Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Խոսքի արժեզրկումից մինչև արժեքների վերածնունդ. ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ հոգևոր արթնացում

Խոսքի արժեզրկումից մինչև արժեքների վերածնունդ. ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ հոգևոր արթնացում
06.09.2026 | 12:10

Այսօր մեր հասարակությունը ապրում է իր պատմության ամենավտանգավոր փուլերից մեկը, և սա ոչ միայն սոցիալական կամ քաղաքական ճգնաժամ է, այլ հոգևոր ու արժեքային խորացող դեգրադացիա, որտեղ ճշմարտությունն ու սուտը փոխվել են տեղերով, իսկ խոսքը կորցրել է իր քաշն ու սրբությունը։

Երբ խոսքը դադարում է պատասխանատվություն լինելուց, այն վերածվում է զենքի։ Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչպես «հեղափոխության» և փոփոխությունների կեղծ կարգախոսների տակ հասարակության մեջ ներարկվեց ատելություն, բևեռացում և ներքին թշնամանք։ Մարդիկ բաժանվեցին խմբերի, անդունդը միջանձնային հարաբերություններում խորացավ, իսկ ազգային միասնականության հյուսվածքը պատռվեց։

Այս արհեստածին պառակտումը հանգեցրեց մի վիճակի, որը կոչվում է բարոյական հոգնածություն, և մարդը, հոգնելով անվերջ ստից ու հիասթափություններից, դադարեց հավատալ որևէ բարձր արժեքի։ Արդյունքում առաջացավ համատարած ապատիա, անհատը փակվեց իր անձնական կաղապարում, իսկ հանրային գիտակցությունը ենթարկվեց էրոզիայի։

2018-ի իրադարձությունները ցույց տվեցին կարևորագույն մի ճշմարտություն. անհնար է փոխել համակարգը՝ առանց փոխելու մարդու ներաշխարհը։ Արտաքին, ֆորմալ «հեղափոխությունները», որոնք չեն հենվում խորը բարոյական և հոգևոր հիմքերի վրա, ի վերջո, հանգեցնում են ավելի մեծ քաոսի։ Դրանք խոստանում են ազատություն, բայց ծնում են անիշխանություն: Խոստանում են արդարություն, բայց բերում են բարոյական ամբարտավանություն։

Մենք կորցրինք մեր ներքին կողմնացույցը։ Մշակույթը, կրթությունը, ավանդույթն ու պատասխանատվությունը մղվեցին երկրորդ պլան՝ տեղը զիջելով մակերեսային պոպուլիզմին և րոպեական էմոցիաներին։ Երբ ազգը կորցնում է իր հոգևոր հենասյուները, նա դառնում է դյուրաբեկ՝ ինչպես ներսից, այնպես էլ արտաքին սպառնալիքների առջև։

Այսօր մեզ անհրաժեշտ է ոչ թե հերթական քաղաքական ցնցում կամ իշխանափոխություն, այլ իրական հոգևոր հեղափոխություն: Արթնացում, որը սկսվում է յուրաքանչյուրիս ներսում։

Ազգի վերածնունդը չի սկսվում հրապարակներից, այն սկսվում է մեր մտքերից, մեր ընտանիքներից և մեր արժեքներից։ Եթե մենք չկարողանանք հաղթահարել մեր ներսի հոգևոր ջլատվածությունը, ոչ մի արտաքին ուժ մեզ չի փրկի։ Իսկ եթե գտնենք ուժ՝ վերանայելու մեր ընթացքը և վերագտնելու մեր հոգևոր կորիզը, ապա ոչ մի ճգնաժամ անհաղթահարելի չի լինի։

Եվ ուրեմն, ընտրությունը մերն է՝ մնալ հոգևոր անկման հանդիսատե՞ս, թե՞ դառնալ ազգային վերածննդի կերտողը։

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 158

Մեկնաբանություններ