Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ինչպես տնտեսությունը զենքի վերածել

Ինչպես տնտեսությունը զենքի վերածել
04.09.2026 | 12:01

Անգլերենում կա «weaponization» եզրույթը։ Դա նշանակում է որևէ բան զենքի վերածել։ Ներկայում միջազգային հարաբերություններում դիտվում է մի նոր երևույթ, որի մասին ես խոսում էի մի քանի տարի առաջ՝ տնտեսության և տնտեսական ինտեգրման զենքայնացումը։

1940-ականներին սկսված եվրոպական ինտեգրման գործընթացը հետապնդում էր մեկ նպատակ՝ միավորել եվրոպական տնտեսությունները՝ սկսած Գերմանիայից և Ֆրանսիայից, որպեսզի կանխվեն ապագա պատերազմները։ 50 տարի անց այս նախագիծը գլխիվայր շրջվեց․ տնտեսական ինտեգրումը վերածվեց քաղաքական զենքի, որը հանգեցրեց Եվրոպայի նոր բաժանմանը թշնամական ճամբարների։ Մեր հանճարեղ քաղաքական գործիչների ևս մեկ հաղթանակ։

1980-ականների վերջերին խոստացված միասնական Եվրոպայի փոխարեն այսօր ունենք նոր երկաթյա վարագույր և նոր ճակատային գծեր՝ քաղաքական ու տնտեսական սահմաններով։

Գաղտնի պետական քարոզիչները հայերին ստիպել են մտածել, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի կամ Եվրոպայի հետ ինտեգրվելու միջև։ Տնտեսական ինտեգրումը զենքի է վերածվել՝ Հայաստանին կապիտուլյացիայի մղելու համար։

Վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպան ընդունել է տասնյակ նոր անդամ երկրներ։ Նրանցից ոչ մեկը ստիպված չի եղել զիջել տարածքներ՝ ո՛չ Հունաստանը/Կիպրոսը, ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ որևէ մեկը։

Եվրոպան առևտրային համաձայնագրեր ունի տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, և ոչ ոք նրանց չի ստիպում զիջել տարածքներ, ենթարկել բնակչությանը էթնիկ զտումների, խզել կապերը տնտեսական գործընկերների հետ։ Սակայն հայերը պետք է զիջեն, քանի որ ունեն կառավարություն, որը հնազանդորեն կատարում է արտասահմանյան բոլոր հրամանները։

Եվրոպան տնտեսական համաձայնագրեր ունի Լատինական Ամերիկայի, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի երկրների (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ և այլն), Կենտրոնական Ամերիկայի, «Գլոբալ ասոցիացիա» խմբի երկրների (Գվատեմալա, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Չիլի և այլն), Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան երկրների, եվրո-միջերկրածովյան տարածաշրջանի պետությունների (Եգիպտոս, Իսրայել, Լիբանան, Թունիս, Հորդանան և այլն) հետ։ Ոչ ոք չի փորձել ստիպել այս երկրներին հրաժարվել այլ գործընկերների հետ տնտեսական կապերից, և ոչ ոք նրանց ԵՄ անդամակցություն չի խոստացել։ Բայց Հայաստանը, ինչպես միշտ, պետք է զոհ դառնա և վճարի Բրյուսելի համաշխարհային խաչակրաց արշավանքի համար։

Թուրքիան ԵՄ-ի հետ կնքել է «Երկկողմ արտոնյալ համաձայնագիր»։ Թուրքիան ԵՄ-ում բանջարեղենի չորրորդ խոշոր ներկրողն է և մրգերի յոթերորդ խոշոր ներկրողը։ Ոչ ոք չի փորձել ստիպել Թուրքիային ընտրություն կատարել եվրոպական շուկաների և Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի ու Ասիայի, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների գործընկերների միջև։

Որովհետև այս երկրներն ընտրել են առաջնորդներ, որոնք պաշտպանել են իրենց շահերը, այլ ոչ թե հանգեցրել կապիտուլյացիայի։

Ինչ վերաբերում է սահմանների բացման և ավելի խոշոր տնտեսական շուկա մտնելու հետևանքներին, ապա դրանք կարելի է կանխատեսել Հունաստանի, Լատվիայի, Բուլղարիայի և այլ երկրների օրինակով։ Սա կոչվում է «ասիմետրիկ ինտեգրացիա»։ Հետևանքները հետևյալն էին․

- Մանր արտադրողների սնանկացում, որոնք չեն կարողանա մրցակցել խոշոր արտասահմանյան արտադրողների հետ, որոնք ապրանքներն առաջարկում են ավելի ցածր գներով։

- Արտասահմանյան ընկերությունները գնում են տեղական մանր ընկերությունները։

- Էժան արտասահմանյան ապրանքները հեղեղում են տեղական շուկան։

- Աճող առևտրային դեֆիցիտ։

- Աճող արտաքին պարտք, պարտքային և սուբսիդավորման թակարդում հայտնվելը։

- Սեփական տնտեսության նկատմամբ վերահսկողության կորուստ։

Մնացած բոլոր երկրները պաշտպանել են իրենց շահերը։ Մենք ընտրել ենք այս մարդկանց և համաձայնել հետևանքների հետ։ Թող այդպես էլ լինի։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