Ամենքիս է հայտնի Դոստոևսկու հանրահայտ արտահայտությունը. «Գեղեցիկը կփրկի աշխարհը»: Տարիներ շարունակ տարբեր առիթներով անդրադարձել եմ այդ թեմային, մտորել եմ այդ ուղղությամբ:Արդյո՞ք դա միայն գեղեցիկ թևավոր խոսք է, ընդամենը հնչուն «ֆրազա», թե՞ գաղտնի իմացության բանալին է և ունի խոր ենթատեքստ, չբացված փակագծեր: Ինքս՝ ինձ լուրջ ստեղծագործող համարելով՝ ունեմ նաև խոսքի պաշտամունքը, խոսքը երբեք քամուն և խոզերի առջև չեմ գցում, դատարկ խոսքին և խոսքի պաճուճությանը տուրք չեմ տալիս: Մի՞ թե մեծ մտածողn ընդամենը դեմագոգիա է արել:
Ախր բոլորս էլ գիտենք, որ նույն այդ Գեղեցիկից ստացած գեղագիտական հաճույքը հաճախ այնքան թանկ է նստում՝ տնաքանդության աստիճանի և դա, ինքնստինքյան. խորտակում է ու ...ոչ ամենևին փրկություն: Հատկապես ձեռնբաց տղամարդիկ ինձ կհասկանան:
Կամ այդ Գեղեցիկը սովորաբար թույլ և փխրուն է լինում: Նրա ողջ գենային ուժերն ու էներգետիկան ուղղված են Գեղեցիկի համակարգի ձևավորմանն ու արտահայտմանը: Ինքնապաշտպանության, հզորության դրսևորմանը շատ քիչ է տրվում:
Կամ եթե ինքը թույլ է, ապա մեզ ինչպե՞ս կարող է փրկել. Վարդը կամ փխրուն օրիորդը ինձ ինչպե՞ս կարող են պաշտպանել, կամ նույնիսկ... փրկել:
Անցան տարիներ: Ծառ ու ծաղիկ հաճախ եմ աճեցրել, շինարարություններ ու վերանորոգման աշխատանքներ կատարել, դասախոսել, թերթեր խմբագրել և վերջապես ամենակարևորը` բանաստեղծել եմ: Եվ քառասունից հետո նոր միայն հասկացա, որ այդ փխրուն Գեղեցիկը օժտված է ահավոր մեծ ներգործող ուժով:
Այն մարդու մեջ գայթակղություն և անհագուրդ ցանկություն է առաջացնում ՝ իրեն կրկնելու, յուրացնելու, ունենալու, սեփականացնելու և կատարելագործելու:
Այո, երբ գեղեցիկ ծաղիկ ես տեսնում, ապա ցանկանում ես դրանից ինքդ էլ աճեցնել, երբ կառույցի ճարտարապետական գեղեցիկ լուծում ես տեսնում, ապա ցանկանում ես ինքդ էլ այդպիսին կառուցել և հարդարել, երբ գեղեցիկ կին ու աղջիկ ես տեսնում՝ ցանկանում ես նրան ունենալ, ամեն օր ունենալ քո կողքին, երբ գեղեցիկ բանաստեղծություն ես կարդում՝ ցանկանում ես նույնպես գրիչը վերցնել։
ՈՒնեցանք: Ծաղիկն աճեցրինք, տունը կառուցեցինք, կինն ունեցանք, բանաստեղծությունը գրեցինք։ Սակայն պարզվում է, որ այդքանով մենք դեռ չենք ավարտել: Այստեղ արդեն գործում է պատճառահետևանքային կապը: Այդ նույն ծաղիկն անընդհատ խնամել և ցանկապատել է հարկավոր, այդ նույն տունն անընդհատ մաքրել, վերանորոգել ու ձևափոխել, պարսպապատել է հարկավոր, այդ նույն կնոջն անընդհատ հագցնել, կերակրել ու պաշտպանել է անհրաժեշտ, այդ նույն բանաստեղծությունը անընդհատ կատարելագործել, վերամշակել ու բյուրեղացնել է անհրաժեշտ (չէ՞ որ դու սարից իջած վայրենին չես. Շիլլեր, Բայրոն, ՈՒիթմեն ու Չարենց ես կարդացել ):
Այո, Գեղեցիկը, Գեղեցիկի սերը, Գեղեցկապաշտությունը մեզ անընդհատ աշխատել ու կատարելագործվել է պարտադրում: Իսկ կարծեմ մեկ այլ մեծ մտածող՝ Մարքսը բանաձևել էր, որ « աշխատանքը կապիկին մարդ դարձրեց»: Բայց չէ՞ որ կապիկն էլ է ձեռնափայտ կտրում, դրանով կոկոսներ ջարդում ու խփում հակառակորդներին: Բազմաթիվ կենդանիներ բույն են շինում, սերունդներ ունենում, կերակրում և պաշտպանում: Մարքսը, իմ կարծիքով, անընդհատ կատարելագործվող աշխատանքը նկատի ուներ: Այդ նույն աշխատանքի մեջ անընդհատ նոր մոտեցումներն ու ստեղծագործական մտահղացումներն են մարդուն կենդանուց տարբերում և բարձրացնում որակական մեկ այլ աստիճանի:
Բայց մեր մարդ լինելը, մեզ մի անգամ որպես բանական մարդ ճանաչելը ի՞նչ կապ ունի Փրկության հետ: Չէ՞ որ փրկության առաջին պայմանը ըստ գրագիր բոլոր առաքյալների՝ Աստծուն ճանաչելն է, լսելն ու ենթարկվելը, Նրան մոտենա՜լը։
