Գինին, որ այդպես էլ չլցվեց իմ բաժակի մեջ, մի օր կլցվի հիշողությանս դատարկ հնձանի մեջ:
Կմնա ու կթթվի այնտեղ` իմ հիշողության տաք ամառներում: Հո չի՞ կորչելու անհետ, անհիշատակ:
էն հովիտների ծաղիկը, որն այդպես էլ չհայտնվեց իմ ձեռքերում, ոտքի վրա կչորանա ու դեղին սպասում կդառնա հոգնած օրերիս էջերի մեջ:
Ջահել արահետը կգնա, կգնա, կմոլորվի անտառներում ու մի օր էլ հետ կդառնա ծերացած ու մազերը թափված պանդուխտի նման։
Հետ կգա` մոլորված ճանապարհներին կորցրած ինձ:
Կանաչ խոտերը, որոնք իմ ծիծաղներով պիտի ջրվեին, երե՞կ էր, թե՞ առաջին օրը մեռան սպասելով և այդպես էլ պառկեցին քնելու առանց ինձ:
Մի փոշմանած երգ ծնվեց երեկ լուսաբացին, ծղրտաց, իրեն սարուձոր գցեց, բայց ապրելու սիրտ չգտավ:
Հույսը կորցրեց: Գնաց, խառնվեց ջրվեժի երգին ու իրեն ցած գցեց անտառի բարձր ժայռերից: Ընկավ, փշրվեց կաթիլ-կաթիլ, իմ չերգած երգերից էր, հաստատ. աչքերից ճանաչեցի:
Ես խնամքով եմ պահում իմ ծիծաղները, որոնք ոչ մի օր դեռ չեմ գործածել:
Դրանցով մի օր գունավոր բանաստեղծություն կհյուսեմ ու կդնեմ իմ ապրած ու չապրած օրերի գլխին:
֊Ա՛յ կտեսնես...
Ժաննա Հայրապետյան