ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Աբորտի հոգևոր աղետը, բժշկի խիղճը և քրիստոնյայի պատասխանատվությունը

Աբորտի հոգևոր աղետը, բժշկի խիղճը և քրիստոնյայի պատասխանատվությունը
17.08.2026 | 17:08

Այսօր, երբ աշխարհիկ հարթակներում քննարկվում է բժիշկ-գինեկոլոգ Հայկուհի Աղաջանյանի էթիկայի հարցը, ով համարձակություն է ունեցել սուր և անզիջում կերպով խոսել հղիության արհեստական ընդհատումների՝ աբորտների դեմ, մենք պարտավոր ենք հարցին նայել հոգևոր և աստվածաբանական անդրադարձով։ Մասնագիտական համերաշխությունը և էթիկական կանոնները կարևոր են, սակայն դրանք չեն կարող վեր դասվել բժշկի խղճի ազատությունից և կյանքի վերաբերյալ բարոյական համոզմունքից։ Աբորտը բժշկական սովորական միջամտություն չէ. այն հոգևոր աղետ է, որի պատասխանատվությունը կիսում են բոլոր մասնակիցները։

Աբորտի հոգևոր էությունը. սպանություն արգանդում

Քրիստոնեական աստվածաբանությունը հստակ սովորեցնում է, որ մարդկային կյանքը սկսվում է բեղմնավորման պահից։ Սաղմը սոսկ «բջիջների խումբ» չէ, այլ Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդկային կյանք։ Սուրբ Գրքում Աստված ասում է. «Քեզ դեռ որովայնում չստեղծած՝ ընտրեցի քեզ» (Երեմ․ 1:5): Հետևաբար, աբորտը հոգևոր տեսանկյունից որակվում է որպես մանկասպանություն, ընդ որում՝ ամենաանպաշտպան ու անմեղ էակի սպանություն, ով նույնիսկ ձայն չունի ինքնապաշտպանվելու համար։

Բժշկի մեղքն ու պատասխանատվությունը. կյանքի սպասավորից դեպի մահվան գործիք

Բժշկի կոչումը աստվածահաճո է. նա կարգված է կյանքը փրկելու, ցավը թեթևացնելու և Աստծո ստեղծագործությանը ծառայելու համար։ Երբ մանկաբարձ-գինեկոլոգը գիտակցաբար մասնակցում է չծնված կյանքի ընդհատմանը, քրիստոնեական բարոյականության տեսանկյունից նա հակադրվում է կյանքի պահպանության իր կոչմանը։

Հոգևոր հետևանքը բժշկի համար

Այն բժիշկը, ով գիտակցաբար մասնակցում է չծնված կյանքի կանխամտածված ընդհատմանը, քրիստոնեական բարոյականության տեսանկյունից իր խիղճը ծանրաբեռնում է ծանր մեղքով։ Իսկ եթե նման գործողությունը վերածվում է եկամտի աղբյուրի և նույնիսկ հպարտության առարկայի, խնդիրը դառնում է առավել ծանր։ Անմեղ կյանքի ընդհատումից ստացված նյութական շահը քրիստոնյայի համար չի կարող օրհնություն համարվել։ Այստեղ ակամա հիշվում է նաև «արյան գնի» սուրբգրային պատկերը՝ Հուդայի երեսուն արծաթը (Մատթ. 27։6)։

Դրդողի մեղքը. գաղտնի հանցակցություն

Հաճախ աբորտի միակ պատասխանատուն համարում են կնոջը կամ բժշկին, սակայն հոգևոր պատասխանատվություն է կրում նաև աբորտին գիտակցաբար դրդողը՝ դառնալով մեղսակից։ Դա կարող է լինել երեխայի հայրը, ով հրաժարվում է պատասխանատվությունից, կամ ծնողները, ովքեր սոցիալական կամ հասարակական «ամոթի» պատճառով ստիպում են կնոջը դիմել այդ քայլին։

Հոգևոր հետևանքը դրդողի համար. Նա, ով գիտակցաբար դրդում կամ ստիպում է կնոջը դիմել աբորտի, դառնում է այդ արարքի մեղսակից և ծանր հոգևոր պատասխանատվություն է կրում չծնված կյանքի ընդհատմանը մասնակցելու համար։

Մոր մեղքն ու պատասխանատվությունը. մայրական բնազդի դեմ ընդվզում

Մայրությունը կնոջը տրված բարձրագույն շնորհն է։ Երբ կինը համաձայնում է աբորտի, նա կատարում է ընտրություն, որը հակասում է իր աստվածատուր բնությանը։

Հոգևոր հետևանքը մոր համար. Աբորտը որոշ կանանց համար կարող է ուղեկցվել ծանր հոգեբանական ապրումներով՝ վշտով, մեղավորության զգացումով, ափսոսանքով կամ ներքին հակասություններով։ Իսկ քրիստոնեական հոգևոր տեսանկյունից գիտակցաբար կատարված աբորտը պահանջում է մեղքի գիտակցում, զղջում և ապաշխարություն։ Սակայն Եկեղեցին ապաշխարող մարդուն չի տանում հուսահատության, այլ բացում է Աստծո ողորմության և հոգևոր բժշկության ճանապարհը։

