Շատ կարճ տևեց ամեն ինչ: Ըմբոստությունը վերածվեց ապստամբության և ավարտվեց իշխանափոխությամբ: Կարծես յուրաքանչյուր քայլ նախագծված լիներ անտեսանելի ուժերի կողմից: Շատերը տարակուսում էին, չէին հասկանում՝ ինչ կատարվեց: Մեկ օրում թվացյալ կուռ իշխանության սյուները փլվեցին, և երջանկությունից հարբած ամբոխը բռնեց փողոցը: Նման բան չէր եղել. հիմնարկների սեփականատերերը ինքնակամ իրենց աշխատողներին հորդորում էին դուրս գալ փողոց: Բանկերի, բիզնես հաստատությունների, մեծ ու փոքր ձեռնարկությունների, դպրոցների, համալսարանների, տարատեսակ գրասենյակների զարկերակը կանգ էր առել, բոլորը լքել էին իրենց աշխատավայրերն ու հայտնվել փողոցոում: Կենտրոնական փողոցներում հորդում էր աչքալուսանքի շամպայնը, իսկ շենքերի հետնամասերում, դալաններում, գետնանցումներում խեղդում էր գոզահոտը: Մարդիկ ուտում, խմում, քնում էին փողոցում: Պաշտպանում էին իրենց հաղթանակը, ումից՝ իրենք էլ չգիտեին, բայց չէին ուզում տուն գնալ, որ չկորցնեն ձեռք բերածը: Փոխվել էր ամեն ինչ, երկար երազած ու հանկարծակի յուրաքանչյուրի դռանը չոքած ազատությունը շնչահեղձ էր անում ամեքին: Անգին ազատությունը:
Կոլոտը, այդպես էին նրան դիմում բոլորը, արդեն մեկ շաբաթ էր՝ գործի չէր գնում: Գերեզմանատունը, որտեղ աշխատում էր նա, միակ հաստատությունն էր, որի տնօրենությունը չէր արտոնել իր աշխատակիցներին լքել աշխատավայրը, ոչ թե նրա համար, որ դեմ էին հեղափոխությանը, այլ որ թաղումները ծննդի պես են․ նույնիսկ հանուն հեղափոխության չես կարող կանգնեցնել:
Գերեզմանափոր էր Կոլոտը: Իր գործը լավ էր անում, տարիների ընթացքում աշխատանքին վարժվել էր: Քարքարոտ հողն այնքան վարժ էր փորում , ինչպես հմուտ մսավաճառը կկոտորեր խաշլամայի համար ոչխարի ջանդակը: Սոված չէր մնում: Օրական մեկ, օր էլ կար՝ երկու գերեզման էր փորում, մասնակցում էր թաղումներին, փորած գերեզմանի փողը ընտանիքինն էր, գերեզմանահացի մնացորդը՝ իրենը: Ու թե հանգուցյալը հարուստ խավից լիներ, լի ուտելիքից ընտանիքին էլ էր բաժին հանում: Մի խոսքով , ապրում էր Կոլոտը աշխարհի բան ու գործից անտեղյակ, իր ընկեր, Բուլոյի ու իր բահ-քլունգով:
Ու մի օր Կոլոտը չերևաց: Երկրորդ օրն էլ գործի չեկավ: Երրորդ օրն էլ չեկավ: Չեկավ ու չեկավ: Գործընկերն անհանգստացավ․ մենակ չէր ձգում, դժվար էր: Չորրորդ օրվա սկզբին տանից սովորականից շուտ դուրս եկավ, որոշեց այցելել Կոլոտին, «Մի բան պատահած չլինի՞»,-մտածեց:
