Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

ՈՒղերձը՝ հայրենազրկված ժողովրդին, չի շոշափում մի շարք առանցքային հոգևոր հարցեր

ՈՒղերձը՝ հայրենազրկված ժողովրդին, չի շոշափում մի շարք առանցքային հոգևոր հարցեր
04.09.2026 | 13:25

Արցախի անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Արցախի թեմի առաջնորդը հանդես է եկել օրհնության խոսքով (հղումը՝ Հ․Գ․-ում)։
Գնահատելի է, որ Թեմի առաջնորդն իր խոսքում հավատացյալ ժողովրդին առաջնորդում է դեպի հոգևոր խորքերը՝ անկախության կորստի ու տեղահանության ծանր պահին առաջնային տեղ տալով հավատքի անխախտությանը։ Ուղերձում առանցքային է Քրիստոսի Հարության պատգամը, որը վշտահար սրտերին մխիթարություն է բերում և վանում հուսահատության մեղքը։ Խոսքը հագեցած է եղբայրասիրության, աղոթքի և նահատակաց հիշատակի առջև խոնարհվելու սրբազան կոչերով, ինչն անհրաժեշտ հոգևոր բալասան է հայրենազրկության ցավն ապրող հոգիների համար։
Սակայն մեր օրերում հայրենազրկված ժողովրդին ուղղված ուղերձը չի շոշափում մի շարք առանցքային հոգևոր հարցեր, որոնք անհրաժեշտ են ողջ հայ ժողովրդին։ Մասնավորապես․
Ինչպե՞ս պետք է վերանորոգվի ազգային ու հոգևոր ուխտը։
Ուղերձում նշվում է «ազգային ու հոգևոր ուխտի վերանորոգման» մասին, սակայն հոգևոր առումով ուխտը միայն զգացմունք կամ հիշողություն չէ։ Այն ենթադրում է ապաշխարություն, մտքի ու կյանքի փոփոխություն, հավատարմության նորոգում Աստծո հանդեպ (Բ Մնաց. 7։14, Երեմ. 3։12–14) և վերադարձ այն քրիստոնեական արժեքներին, որոնցով ապրել են մեր հայրերը։
Ժողովուրդը կարիք ունի ոչ միայն մխիթարության, այլ նաև հոգևոր առաջնորդության՝ հասկանալու, թե ինչպես է վերանորոգվում իր ուխտն Աստծո հետ, ինչպես պետք է հաղթահարել հոգևոր թմրությունը, անտարբերությունն ու մեղքերը, որոնք տկարացնում են ժողովրդի հոգևոր ողնաշարը (Հռոմ. 12։2)։
Սուրբ Գիրքը լի է նման օրինակներով, որոնք պետք է մշտապես ներկայացվեն հոտին՝ ժողովրդին Տիրոջ շուրջ համախմբելու, Աստծո սպառազինությունը հագնելու, միաբանությունը զորացնելու, հուսահատությունն ու վախը վանելու և չարի փորձություններին ու որոգայթներին դիմակայելու համար (Եփես. 6։10–18, Փիլիպ. 2։1–4)։
Ո՞րն է վերադարձի հոգևոր տեսլականը։
Խոսքում Արցախն ու նրա սրբավայրերը՝ Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը, Ղազանչեցոցը, ներկայացվում են որպես «աղոթքի կարոտով լցված» վայրեր։ Դա ուղերձին տալիս է որոշակի խոր կարոտի և կորստի հիշողության երանգ։
Սակայն Աստվածաշնչյան փորձառության մեջ հայրենի հողը միայն աշխարհագրություն կամ հիշողություն չէ․ այն կարող է լինել Աստծուց ստացված ժառանգության, պատասխանատվության և սերունդների ուխտային հիշողության կրողը։
Բաբելոնյան գերության մեջ գտնվող ուխտի ժողովուրդը չէր սահմանափակվում Երուսաղեմը միայն հիշելով․ նա աղոթում էր, ապաշխարում և պահպանում վերադարձի հույսը (Երեմ. 29։10–14, Դան. 9։2–19, Սաղմ. 136։5–6)։ Այդ աստվածաշնչյան փորձառությունը կարևոր հոգևոր օրինակ է նաև հայրենազրկված ժողովրդի համար։
Հայրենյաց տուն վերադառնալու հույսը չպետք է վերածվի միայն անցյալի կարոտի։ Այն պետք է պահպանվի աղոթքի, ապաշխարության, ազգային հիշողության և Աստծո ողորմության հանդեպ վստահության մեջ՝ վերադարձը խնդրելով Նրանից որպես պարգև (Գ Թագ. 8։46–50)։
Ինչպե՞ս վառ պահել արդարության և սրբությունների պաշտպանության հոգևոր պահանջը։
Քրիստոնեությունը միայն լռելյայն համակերպում չէ, այլև ճշմարտության ու արդարության վկայություն․ քրիստոնյան կոչված է չմասնակցելու խավարի անպտուղ գործերին, այլ դրանք հանդիմանելու (Եփես. 5։11–13)։
Ուղերձում կարող էր ավելի հստակ հնչել ճշմարտության ձայնը՝ ընդդեմ չարի, բռնության և սրբապղծության։ Հայրենի սրբավայրերի լքվածությունը, ոչնչացումն ու պղծումը պահանջում են ոչ միայն մխիթարություն, այլև հոգևոր արթնություն, ճշմարտության անդադար վկայություն և արդարության վերականգնման համար աղոթք։
Արդարության պահանջը քրիստոնյայի համար վրեժխնդրության կամ պատերազմի կոչ չէ․ այն ճշմարտությունը չլռեցնելու, չարի հետ չհամակերպվելու, բարիով չարին հաղթելու և արդարության վերականգնումն Աստծուց խնդրելու պարտականություն է (Հռոմ. 12։19-21)։
Հայրենազրկված ժողովրդին անհրաժեշտ է ոչ միայն լսել՝ «մի՛ հուսահատվեք», այլև հասկանալ՝ ինչպե՞ս ապաշխարել, ինչպե՞ս վերանորոգել ուխտը, ինչպե՞ս պահպանել վերադարձի հույսը և ինչպե՞ս հավատարմորեն վկայել ճշմարտության ու արդարության մասին։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ․Գ․
Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