Պետության կարգավորիչ դերը. իրավական չեզոքությո՞ւն, թե՞ կյանքի պաշտպանություն

Պետությունն ու նրա օրենսդիր մարմինները կոչված են կարգավորելու հասարակական կյանքը՝ ելնելով ազգային շահից և պետության հարատևման տեսլականից։ Ժողովրդագրական ծանր մարտահրավերների առջև կանգնած երկրում աբորտների հետևանքով չծնված կյանքերի կորուստը նաև ժողովրդագրական անդառնալի կորուստ է։

Պետական քաղաքականությունը և բժշկի խղճի ազատությունը

Պետության կարգավորիչ դերը չպետք է սահմանափակվի սոսկ «կլինիկական ընթացակարգեր» կամ «մարդու իրավունքներ» սահմանելով։ Երբ պետական քաղաքականությունը բավարար չափով չի նպաստում չծնված կյանքի պաշտպանությանը, իսկ դրա դեմ բարձրաձայնող բժշկի խոսքը ենթարկվում է էթիկական քննության, անհրաժեշտ է առավել զգույշ լինել, որպեսզի մասնագիտական էթիկան չվերածվի խղճի ազատության սահմանափակման գործիքի։

Աստվածաշունչը խստորեն զգուշացնում է այն իշխանություններին ու ժողովուրդներին, որոնք անարդարությունը վերածում են օրենքի և հեռանում Աստծո արդարությունից (Ես. 10։1, Առակ. 14։34)։ Պետության իրական առաքելությունն է՝ ստեղծել այնպիսի բարոյական և սոցիալական մեխանիզմներ, որոնք կպաշտպանեն կյանքը՝ արգանդից մինչև բնական մահ։ Չի՛ կարելի մեղքը դնել օրենքի պատվանդանին։

Էթիկայի հանձնաժողովն իրավասու է գնահատելու բժշկի խոսքի ձևը և մասնագիտական էթիկայի պահանջների պահպանումը։ Սակայն խոսքի հնարավոր կոշտությունը չպետք է նույնացվի նրա բարձրացրած բարոյական խնդրի անընդունելիության հետ։ Բժիշկը կարող է պատասխանատվություն կրել արտահայտման ձևի համար՝ միաժամանակ ունենալով լիարժեք իրավունք և խղճի պարտականություն բարձրաձայնելու աբորտի վերաբերյալ իր բժշկական, բարոյական և կրոնական համոզմունքները։

Նրանք, ովքեր աբորտը դարձրել են արհեստ, պետք է հիշեն. մարդկային դատարաններից կարելի է խուսափել, բայց Աստծո դատաստանից և սեփական խղճի պատժից փախչելն անհնար է։ Միակ փրկությունը ոչ թե ճշմարտությունը բարձրաձայնողներին լռեցնելն է, այլ կատարվածի գիտակցումը, սթափությունը և անկեղծ ապաշխարությունը։

Այսպիսով, յուրաքանչյուր ազգի ու պետության ապագան կախված է նաև նրանից, թե ինչպես է նա վերաբերվում իր ամենատկար և անպաշտպան անդամներին։ Երբ բժշկի խիղճը բողոքում է անմեղ արյան հեղման դեմ, դա հոգևոր ահազանգ է՝ ուղղված մի ամբողջ ժողովրդի։ Մենք իրավունք չունենք լռեցնելու այդ ձայնը։ Ցանկալի կլիներ, որ Էթիկայի հանձնաժողովն այս հարցը բազմակողմանի ուսումնասիրեր և հանրային առողջապահության ու մասնագիտական էթիկայի շրջանակում բարձրացներ նաև չծնված կյանքի պաշտպանության և աբորտների կանխարգելմանն ուղղված համակարգային առաջարկների անհրաժեշտության հարցը։ Քանզի միայն Աստծո պատվիրաններին ապավինելով և անմեղ կյանքը սրբությամբ պահպանելով է, որ կարող ենք կերտել հոգեպես առողջ, հզոր և օրհնյալ Հայրենիք։

Հ․Գ․ Մեջբերում եմ նաև Տեր Եսայի քահանա Արթենյանի հարցազրույցից մի հատված:

«Կան դեպքեր, երբ եկեղեցին հասկանում է, որ այլ տարբերակ չկա և դա մեղք չի համարում։ Օրինակ՝ երբ կյանքին վտանգ է սպառնում։ Երբ հարցը դրված է այնպես, որ պտուղը չի ապրի և հղիության շարունակության դեպքում նաև կվտանգի ծնողի կյանքը, միանշանակ, այստեղ եկեղեցին որևէ արգելք կամ սահմանափակում չի դնում։ Հոգևոր առումով այդտեղ մեղքի հանգամանք չկա։ Բայց ուրիշ հարց է, երբ պտուղը լինում է կամ բժիշկները կանխատեսում են, որ պտուղը կլինի հիվանդ, թերհաս, և դրանից ելնելով՝ ծնողները որոշում են գնալ հղիության արհեստական ընդհատման, սա միանշանակ դատապարտելի է»:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