Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Թողեք, որ մայրը խոսի իր զավակների հետ, մի՛ կտրեք նրա լեզուն»

«Թողեք, որ մայրը խոսի իր զավակների հետ, մի՛ կտրեք նրա լեզուն»
25.08.2026 | 13:12

17-րդ դարում, երբ պարսիկները օսմանցիներից գրավում են Արարատյան գավառը, շատ ավերածությունների շարքին, քանդում են նաեւ բոլոր Եկեղեցիների զանգակատները:
Երբ քանդող բանակը մոտենում է Վաղարշապատին (Էջմիածին քաղաքի պատմական անունը), հրամանատարը լուր է ուղարկում զորքերի սպարապետին. «Աշխարհի բոլոր հայերի ամենամեծ Սրբարանի` Էջմիածնի Մայր Տաճարի առջեւ ենք, արդյոք պե՞տք է քանդենք նրա զանգակատներն էլ»:
«Ոչ,- լինում է սպարապետի պատասխանը,- թողեք, որ մայրը խոսի իր զավակների հետ, մի' կտրեք նրա լեզուն»:
Պատասխանն ավելի քան անսպասելի ու զարմանալի է այդպիսի դաժան եւ սարսափ ազդող դահիճների կողմից, բայց իրողություն է:
Սուրբ Էջմիածինը եղել է մեր Մայրը, իր թեւերի տակ առել իր վիրավոր զավակներին, իր վերջին շուրջառն ու վեղարը պատռել` սպեղանի եւ բալասան դարձնելու համար իր վիրավոր ձագերին:
Նա մեր փառքն է, խիղճն է, որովհետեւ ինչ որ ունենք աշխարհին ներկայացնելու մենք այդ բոլորն ստացել ենք Սուրբ Էջմիածնի միջոցով:
Թուլացնել Սուրբ Էջմիածինը, նշանակում է սառեցնել Հայ Ժողովրդի ոգին: Սուրբ Էջմիածինը կա եւ պիտի մնա մեր հավատի Սրբություն Սրբոցը:
Հայ Եկեղեցին այն միակ վայրն է, ուր մեր հոգիները թարմանում են: Օտարները կարիք չունեն Եկեղեցու շաղախին իրենց դիմագիծը պահելու համար, բայց վայ այն հայ քրիստոնյային, որը կհեռանա եւ կմոռանա Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ Սուրբ Էջմիածնի ճանապարհը:
Փառք Սուրբ Էջմիածնին, թող անսասան մնա մեր հավատի Տունը Արարատի անմիջական շուքի ներքեւ, որպեսզի Լուսավորչի անմար կանթեղից ճառագայթող անմահության լույսը պայծառ շողա մեր ամբողջ ժողորդի վրա, ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի: Ամեն:

Հովսեփ ավագ քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Հատված «Ճշմարտության բանալին» գրքից
Դիտվել է՝ 76

Մեկնաբանություններ