Չնայած դեռ առավոտ էր, քաղաքը նոր էր արթնանում, ու թռչունների գեղգեղանքը դեռ կուլ չէր գնացել փողոցի աղմուկին, Բուլոն թակեց կոլոտենց դուռը: Դուռը բացող չեղավ, դրկից հարևանից իմացավ, որ արդեն քանի օր է՝ ընտանիքով հրապարակում են, «Տուն չեն գալիս»,- ասաց:
«Հարամզադեհ», -քթի տակ փնթփնթաց բուլդուզեր Բուլոն ու փորուփոշման բռնեց գերեզմանատան ճամփեն:
Բուլոն հիսուննանց տղամարդ էր, բայց այնքան հոգնած ու տանջված տեսք ուներ, որ յոթանասունին մոտ տղամարդիկ նրա համեմատ պատանի էին թվում: Փորելուց բացի, ուրիշ փեշակ չուներ Բուլոն: Տարիներ առաջ գյուղից եկել էր քաղաք՝ ազգականի թաղմանը, ու մնացել: Գերեզմանատան տնօրենությունը, տեսնելով Բուլոյի՝ վարպետորեն գերեզման փորելու կարողությունը, զարմացել էր: «Սա հո բուլդուզեր է» ,- զարմանքից ապշել էին գերեզմանատան պաշտոնյաները և առաջարկել էին աշխատանքի անցնել իրենց հաստատությունում: Այդ օրվանից անունը կնքել էին Բուլդուզեր, կարճ՝ Բուլո, ու ոչ ոք չգիտեր նրա իսկական անունը: Բուլոն իր անվան հետ մի համընկնում էլ ուներ՝ բերանում պլպլացող բուլատե ատամնաշարը: Ի տարբերություն Կոլոտի, Բուլոն կիրթ էր, դպրոցում սովորել էր, ծանոթ էր պատմության ծալքերին, ամեն օր կանոնավոր կարդում էր լրագրերը, երեկոյան հեռուստացույցով պարտադիր դիտում լուրերը: Տեղեկացված մարդ էր Բուլոն, միայն թե ժամանակին բախտը չէր բերել: Դպրոցն ավարտելուց հետո ցանկացել էր Երևան գալ՝ կրթություն ստանալու, բայց սովետի տարիներին դժվար էր. անհեր գյուղացի տղա, ո՞վ էր տեր կանգնելու, մայրը հազիվ էր ծերը ծերին հասցնում:
***
Բուլոն առանց Կոլոտի երկար չդիմացավ: Մեկ շաբաթ հետո կարծես Բուլոյի լիցքավորումը սպառվեց: Էներգիան հատել էր : Ամեն ինչ մենակ էր անում՝ թե՛ բահով փորելը և թե՛ քլունգով քարերը հողից զատելը: Թաղումների ժամանակ հուղարկավորության մասնակիցներին խնդրում էր ձեռք գցեն, օգնեն դագաղը փոսի մեջ իջեցնել, բայց միայն այդքանը: Սկզբից դժգոհ չէր․ կրկնակի էր վաստակում, բայց ուժերը օր օրի լքում էին, մեջքի ցավերն արթնացել էին, ձեռքի կոշտուկներն էլ բլիթ-բլիթ ավելացել: Տխուր էր Բուլոն, ախորժակն էլ էն չէր: Իրեն տվել էր թաղման հացից մնացած օղուն և ոտքերը քստքստացնելով, օրորուն իրեն հազիվ տուն էր հասցնում: Ամեն աստծու օր հարբած էր տուն գալիս, պառկում էր թախտին ու մարմնի ցավերից տնքում: Բուլոն մի անգամ էլ գնաց կոլոտենց տուն: Կինն ու երեխաները արդեն տանն էին, բայց Կոլոտը չկար: «Տուն չի գալիս»,- ասաց կինը,- հեղափոխության պահահապաններին է միացել։ Ասաց ու որպես