(հատված «Հյուսիսային պողոտա» անտիպ պոեմից)
Թեմզայի ափերից բերած մշուշներից
եթե «Պապլավոկի» Նինան
սուրճի բաժակի մեջ պաղպաղակ թորեր,
Վանո Սիրադեղյանը, ում մոտ
նախագահ էր աշխատում Լևոն Տեր-Պետրոսյանը,
Սև լճի վրա կիջնեին բազմերանգ կռունկներ
և կասեին՝ միացում:
Թեմզայի ափերից բերած մշուշներից
եթե հրանոթի արկերի փոխարեն պաղպաղակ թորեին,
Վազգեն Սարգսյանի հայտնի ապտակը
մատնահետքեր չէր թողնի մեծբրիտանացու
փքված դեմքի վրա:
Թեմզայի ափերից բերած մշուշներից
եթե Բաղրամյան փողոցի կենտրոնում չհայտնվեր
Մեծ չարդախլեցու արձանը՝ անկենդան ձիու վրա,
ապա իրիկնակը տյուս կգար Մռավի բարձունքից
և Մեծ չարդախլեցու զամբիկի մեջքին պարզած
մայր կմտներ այնտեղ, որտեղ կցանկանար:
Թեմզայի ափերից բերած մշուշներից
սև կատուները, անհավատարիմ շները,
մոռացված ավանակները գորշ գայլերի ոհմակների
հետևից ընկած վանկարկում էին՝
պաղ-պա-ղակ:
Այնքան, մինչև սեպտեմբերը դեղին պաղպաղակներ կթափեր ծառերից,
այնքան, մինչև նոյեմբերը Վանո Սիրադեղյանի
շուրթերով կասեր՝ ես չեմ դառնա քավության նոխազ,
այնքան, մինչև քավության նոխազներն ու ոչ նոխազները
սահմանն անցան և հոսեցին Թեմզայի անծանոթ ջրերով,
այնքան, մինչև «Պապլավոկի» Նինան արտասվեց
սև սուրճի ջարդված պռունկներով և
ջարդված պոչերով բաժակների մեջ:
Միացո՛ւմ:
Նորայր Գրիգորյան