Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ամենանողկալին այն է, որ մոդայիկ հակառուսականության պարագայում ռուս տուրիստն է դարձել տնտեսության փրկիչը

Ամենանողկալին այն է, որ մոդայիկ հակառուսականության պարագայում ռուս տուրիստն է դարձել տնտեսության փրկիչը
31.08.2026 | 13:15

ԱՊՀ բոլոր երկրներն էլ Ռուսաստանի հետ խնդիրներ են ունեցել, հաճախ՝ ավելի լուրջ, քան Հայաստանը: Օրինակ՝ Ղրղզստանը ռուսական ռազմաբազների ներկայության շուրջ բազմիցս նոր պահանջներ է ներկայացրել Ռուսաստանին: Հարաբերությունները մի քանի անգամ լարվել են այն աստիճան, որ երկրում հեղաշրջումներ են տեղի ունեցել: Բայց ղրղզները արդյունքում Ռուսաստանի հետ ունեն բավականին շահավետ հարաբերություններ և միաժամանակ հարաբերություններ են կառուցում Չինաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ: Ավելին, տարիներ առաջ ԱՄՆ-ը ռազմաբազա ուներ Ղրղզստանում՝ ռուսական բազայի առկայության պայմաններում:

Շատ վառ օրինակ է հենց Բելառուսը: Լուկաշենկոյի օրոք ռուս-բելառուսական հարաբերությունները բազմից սրվել են այն աստիճան, որ խոսվում էր ռուսական ռազմական ներխուժման և հեղաշրջման վտանգի մասին: Բայց արդյունքում Ռուսաստանը Բելառուսում գրեթե անվճար կառուցեց նոր ատոմակայան, Լուկաշենկոն ռուսներին չտվեց էներգետիկ ոլորտը, արտոնյալ կարգավիճակով բելառուսական ապրանքները վաճառվում են ռուսական շուկայում: Լուկաշենկոն միաժամանակ ամուր հարաբերություններ է կառուցել Չինաստանի հետ, բոլոր բարդ ժամանակներում չերևացող խողովակներով հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ:

Ուզբեկստանը ՀԱՊԿ-ի անդամ էր, սակայն միակողմանի լքեց այդ կառույցը: Այդ երկրի ղեկավար Քարիմովը պարզապես արհամարհում էր Կրեմլը, հարաբերություններ էր կառուցել Չինաստանի, Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի հետ: Այժմ Ուզբեկստանը Ռուսաստանի հետ ունի շատ լավ հարաբերություններ, ռազմական կործանիչ օդանավեր է ձեռք բերում Չինաստանից, ԱՄՆ-ի ու ԵՄ ղեկավարները փորձում են սիրաշահելով ավելի լավացնել հարաբերությունները Ուզբեկստանի հետ:

Ղազախստանի ու Ռուսաստանի հարաբերություններն ավելի սերտ ու բարդ են: Այդ երկիրը զրոյից ստեղծել են ռուսները, կան ռուս-ղազախական բազմաթիվ հակասություններ, ՀԱՊԿ-ի օգնությամբ Տոկաևը մնաց իշխանության ղեկին: Ղազախստանը լավ հարաբերությունների մեջ է Չինաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ...

Թուրքմենստանը, Ռուսաստանից դիստանցիա պահպանելով, միևնույն է, լավ հարաբերություններ ունի ռուսների հետ: Փաստացի դիկտատորական համակարգի առկայությամբ՝ նաև լավ հարաբերություններ ունի Չինաստանի, ԱՄ- ի և ԵՄ-ի հետ:

Տաջիկստանը, ոչ պակաս բարդ աշխարհագրական դիրքում գտնվելով հանդերձ, սահմանակից լինելով Աֆղանստանի պես անկայուն երկրին, դիմակայեց և ամրապնդեց իր հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ գերտերությունների հետ:

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններին քաջատեղյակ ենք, չծավալվենք: Ազերիները շահած վիճակում են:

Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ավելի բարդ են, սակայն Վրաստանը այդ պարագայում կարողացել է մեկ ոտքով մտնել Եվրամիություն: Բայց տնտեսական հարաբերությունները բարվոք վիճակում են, վրացիները թե՛ իրենց ապրանքն են վաճառում ռուսական շուկայում, թե՛ հայկական ու ադրբեջանական:

Կարելի է օրինակների շարքը երկար թվարկել ու համեմատել:

Բայց, գրողը տանի, չկա մի երկիր, որ Հայաստանի պես հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ: Արդեն քանի՞ տասնամյակ ՀՀ ոչբարով ղեկավարները վիզծուռ վիճակում գնում են Պուտինի հետ հանդիպման, կարծես այդ հանդիպումներից կախված է ողջ ազգի ճակատագիրը: 2018-ին Սերժին մերժելիս՝ շատերի հույսը ոչ թե պայծառ ապագան էր, այլ այն, որ սերժավիճակից դուրս կգանք վերջապես: Չենք գնա Նազարբաևի ու Լուկաշենկոյի, էլ չասենք Պուտինի առաջ վիզ ծռելու, նվաստանալու:

2018-ից անցել է 8 տարի, մենք կրկին նույն ամոթալի վիճակում ենք: Արտաքին քաղաքականության ոլորտում ունենք ԶՐՈ արդյունք: Արտաքին քաղաքականությունը ձախողելուց հետո, ԱԳՆ-ն դառնում է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն: Է՜, Հայաստանի Հանրապետությունն էլ վերանվանեք Հայաստանի Առևտրային Հանրապետության, դա ավելի համահունչ է, քանզի, մեր անկախացումից ի վեր, ՀՀ բոլոր ոչբարով ղեկավարների միակ գործառույթը եղել է առևտուրը: Ազգային ու պետական շահերի վաճառքը օտար երկրներին և կազմակերպություններին՝ հանուն իշխանությունը պահելու:

Միջինասիական հանրապետություններին վերևից էի՞նք նայում, տեսեք՝ ինչ մակարդակի վրա են նրանք, ինչ մակարդակում ենք մենք: Մտեք Յութուբ և դիտեք այդ երկրների մասին պատմող հոլովակներ: Համեմատեք Բիշքեկը, Դուշանբեն, Տաշքենդը, Աստանան, Բաքուն ու մյուս մայրաքաղաքները ծառահատված, փոշու և փնթի շինարարության մեջ սպանված Երևան գյուղաքաղաքի հետ:

Երևանի միակ պարծանքը ռուս տուրիստների հիմար վիդեոներն են, որից մեր անուղեղ հատվածը հալվում է: Նորելուկ ԱԽՔ-ն էլ ավելի շատ ռուս տուրիստների է հրավիրում:

Ի դեպ, կարելի է ԱԽՔ-ն էլ վերանվանել՝ Անվտանգության և առևտրի խորհուրդ կամ Անվտանգության և ռուսական տուրիզմի խորհուրդ:

Խնդիրը Ռուսաստանը չէ, Թուրքիան չէ, Ադրբեջանը չէ, ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն: Միակ խնդիրը ինքներս ենք, մեր տհաս ու ամոթալի մենթալիթետն է: Նույն ամոթալի վակխանալիան նաև ներքին կյանքում է: Մենք ոչ միայն արտաքին աշխարհի հետ հարաբերվել չգիտենք, այլև՝ միմյանց հետ, դա է իրականությանը:

Ձևավորվել է տեսակ, որին ոչինչ վստահել չի կարելի:

Գյուղ ես վստահում, գյուղի հողերն է ծախում, գյուղը կանգնեցնում է կործանման եզրին:

Քաղաք ես վստահում, քաղաքի հողերն ու մայթերն է ծախում, մանկապարտեզն ու դպրոցը, այգին ու ենթակառուցվածքներն է քանդում ու ծախում, գողանում է ինչ հնարավոր է: Իր հայրենի ծննդավայրը վերածում է Աղդամի:

Պետություն ես վստահում, հողերն է ծախում, ԹՐԻՓ է տալիս, ընդերքն է տալիս, էներգետիկան է տալիս օտարներին: Ավերում ու ոչնչացնում է ինչ հնարավոր է:

Դատարան ես վստահում, դատարանը վերածում է պետքարանի:

Այսպես՝ բոլոր բոլոր ոլորտներում:

Եվ այս ամենից հետո սկսվում է մեղավորի փնտրտուքը:

Կամ թուրքն է մեղավոր, երբ թուրքը պարզապես չկա, ազերուց թուրք է կերտվում, և նրան են հասցեագրվում բոլոր մեղադրանքները:

Ծանրակշիռ մեղադրյալ են Ռուսաստանն ու ռուսները, այժմ դա շատ մոդայիկ է, հատկապես՝ անասնաֆերմայի ամենապռոդվինուտի հատվածի մոտ:

Բայց այստեղ ամենանողկալին այն է, որ մոդայիկ հակառուսականության պարագայում ռուս տուրիստն է դարձել տնտեսության փրկիչը, ռուս տուրիստի վրա է կառուցված ողջ ներքին առևտուրն ու ծառայությունների ոլորտը:

Հերթապահ մեղադրյալներ են ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Վրաստանը, Իրանը, Իսրայելն ու հրեաները...

Բոլոր-բոլորը մեղավոր են, բացի՝ մեզանից: Արժեհամակարգ գոյություն չունի, որտեղ ոտք դնես՝ սուզվում ես: Արժեհամակարգի ամենափոքր փշրանքի վրա կանգնած ցանկացած մարդ այս հասարակության աչքի գրող ու ավելի մեծ թշնամի է, քան՝ թուրքն ու ռուսը...

Արա Արայան

Դիտվել է՝ 120

Մեկնաբանություններ