գաղտնիք Բուլոյի ականջին հպարտ ծղրտաց․ «Որպես թաղման բյուրոյի նախկին աշխատող և հավատարիմ հեղափոխական․ քաղաքապետարանում լուրջ գործ են խոստացել»։ Ասաց ու որպես գաղտնիք հուշեց․ «Սարյան փողոցում ման արի, էնտեղ կլինի: Բուլոն ականջներին չհավատաց, ախր բազմապատկման աղյուսակը նույնիսկ չգիտի, ազգանունն էլ տառասխալով է գրում, քաղաքապետարանում ի՞նչ է անելու։
Այսպես մտածեց ու քայլերն ուղղեց Սարյան փողոց:
Սարյանում անսովոր եռուզեռ էր․ ով ասես՝ կար: Բուլոն ճանաչեց մի քանիսին: Ոմանց տեսել էր հեռուստացույցով, ոմանց՝ կարդացել: Դերասաններ, գրողներ, երգիչ-երգչուհիներ, սովորական մարդիկ և ծով երիտասարդություն. սպիտակ հագած զվռնում էին փողոցով մեկ՝ գինու շշերը ձեռքներին: Կոլոտին նշմարեց գինետներից մեկի դռանը նստած՝ սիգարը ձեռքին, գինու բաժակը դիմացը: Կոլոտն էլ էր սպիտակ շապիկով, դոշին՝ առաջնորդի պատկերով և «դուխով» գրությամբ: Գլխի լայնեզր գլանաձև ցիլինդրը և վարդագույն շրջանակով մուգ ապակիներով ակնոցը մի պահ շփոթեցրեցին Բուլոյին, բայց երբ աչքը գցեց խնամքով կեղտից մաքրված, ծանոթ ծակ բոթասներին, միանգամից ճանաչեց :
-Գինի կխմե՞ս,- ասաց Կոլոտը, - հյուրասիրում եմ:
Բուլոն ապշեց․ ոչ բարև , ոչ բարի լույս ու միանգամից՝ «գինի կխմե՞ս»:
-Բա սենց ո՞նց կլինի, ե՞րբ ես գործի գալու, մենակ չեմ ձգում,-խեղճացավ Բուլոն:
-Չեմ կարա, վաղը լուրջ գործ ունենք, -ասաց,- Ազգային ժողովի նախագահ պետք ա ընտրենք, հետո կերևա:
-Առանց քեզ էլ կընտրեն, էսքանը, որ եղել ա, էդ էլ կլինի, վաղը գործի արի, -ասաց Բուլոն, -քարը փեշիցդ թափի, արի:
-Չէ՛, Բուլո, տենց չի, դու էդ նախկիններին չգիտես,- սիգարի ծուխը բերնից դուրս փչելով ու լուրջ դեմքով ասաց Կոլոտը,- դրանց քոքը պետք ա կտրենք, դրանք օր ու արև չպետք ա ունենան:
-Չարացել ես, Կոլո՛տ, փոխվել ես, քեզ ի՞նչ եղավ:
-Հա, չարացել եմ, դրանք մեր եղած-չեղածը լափեցին, թալանեցին, փշրանքներն էլ մեզ շատ համարեցին, - ասաց Կոլոտը:
-Քո ի՞նչն են թալանել , արա, -չդիմացավ Բուլոն, - ունեցած-չունեցածդ մի լապատկա ու քլունգ չի՞, հենա՝ ոնց թողել եկել ես, տենց իրանց տեղում վերընկած են, ի՞նչդ են թալանել:
-Մենք հաց կիսած տղերք ենք, Բուլո՛, հետս էդ տոնով չխոսաս,- նեղվեց Կոլոտը :
-Բա ի՞նչ տոնով խոսամ,- վրա տվեց Բուլոն,- թութակի պես անգիր եք արել՝ թալանեցին հա թալանեցին, ի՞նչ ունես, որ ի՞նչդ թալանեն:
-Եթե ոչ մի բան չունեի, չի նշանակում, որ․․․ ոչինչ չունեի,- փիլիսոփայորեն պատասխանեց Կոլոտը, -արժանապատվությո՛ւնս են թալանել, հպարտությո՛ւնս ու պատի՛վս են թալանել, պրծա՞նք:
Բուլոն զարմացած էր Կոլոտի վճռականությունից: Տարիների իրենց ընկերության ընթացքում նա երբեք վճռական մարդու տպավորություն չէր թողել: Հեզ ու խոնարհ, լսում էր Բուլոյին, նրա պատմությունները: Հաճախ հիանում էր Բուլոյի իմացությամբ, տեղեկացվածությամբ: Մի անգամ ասել էր․ «Բուլո՛, ձեռս փող ընկնի, երեխեքիս կնքելու եմ, քավորն էլ դու ես լինելու»։ Ու դրանից հետո հաճախ, երբ կոկոն մի քիչ տաքանում էր, Բուլոյին «քավորով» էր դիմում : Ճիշտն ասած, գերեզմանոցում էլ շատերն այդպես գիտեին, թե իբր քավոր-սանիկ են, ու երբ մի կտոր հացի էին նստում, ու Բուլոն չէր լինում, Կոլոտին հարցնում էին․ «Քավորդ ու՞ր է, չկա»: Բուլոն երկար-բարակ բացատրեց «սանիկին», որ հեղափոխությունները երբեք լավ բանի չեն հանգեցնում:
-Աշխարհի բանն է, մի հավատա, -ասաց,- մի կարճ ժամանակ հետո մոտդ հիասթափության շրջան կսկսվի, բայց էդ ժամանակ էս գործն էլ կորցրած կլինես, էլ չես ունենա:
Երկուսն էլ լռեցին, Կոլոտը լուռ պարպեց գինու բաժակը ու նայեց Բուլոյին:
-Կերածներս մի փոր հաց ա, մի՛ հարամի, -ասաց Բուլոն,- թարգի՛:
-Ես քաղաքապետարան գործի եմ անցնելու, խոստացել են, քեզ էլ կտանեմ հետս,- կողքերը նայելով՝ շշուկով ասաց Կոլոտը,-մի կասկածի, ապագան լավ է լինելու, եթե գործի էլ չանցնեմ, խաբեն, միևնույն է, շահածս ծանոթության շնորհիվ, մեր գործերը կլավանան:
***
Խոստացած գործին Կոլոտին չտարան, մերժեցին, բայց հույսը, թե շուտով ամեն ինչ կկարգավորվի, չէր կորցնում։ Մի առավոտ Բուլոն նրան նորից տեսավ գերեզմանոցում։ Կոլոտը գալիս էր գերեզմանների արանքով՝ գլուխը կախ։ Հեղափոխության օրերի սպիտակ շապիկը, լայնեզր ցիլինդրն ու վարդագույն շրջանակով ակնոցն էլ չկային։ Նույն հին շորերն էին, նույն ծակ բոթասները։ Մոտեցավ գործիքների տնակին, պատին հենածների միջից գտավ իր բահն ու քլունգը։ Բահի վրա դեռ մնացել էր չորացած հողը՝ ինչպես թողել էր։ Բուլոն ոչինչ չասաց։ Կոլոտն էլ չխոսեց, միայն գլխով բարևեց, վերցրեց բահն ու իջավ կիսատ փորված գերեզմանը։
Ոչինչ չէր փոխվել նրա կյանքում։ Միայն թաղումներն էին ավելացել։ Հետևաբար՝ գործը շատացել էր։ Հաճախ մյուս գերեզմանատներից էլ էին կանչում՝ ավելին վճարելու պայմանով, միայն թե հասցնեին, մեռելը սեղանին չմնար։
— Մարգարեացար, սովորականից շատ են մեռնում, չենք հասցնում,— մի օր Կոլոտի երեսին հեգնել էր Բուլոն։
Կոլոտը նեղվել էր։
— Քաք եմ կերել, Բուլո՛, երեսիս մի՛ տուր։ Սխալվել եմ, ես դրանց մերը...
