ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Եթե հասարակությունը կորցնում է մտածելու, կասկածելու և իշխանությունից հաշիվ պահանջելու կարողությունը, ապա խնդիրը վաղուց արդեն միայն իշխանությունը չէ

Եթե հասարակությունը կորցնում է մտածելու, կասկածելու և իշխանությունից հաշիվ պահանջելու կարողությունը, ապա խնդիրը վաղուց արդեն միայն իշխանությունը չէ
17.08.2026 | 12:05

Հայաստանում էլ ապշեցուցիչ է այն հեշտությունը, որով մարդկանց կարելի է վարժեցնել։

Ոչ մի կենսաբանական արատ չկա։ Գենետիկական առանձնահատկություններ էլ չկան։ Բոլորը նույն մարդկային բանականությունն ունեն, նույն ունակությունն ունեն հարցեր տալու, կասկածելու, համեմատելու և սեփական կարծիքը ձևավորելու։

Այնուամենայնիվ, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ հասարակության մի հատվածը աստիճանաբար վերածվում է քաղաքականապես վարժեցված զանգվածի, որի համար իշխանության խոսքը դառնում է ոչ թե քննարկման առարկա, այլ ճշմարտության վերջնական աղբյուր։

Այդպիսի հասարակության համար իշխանությունը այլևս կարիք չունի համոզելու։ Բավական է կրկնել նույն միտքը այնքան անգամ, մինչև այն վերածվի ռեֆլեքսի։

Քննադատությունը դառնում է «ատելություն», հարցը՝ «դավադրություն», անհամաձայնությունը՝ «թշնամություն», իսկ իշխանության սխալը՝ «անխուսափելի անհրաժեշտություն»։

Եվ ամենավտանգավորն այն է, որ սա պարտադիր չէ, որ տեղի ունենա որևէ գաղտնի ծրագրի կամ հատուկ «դաստիարակության» արդյունքում։ Բավական է, որ իշխանությունը երկար ժամանակ ունենա տեղեկատվական առավելություն, իսկ հասարակության մի մասը՝ քաղաքական անտարբերություն և սեփական դատողությունը ուրիշին վստահելու սովորություն։

Պետականությունը, ազգային արժեքները, պատմությունը, նույնիսկ արժանապատվությունը կարող են աստիճանաբար վերածվել քաղաքական քարոզչության գործիքների։

Իսկ երբ մարդն արդեն պատրաստ է ցանկացած իշխանության որոշում արդարացնել միայն այն պատճառով, որ դա «իրենցն» է, պետության համար սկսվում է ամենավտանգավոր փուլը։

Որովհետև այդ պահին իշխանությունը ոչ միայն կառավարում է երկիրը։ Այն սկսում է ձևավորել այն մարդկանց, որոնց այլևս կառավարելու համար ուժ էլ առանձնապես պետք չէ։

Բավական է ճիշտ ժամանակին ասել՝ ում հավատալ, ում ատել և ում մեղադրել։

Ու եթե հասարակությունը կորցնում է սեփական մտածելու, կասկածելու և իշխանությունից հաշիվ պահանջելու կարողությունը, ապա խնդիրը վաղուց արդեն միայն իշխանությունը չէ։

Խնդիրը հասարակությունն է, որը կամաց-կամաց վարժվում է չմտածել։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 247

Մեկնաբանություններ