Ռուսաստանին Հայաստանից հեռացնում է ոչ թե Փաշինյանը, այլ Ռուսաստանն ինքն է հեռանում Հայաստանից։
Ես սա ասում եմ ոչ թե այսօր առաջին անգամ։ Տարիներ շարունակ պնդել ենք, որ Հայաստանից, Արցախից և ընդհանրապես Հարավային Կովկասից Ռուսաստանի ազդեցության նվազումը պետք չէ ներկայացնել բացառապես որպես Փաշինյանի իշխանության «հաջողության» արդյունք։
Եվ ահա երեկվա Պուտինի հայտարարությունը այս հարցում առնվազն մտածելու լուրջ տեղիք է տալիս։
Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ եթե Հայաստանը գտնում է, որ 102-րդ ռազմաբազան իրեն պետք չէ, Ռուսաստանը կարող է հեռանալ՝ նույնիսկ «վաղը»։
Հիմա մի պահ կանգ առնենք։
Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսին է եղել պուտինյան Ռուսաստանի քաղաքականությունը։ Սա այն Ռուսաստանն է, որը տարիներ շարունակ իր ռազմավարական ազդեցությունը պահպանել է ոչ միայն դիվանագիտական միջոցներով, և որը միջազգային իրավունքի նկատմամբ իր վերաբերմունքը բազմիցս ցույց է տվել թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում, թե՛ այլ ուղղություններով։
Այդպիսի պետությունը հանկարծ ասում է՝ «չե՞ք ուզում՝ կգնանք»։
Իսկ ինչո՞ւ։
Եթե Հայաստանից Ռուսաստանի հեռանալը բացառապես Փաշինյանի իշխանության կողմից իրականացվող գործընթաց լիներ, ապա Մոսկվայի դիրքորոշումը տրամաբանական կլիներ պատկերացնել որպես՝ «Ուկրաինայի օրինակով»։
Բայց մենք լսում ենք հակառակը։
«Եթե չեք ուզում՝ կհեռանանք»։
Սա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը որոշել է վաղը լքել Հայաստանը։ Չի նշանակում նաև, որ Մոսկվան հրաժարվել է Հարավային Կովկասից։
Բայց սա կարող է նշանակել մեկ շատ կարևոր բան․ Ռուսաստանի համար Հայաստանի ռազմական ներկայությունը և տարածաշրջանում իր նախկին դիրքերի պահպանման մեթոդները այլևս այն նույն արժեքը կամ հնարավորությունը չունեն, ինչ ունեին նախկինում։
Ուրեմն գուցե մենք սխալ հարց ենք տալիս։
Ոչ թե՝
«Ինչպե՞ս Փաշինյանը Ռուսաստանին դուրս հանեց Հայաստանից»,
այլ՝
«Ինչո՞ւ Ռուսաստանն ինքն է սկսել փոխել իր վերաբերմունքը Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ»։
Ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի ռեսուրսների և առաջնահերթությունների փոփոխությունը, տարածաշրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի դերերի մեծացումը, Իրանի գործոնը, Արևմուտքի ակտիվացումը և Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի նախկին ազդեցության մոդելի թուլացումը՝ այս ամենը պետք է դիտարկել միասին։
Փաշինյանի իշխանությունը, իհարկե, իր քաղաքականությամբ կարող էր արագացնել կամ խորացնել որոշ գործընթացներ։ Բայց Ռուսաստանի տարածաշրջանային դիրքերի փոփոխությունը միայն Փաշինյանի քաղաքականության հետևանքով ներկայացնելը չափազանց պարզունակ բացատրություն է։
Եվ այստեղ կա ևս մեկ հետաքրքիր հանգամանք։
Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը 102-րդ ռազմաբազան դուրս բերելու ծրագիր չունի։
Այսինքն՝ Երևանը չի ասում՝ «Ռուսաստան, հեռացի՛ր», իսկ Մոսկվան ասում է՝ «եթե պետք չէ՝ մենք կգնանք»։
Ուստի ես կրկին վերադառնում եմ տարիներ շարունակ մեր ասած մտքին.
Ռուսաստանին Հայաստանից ոչ միայն չեն «հեռացնում»․ Ռուսաստանն ինքն է աստիճանաբար հեռանում այն դիրքերից, որոնք նախկինում համարում էր կենսական։
Իսկ եթե դա այդպես է, ապա պետք է հասկանալ ոչ թե միայն՝ ով է Ռուսաստանին հեռացնում, այլ՝ ինչու է Ռուսաստանը սկսել նահանջել Հայաստանից։
Որովհետև հենց այդ հարցի պատասխանը կարող է մեզ ցույց տալ, թե իրականում ինչ է կատարվում Հարավային Կովկասում։
Գևորգ Կարապետյան