...Բայց ո՞վ է Աստված կամ ի՞նչ է Աստված: Եվ մենք ու՞մ կամ ի՞նչին պետք է մոտենանաք, ճանաչենք, լսենք ու խոնարհվենք, որպեսզի փրկվենք:
Այդ Գաղտնիքի բանալին մեզ է տալիս Ծննդոց հանճարեղ երեք հազարամյա գիրքը. Ծննդոց ահռելի պատումը։ Այնտեղ պարզ գրված է, որ Աստված ստեղծեց երկիր, երկինք, կենդանական և բուսական աշխարհ՝ բզեզից մինչև փիղ ու կետ, ծաղկից մինչև վիթխարի էվկալիպտ ու նոր ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, արդեն իր նմանությամբ, իր պատկերով:
Այսինքն՝ Աստված առաջին հերթին ստեղծո՜ղ է: Բայց եթե մինչ այդ չկային երկիրն ու երկինքը, բույսերն ու կենդանիները, ուրեմն Աստված նորույթ արեց, հորինեց: Այսինքն՝ Աստված նաև հորինող, ստեղծագործող ստեղծող է:
ՈՒ եթե Աստված ստեղծում է բզեզից մինչև փիղն ու մարդը, ծաղկից մինչև վիթխարի ծառերը, այսինքն՝ հասարակից մինչև ավելի բարդն ու կատարյալը, ապա Աստված նաև կատարելագործվող ստեղծագործող Է:
Եվ ապա Աստված մարդուն ստեղծում է իր նմանությամբ, իր պատկերով: Ո՛չ թե արտաքնապես, ինչպես թյուրիմացաբար մտածում են շատերը, այլ, ըստ իմ համոզման, նա մարդու մեջ է դնում իր ճառագայթը՝ ստեղծագործողի սրբազան կայծը: Եվ ահա այն մարդը, ով ստեղծելու, աշխատելու, կատարելագործվելու ցանկություն և ձգտում ունի՝ նա ավելի է մոտենում, ճանաչում Աստծուն, ինքնաբարեբար ապրում է ըստ պատվիրանների ու արդեն փրկվու՜մ է:
Եվ եթե յուրաքանրյուրս կարողանանք գտնել մեր ասպարեզը, որտեղ ունակ ենք ստեղծելու, արդյունավետ աշխատելու և կատարելագործվելու, ապա մեզնից կազմված այս հասարակությունը կդառնա աճող հասարակություն, ինչպես Աստված էր պատգամել առաջին հասարակական միավորին՝ Ադամ-Եվա զույգին. «Գնացեք, աճեք ու բազմացեք»:
Դրան ի հակադրումն այսօր լրիվ այլ է իրականությունը ողջ հանրապետությունում:
Օրինակ, Ալավերդիում ձեռներեցության ամենաեկամտաբեր ճյուղը գերեզմանաքարերի արտադրությունն է: Մի՞ թե սարսափելի ցուցանիշ չէ:
ՈՒստի մեզնից ըուրաքանչյուրին մաղթում եմ ստեղծելու, աշխատելու ու կատարելագործվելու ցանկություն և ամենակարևորը՝ հնարավորություն: Դա է փրկելու թե մեզ, թե մեր հասարակությանը, թե ողջ աշխարհը:
Ստորև ներկայացվող մեջբերումներս նույնպես
«Վկայականի» քառյակներից են.
**
Աստված բզեզ էր ստեղծել, չգիտեր՝ թե ինչ է անում,
մանուկ էր հանճարեղ ձիրքով, կարծում էր, թե խաղ է անում,
արարման մոլուցքով տարված չջոկեց՝ մարդուն կերտելով՝
իրեն է հակասում արդեն. Մատաղին թե ա՜ղ է անում:
Ընդհանրապես... Աստված « մարդով» է իրեն հաստատում: Սակայն ինչու՞ էի այդ ժամանակ այդքան հիասթափված, որովհետև մենք մեր մարդկային կերպարից գլորվում էինք դեպի կապիկը, քանդում էինք, փչացնում էինք, արժեքները վարկաբեկում և ծամածռություննե՜ր էինք անում:
Հույս ունեմ, որ Գեղեցիկը սիրելով, պաշտելով, Գեղեցիկը ստեղծելով ու պաշտպանելով, հանուն այդ Գեղեցիկի եթե ոչ մենք, ապա նոր սերունդը դեմքով կշրջվի դեպի Աստված, կլինեն ստեղծող և կբարգավաճեն:
**
Ինքս ինձ փորձում եմ համոզել՝ հերթով է քանդել-շինելը,
և մի օր՝ պարզ ու անպաճույճ, թա՜փ կառնի նորի հիմնելը,
սերունդս խայտառակ եղավ և ոմանք գլխի չեն դա դեռ...
«փրկություն» բառո՜վ կկոչեմ Աստծուն նման լինելը:
Ամփոփելով մտահայեցմանս այս համեստ փորձը՝ ցանկանում եմ կրկնել, որ եթե Գեղեցիկը պաշտողները մեծամասնություն կազմեն, ապա այն հաստատ կփրկի այս իրական աշխարհը: ՈՒր ամենքս հյուր ենք և այս հրաշք հնարավորությունը յուրաքանչյուրին ընդամենը մեկ անգամ է տրվում:
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