Արագ փոփոխվող իրավիճակներում, երբ աշխարհը անխուսափելիորեն գնում է ուժային միաբևեռությունից դեպի ինչ-որ տեսակի բազմաբևեռություն, գլոբալ հակամարտության բոլոր կողմերից պահանջվում է գտնել նոր իրավիճակներին օպերատիվ ձևով ադապտացվելու միջոցներ։
Այս իմաստով շատ հետաքրքիր է Եվրոպայի և, առաջին հերթին, նրա տնտեսության առաջ մղող ավանդական կենտրոնի, այսինքն, Գերմանիայի քաղաքականությունը։
Մինչև վերջերս Գերմանիայի տնտեսական հաջողությունը հենվում էր երեք հանգամանքների վրա.
1․ Էժան էներգակիրները Ռուսաստանից:
2․ Արդյունաբերական էքսպորտը դեպի Եվրասիա, այդ թվում՝ Չինաստան:
3․ Անվտանգության իմաստով էլ՝ իր թիկունքում կանգնած ԱՄՆ-ը։
Ներկայում իրավիճակը կտրուկ փոխվել է երեք հիմնական պատճառներով։
1․ Արևմուտքի խորին համոզվածությունը, որ ԽՍՀՄ-ի կոլապսը աշխարհում լիբերալ-դեմոկրատիայի վերջնական հաղթանակն էր, որին էլ հետևեցին այդ գաղափարին համապատասխան գլոբալ ուժային մոտեցումները ռեսուրսների համար պայքարում՝ ներառյալ իշխանությունների ու կապիալի կողմից տեխնոլոգիաների և ֆինանսների արտահանումը էժան աշխատուժով երկրներ։
2․ Այդ քաղաքականության հետևանքով Չինաստանի վերելքը՝ որպես ունիվերսալ հզորություն և գերտերություն։
3․ Ռուսաստանի վերածնունդը՝ որպես ռազմական գերտերություն, մի շարք պատճառներով, ներառյալ՝ աշխարհում ամենամեծ ռեսուրսների տերը լինելը և ՆԱՏՕ-ի սիստեմատիկ շարժը դեպի արևելք։
Այս ամենի անխուսափելի հետևանքները եղան սկզբում ուկրաինական և, հետո էլ, Իրանի պատերազմները՝ իրենց հայտնի հետևանքներով։
Աստիճանաբար հաստատվող նոր իրավիճակում Եվրոպայի և Գերմանիայի նախկին երեք հիմնական հենարաններից հետք անգամ չի մնացել: Ռուսաստանից եկող էժան էներգակիրները չկան, Չինաստանն ինքն է դարձել ապրանքներ արտահանող դեպի Եվրոպա, և առաջվա նման ԱՄՆ-ը, որպես ունիվերսալ թիկունք, այլևս չկա։
Նման կատաստրոֆիկ վիճակում, երբ գերմանական արդյունաբերությունը անկում է ապրում և հոսում դեպի ԱՄՆ, Եվրոպայի և, առաջին հերթին, Գերմանիայի առաջ դրվում են գոյաբանական բնույթի լրջագույն խնդիրներ, թե նոր աշխարհում ո՞րն է լինելու իրենց հիմնական ստրատեգիական գիծը։
Գերմանիայի և նաև Եվրոպայի համար դա, առաջին հերթին, ներքին ուժերի միավորումն է և տնտեսության վերականգնման համար ռազմական արդյունաբերության զարգացումը, որի համար էլ պետք է սեփական ժողովրդին հավատացնել, որ կա շատ մեծ արտաքին վտանգ, որի ամենահարմար թեկնածուն էլ Ռուսաստանն է: Հենց դրանով է բացատրվում ներկա հակառուսական հիստերիան, քանի որ Ուկրաինան հենց այն գլխից ընկալվել է որպես իրենց նպատակներին հասնելու համար ամենահարմար զոհը։
Մյուս կողմից էլ, նույն Գերմանիան և Եվրոպան հասկանում են, որ գլոբալ կոնֆլիկտը Ռուսաստանի հետ իրենց հիմնարար շահերից չի բխում, և իրենք միտք էլ չունեն ռազմական բախումների գնալու նրա հետ բազմաթիվ պատճառներով, բայց իրենց նաև ձեռնտու չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը թուլացնել, քանի որ դա իրենց համար կմեկնաբանվի որպես պարտություն, իսկ իրենց ժողովուրդներն էլ սպասվող զոհողությունների չեն ուզենա գնալ։
Այդ իմաստով, Եվրոպայի ու Գերմանիայի կարծիքով կա Ռուսաստանի հետ հարաբերությունների բավականին բարձր մակարդակի լարվածության մի օպտիմալ աստիճան, որը ներկա պահին տակտիկական իմաստով ձեռնտու է իրենց։
Դա մի կիսապատերազմական վիճակ է, որի նպատակը դեպի պատերազմ գնալը չէ, այլ ներքին բարդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ իրավիճակ ունենալը։
Բայց նաև նման իրավիճակի հետ կապված պարադոքսն այն է, որ, ինչպես բոլորն են գիտակցում, հարցի աշխարհաքաղաքական մակարդակով ստրատեգիական լուծումը Ռուսաստանի և Եվրոպայի միավորումն է որպես գլոբալ մակարդակի ուժային բլոկ, բայց նաև, որի կայացմանը խանգարող ներքին ու արտաքին ուժերը շատ են, և որն էլ առանձին անալիզի խնդիր է։
Պավել Բարսեղյան