Ու թեև Բուլոն ներել էր Կոլոտին, ցույց չէր տալիս և, որպես սրտահովանք, հաճախ դաղում էր՝ հիշեցնում։
***
Գերեզմանափորը ճանաչեց հանգուցյալին: Հանգուցյալը չէր տեսնում, իսկ գերեզմանափորը ճանչեց: -Ես նրան կարդում էի,- գլխով ցույց տալով դագաղը՝ գոծընկերոջն ասաց գերեզմանափորը: -Գրո՞ղ էր,-հետաքրքրվեց գործընկերը: -Չգիտեմ,-ուսերը վերուվար արեց, - մենք շատ մոտ ընկերներ էինք ֆեյսբուքում:
-Վա՛յ, ախմա՛խ, -բուլատե ատամնաշարից շպրտեց գործընկերը - բոմժի պես սաղ օրը թափառում ես ֆեյսբուքում,- ասաց ու մոտենալով գերեզմանաթմբին՝ ձեռքը գցեց դագաղի տակ դրած պարանին:
-Մի քիչ սպասենք, ձգձգի, շուտ է դեռ, - գերեզմանափորի ականջի տակ շշուկով փսփսաց թաղման ամենաակտիվ մասնակիցը՝ հարևան Արմոն, որ ակամայից հանձն էր առել թաղման արարողության կազմակերպման աշխատանքները: -Երաժիշտներն ուշանում են,- ասաց և որպեսզի արդարացնի ձգձգման պատճառը, ավելացրեց, -հացն էլ պատրաստ չի, ուշանում են, ուր որ է կհասնեն:
-Տերտեր չկա, գոնե մեկնումեկը դամաբանական ասի, պարապ կանգնելուց լավ է,- փնթփնթաց բուլատավորը:
-Մեր մեջի ասողը ինքն էր, -գլխով դագաղը ցույց տվեց Արմոն,- ախմախի մեկն էր, բայց համոզելուց լավ էր, ազդեցիկ էր խոսում:
-Ազդեցիկ էր գրում, -մեջ ընկավ Կոլոտը:
-Ի՞նչ էր գրում,-չհասկացավ Արմոն ու թարս նայեց Կոլոտին:
-Ֆեյսբուք էր գրում,-ինքնագոհ պատասխանեց Կոլոտը,-ես իրան ճանաչում եմ՝ աստծուն չէր հավատում, բայց աթեիստ էլ չէր:
Վայրկյանները ժամերի պես ձգձգվում էին, լացող էլ չկար: Լացել պրծել էին: Միայն հանգուցյալի կինն էր թաց աչքերը մերթընդմերթ սրբում ու աչքի պոչով զննում դագաղի շուրջը հավաքվածներին:
Մնացել էր վերջին արարողությունը՝ հողին հանձնել և գնալ հոգեհացի, բայց արարողության վերջին ակորդը ուշանում էր: Երաժիշտները չկային, ավելի ճիշտ՝ ուշանում էին: Կինը հայացքով փնտրեց Արմոյին, դեմքի շարժումով հասկացրեց՝ ավարտենք:
Գերեզմանափորները մոտեցրին կափարիչը դագաղին և այն է ուզում էին փակել դագաղը, ավտոմեքենայի կտրուկ արգելակումից վեր բարձրացած ճանապարհի փոշին կրակի խեղդող քուլաների պես պատեց շուրջբոլորը: Ավտոմեքենայից դեռ չիջած, լսվեց դուդուկի ձայնը և երգիչի կլկլոցը՝ «ջուխտակ շամամներդ ծոցիդ մեջ.....»
-Վարպետ, հանգուցյալը տղամարդ է,- բառերի արանքում դեպի երգիչը բղավեց Կոլոտը:
-«Պապա ջա՜ն»,- արագ կողմորոշվեց երգիչը և շարունակեց երգել, իսկ Արմոն այդ բղավոցի վրա պիդ բռնեց Կոլոտի թևից ու քարշ տալով տարավ մի կողմ:
Հետո արդեն Կոլոտը չէր հիշում՝ ինչ կատարվեց, ախր ինքը շատ ուշադիր էր, որ ամեն ինչ ճիշտ ընթանա, որ հանգուցյալը, ում ինքը մոտիկից ճանաչում էր ֆեյսբուքից, պատվով , կարգով վերջին հրաժեշտին արժանանա: Կոլոտը կիսաթինկ տված ինչ որ գերեզմանի մարմարյա քարի, դողում էր վիրավորանքից:
Բուլոն արդեն իջեցրել էր դագաղը. հող էին լցնում:
Հեռվում լսվում էր երգիչի ծանոթ ձայնը՝ «քեզ սպասող չմնաց, զուր ես գալիս այ գարուն…»: