Անընդհատ մտածում եմ` գրե՞մ, թե՞ ո'չ։ Հետո մտածեցի` հավատացողը կհավատա, իսկ չհավատացողը կփնտրի իր կուռքին։
Սևանավանքը իմ համար ուխտի ու հավատքի խորհրդանիշն է, ու ամենավաղ տարիքից երբ լսում էի եկեղեցի, ինձ համար դա Սևանավանքն էր ու վերջ։
Ուրեմն ամեն անգամ, երբ շա՜տ մեծ նեղության մեջ էի ընկնում ու էլ ո'չ մեկի վրա չէի կարող հույս դնել (իսկ այդպես եղել է մեկ անգամ, երբ հայտնվել էի քաղաքական հետապնդման հետևանքով այնպիսի շինծու գործի մեջ, որից ելք չէի կարողանում անգամ պատկերացնել), մտքումս ասում էի. «Աստվա՜ծ իմ, օգնիր ինձ հաղթահարել, արդարություն ստանալ և ուխտում եմ, որ ծնկաչոք կբարձրանամ մինչև վանքի դուռը»:
Հետո իրադարձություններն այնպես զարգացան, որ անգամ ֆիզիկապես ազատության մեջ գտնվելով կարծում էի, որ դեռ արդարության չեմ հասել, ու 2020 թվականին վնասվեց ծունկս ընդհուպ վիրահատության միջոցով իմպլանտ դնելու աստիճան։
Օրեր առաջ Սևանի ափին էի։ Նայում էի Սևանավանքին ու մտածում.
«Տեսել եք մեր հնամյա փառքը, տեսել եք անկումը, տեսել եք ամեն ինչ։ Տեսել եք ուրացում և բազմամեղիս նման միայն ծանրության օրերին հիշող ու դիմող երախտամոռների։ Ու ո՜նց եք հանդուրժում։ Աստվա՜ծ իմ, քո օրհնությունն ուրացող ժողովրդին ո՜նց ես դեռ հանդուրժում ու մի որոտ չե՛ս արձակում, որ ամեն ինչ մոխիր դառնա...»:
Կայծակի օրը Սևանում էի, որոտի ձայները լսելիս երկու բան մտքովս անցավ` հրետանու որոտն ու օրեր առաջ իմ մտքերը...
Ամեն դեպքում գիտեմ ու վստահ եմ, որ ես լսված եմ, ու հաջորդ փոփոխությունները Հայաստանի ու աշխարհի համար լինելու են անկանխատեսելի ու արդարության, ու հատուցման փոփոխություններ։
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ և ՀԱՏՈՒՑՈՒՄ, սրանք թերևս այն են, ինչին բաղձում ենք մենք...
Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ.
Կուզեք հավատացեք, կուզեք ո՛չ: