Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Կրեմլից հնչող հանրաքվեի պահանջը պատահական չէ

Կրեմլից հնչող հանրաքվեի պահանջը պատահական չէ
28.07.2026 | 14:06


Երեկ, այսօր և հավանաբար նաև մոտակա օրերին հանրային քննարկման կենտրոնում է հայտնվել ՀՀ վարչապետ Փաշինյանի զանգը ՌԴ նախագահ Պուտինին: Որպես կանոն, այս զանգը համեմատում են մի քանի օր առաջ ԵՄ առաջատար լիդերներ Մակրոնի և Մերցի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների հետ: Ի՞նչ կարող եմ ասել. թերևս ներկայացնեմ մի քանի թեզեր, որոնք կարող են օգտակար լինել քննարկումն առարկայական դարձնելու համար: Առաջին՝ թերևս ամենակարևորը. Մակրոնի և Մերցի հետ հեռախոսազրույցները և ընդհանրապես արևմտյան կողմի հետ բարձր մակարդակի շփումներն ու բանակցությունները վերաբերվում են ամբողջությամբ Հայաստանի ապագային, հայ-ադրբեջանական խաղաղությանը և եվրոպական ինտեգրացիայի լուսավոր ու առաջադիմական տեսլականին: Պուտինի հետ հեռախոսազրույցը և ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացումները վերաբերվում են բացառապես ներկային՝ և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական ոլորտներում: Մի դեպքում խոսվում է լուսավոր ապագայի, մյուս դեպքում՝ առևտրատնտեսական սահմանափակումների մասին, որոնք ընդլայնվում են օրերի և ժամերի ընթացքում:

Երկրորդ. Կրեմլից հնչող հանրաքվեի պահանջը պատահական չէ: Սա չի նշանակում ճակատագրական որոշումներից առաջ ժողովրդավարություն: Կրեմլում հաստատ գիտեն, որ համապետական ընտրություններում պարտված, բայց իր կապերն ու ազդեցության լծակները պահպանած ռուսամետ ընդդիմությունը կարող է անակնկալներ մատուցել և համախմբել ռուսական սահմանափակումներից նյութական կորուստներ կրած քաղաքացիներին:

Երրորդ. Երևանի դիվերսիֆիկացիային և բալանսավորմանը արտաքին քաղաքական և տնտեսական ոլորտներում միանշանակ Մոսկվայում ասում են՝ ոչ, դա անընդունելի է ռուսական ներկա կառավարողների համար, որովհետև Ռուսաստանը պատերազմի մեջ է այն կենտրոնների հետ, որոնց հետ ինտեգրման ուղի է ընտրել Հայաստանի ներկա իշխանությունը: Տրամաբանությունը հետևյալ պարզ հարցադրումն է՝ հնարավո՞ր է արդյոք անդամակցել ռուսակենտրոն ԵԱՏՄ-ին և մյուս կառույցներին ու սկսել ինտեգրումը Ռուսաստանի հետ փաստացի պատերազմող ԵՄ-ին և ԱՄՆ-ին:

Չորրորդ. ծաղկի, ձկնեղենի և կաթնամթերքի սահմանափակումները առաջին ծիծեռնակներն են, և Կրեմլից հնչող վերջնական կողմնորոշման ուղերձը ցույց է տալիս, որ սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ ընդգրկելով էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտները: Ռուսական կողմը վստահ է, որ արևմտյան կառույցներն այս գործում Հայաստանին օգնելու հնարավորություն չունեն:

Հինգերորդ. Հայաստանում որոշումներ ընդունող կենտրոնների համար մատուցվում են այլ զարգացումների հեռանկարներ, որոնք հնարավոր է տարածվեն ՌԴ-ից եկող տրանսֆերների և ռուսահայ համայնքի վրա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 184

Մեկնաբանություններ