջև առաջացած աններդաշնակության մասին։

Առաջին հերթին տեղի է ունենում աստրալային մարմնի գերակայություն «Ես»-ի նկատմամբ։ Աստրալային մարմինը կրում է մեր համակրանքներն ու հակակրանքները, կրքերը և ուշադրության արժանանալու ծարավը։ Իդեալական պայմաններում մարդու բարձրագույն «Ես»-ը պետք է ղեկավարի ու կառավարի աստրալային մարմինը՝ տալով դրան ուղղություն և բարոյական հիմք։ Երբ կինն արտաքին ուշադրության, «լայքերի» և հիացմունքի անզուսպ կարիք է զգում, դա նշանակում է, որ նրա աստրալային մարմինը «անսնունդ» է մնացել ընտանեկան հարաբերություններում։ Աստրալային ուժերը դուրս են գալիս «Ես»-ի վերահսկողությունից, և կինը ենթարկվում է ոչ թե գիտակցված որոշմանը (հասկանալով, որ ինքը կապված է մեկ այլ անձի հետ), այլ աստրալային մղումներին՝ փնտրելով սնունդ արտաքին աշխարհի ցածր թրթիռներից, ինչպիսիք են ուրիշների տարփալից կամ գնահատող հայացքները։

Միևնույն ժամանակ տեղի է ունենում ֆիզիկական և եթերային մարմինների սխալ նույնականացում։ Ժամանակակից մատերիալիստական աշխարհն անընդհատ ստիպում է մարդուն նույնացնել իրեն իր ֆիզիկական մարմնի հետ։ Անտրոպոսոֆիան սովորեցնում է, որ ֆիզիկական մարմինը պարզապես հոգու տաճարն է՝ մի գործիք, որի միջոցով «Ես»-ը պետք է գործի Երկրի վրա։ Կիսամերկ լուսանկարներ հրապարակելը վկայում է այն մասին, որ կինը կորցրել է կապն իր հոգևոր էության հետ և իր արժեքը չափում է զուտ ֆիզիկական գրավչությամբ։ Նա իր էներգիան և եթերային ուժերն ուղղում է ոչ թե ընտանիքը, երեխաներին կամ հարաբերությունները սնելուն, այլ այդ էներգիան «ցրում է» արտաքին միջավայրում՝ սոցիալական ցանցերում։ Սա հանգեցնում է եթերային մարմնի ուժասպառության, ինչի արդյունքում ընտանիքում առաջանում է սառնություն։

Այս ամենի հիմքում ընկած է ամուսնության հոգևոր էության չգիտակցումը և կարմայական կապի խզումը։ Ամուսնությունը երկու հոգիների միջև կնքված խորը կարմայական կապ է, որը նախատեսված է միմյանց հոգևոր աճին նպաստելու համար։ Եթե կինն ամուսնուն դիտարկում է միայն որպես կենցաղային կամ ֆինանսական ապահովության միջոց՝ չսիրելով նրան, նա խեղաթյուրում է այդ հարաբերությունների հոգևոր իմաստը։ Դա նշանակում է, որ նա հրաժարվում է կարմայական խնդիրը լուծելուց և փախչում է պատրանքային աշխարհ՝ սոցցանցեր, որտեղ ամեն ինչ հեշտ է և մակերեսային։ Մեկ տղամարդով «չբավարարվելը» հաճախ արտաքին աշխարհում այն բանի փնտրտուքն է, ինչը նա պետք է գտներ իր սեփական հոգու խորքում։

Այս երևույթի վրա իրենց երկակի ազդեցությունն են ունենում նաև Լյուցիֆերյան և Արիմանյան ուժերը։

Լյուցիֆերյան ազդեցությունը սնում է կնոջ սնափառությունը, ինքնասիրահարվածությունը և էգոն՝ մղելով նրան խզել կապը երկրային պարտականությունների հետ և սավառնել «երկրպագուների» կեղծ ու պատրանքային աշխարհում, որտեղ նա իրեն զգում է որպես պաշտելի «աստվածուհի»:

Մյուս կողմից, Արիմանյան ազդեցությունը հանդես է գալիս իր ամբողջ խորությամբ ու դաժանությամբ: Արիմանը մատերիալիզմի, չոր տրամաբանության, մեխանիկականության և թվայնացման ուժն է: Նա սոցիալական ցանցերի տեխնոլոգիական միջավայրի բուն տերն է, որի ալգորիթմները, «լայքերը» և էկրանային պատկերները մարդուն կտրում են իրական հոգևոր շփումից: Արիմանյան ուժերը կնոջ կենդանի, աստվածային ծագում ունեցող մարմինը վերածում են թվային կոդի, «փիքսելների» և լուսանկարչական ձևաչափի, որը զրկված է կենդանի հոգուց: Այստեղ տեղի է ունենում մարդու մարմնի «ապրանքայնացում» (ռեիֆիկացիա). կինը, չգիտակցելով, ինքն իրեն դնում է «ցուցափեղկում»՝ իր մարմինը վերածելով ապրանքի, որը դրվում է վիրտուալ շուկայում՝ օտար մարդկանց կողմից սպառվելու համար: Սա սպառողական հասարակության ամենախորը արիմանյան դրսևորումն է, որտեղ մարմինը կորցնում է իր սրբազան, հոգևոր տաճար լինելու իմաստը և դառնում զուտ տեսողական բովանդակություն (visual content): Արիմանը նաև խեղաթյուրում է ընտանիքի հիմքը՝ ամուսնությանը տալով զուտ մատերիալիստական, գործարքային բնույթ (որտեղ ամուսինը լոկ ֆինանսական միջոց է), իսկ սեքսուալությունը վերածում է սառը, տեխնիկական, տեսողական սպառման, որը հաշվարկված է կոնկրետ ալգորիթմների և մակերեսային արձագանքների վրա:

Երբ մարդու «Ես»-ը չի գտնում իր հոգևոր առաքելությունը, առաջանում է սարսափելի ներքին դատարկություն։ Կինը, չգիտակցելով ամուսնացած լինելու իր հոգևոր պատասխանատվությունը և չունենալով խոր ներքին կյանք, փորձում է այդ դատարկությունը լրացնել դրսից։ Օտար տղամարդկանց ցանկասեր հայացքները և վիրտուալ ուշադրությունը ժամանակավորապես տալիս են գոյության պատրանք, բայց դրանք չեն կարող սնել հոգին։ Արդյունքում կինը դառնում է ավելի ու ավելի կախյալ այդ արտաքին գնահատականներից՝ հեռանալով իր ճշմարիտ «Ես»-ից։

Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