Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

Տևականորեն բարեկեցիկ ու հաճույքներով լի կյանքը կարող է ոչնչացնել մարդկանց քաջության և զոհողությունների գնալու վերջին հետքերն անգամ

Տևականորեն բարեկեցիկ ու հաճույքներով լի կյանքը կարող է ոչնչացնել մարդկանց քաջության և զոհողությունների գնալու վերջին հետքերն անգամ
06.09.2026 | 15:23

Մարդը հոգեբանորեն կոտրվելու երկու ճանապարհ ունի՝ տևականորեն շատ վատ կամ ծայրահեղ վատ ու գոյաբանական ռիսկերով լի կյանքով ապրելու և տևականորեն շատ լավ ու բարեկեցիկ, հաճույքներով լի կյանքով ապրելու դեպքերում։

Երկու դեպքում էլ արդյունքը լինում է այն, որ մարդիկ դառնում են ծայրահեղ զգույշ ու վախկոտ ու որևէ, մանավանդ, մեծ ռիսկի գնալու անընդունակ, նույնիսկ, եթե այդ քայլը շատ մեծ օգուտներ է խոստանում, իսկ դրան չգնալն էլ՝ շատ մեծ կորուստներ, ընդհուպ մինչև դա չանելու պատճառով կյանքը կորցնելը։

Բազմիցս հայտնի պատմական փաստեր են, որ թույլերը շատ ավելի քիչ զոհեր են տվել այն դեպքերում, երբ ռիսկի գնալով դիմադրել են ավելի ուժեղ թշնամուն, իսկ հակառակ դեպքերում էլ ունեցել են շատ ավելի մեծ թվով զոհեր։

Հայտնի են նաև հակառակ բնույթի դեպքեր, երբ մի բուռ քաջերը, գնալով ծայրահեղ ռիսկի, տակտիկական հաղթանակներ են տարել շատ ավելի ուժեղ, բայց նաև ինքնավստահ և անզգույշ թշնամու նկատմամբ։

Պատմության մեջ բոլոր մարդիկ կամ ժողովուրդները, որոնք կիսավայրենի քաջ կյանքից աստիճանաբար սկսել են անցում կատարել դեպի քաղաքակիրթ կյանքը, նույնպես աստիճանաբար, համտեսելով կյանքի բարիքները, սկսել են կորցնել իրենց անսանձ քաջությունը, քանի որ աստիճանաբար սկսել է փոխվել նաև նրանց արժեքային համակարգը։

Բայց, մյուս կողմից էլ, մարդու նախնական վայրագ գիտակցությունը, իր արժեքային համակարգի փոխվելու հետ միասին, աստիճանաբար դառնում է քաղաքակրթական տեսակի գիտակցություն, զինված գաղափարներով ու տարբեր տեսակի գործիքներով, ներառյալ զենքերը, որոնք տարբեր առումներով բազմապատիկ ուժեղացնում են մարդուն։

Այսինքն, մարդկային կյանքի դինամիկան բնութագրվում է երկու տեսակի զուգահեռ ընթացող պրոցեսներով՝ կենսաբանական իմաստով նրա քաջության նվազում, իսկ քաղաքակրթական առումով էլ նրա հզորացում գաղափարական առումով և գործիքներով և զենքերով ուժեղանալու առումով։

Այդ երկու պրոցեսների համադրումն էլ որոշում է մարդու ընթացիկ հզորությունը որպես քաղաքացի ու, կարիքի դեպքում էլ, որպես զինվոր։

Այսինքն, ժամանակի մեջ, դրա յուրաքանչյուր պահին մարդն ունի աճող քաղաքակրթական հզորություն, որը բազմապատկվելով նրա քաջության կամ պասիոնարության նվազող մնացորդով, որոշում է նրա ընթացիկ հզորությունը որպես քաղաքացի կամ զինվոր։

Մարդու այդ ընթացիկ հզորությունն էլ սկզբում սկսում է աճել, քանի որ քաջությունը չի կարող փոխարինել զենքին, և քաջության մնացորդի ու աճող քաղաքակրթական հզորության համադրման արդյունքում ինչ-որ կետում հասնելով իր առավելագույն արժեքին, սկսում է նվազել, քանի որ տևականորեն բարեկեցիկ և հաճույքներով լի կյանքը կարող է ոչնչացնել մարդկանց քաջության և զոհողությունների գնալու վերջին հետքերն անգամ։

Այսինքն, ինչքան ուզում է վախկոտ մարդը հզոր զենքեր ունենա, մեկ է, նա կպարտվի ավելի պակաս զինված, բայց քաջ ու ավելի պասիոնար մարդուն, մի հանգամանք, որն էլ որոշել է քաղաքակրթությունների հերթափոխը պատմության մեջ։

Այս հանգամանքն ունի շատ մեծ ու վճռական նշանակություն նաև ներկա գլոբալ հակամարտության պրոցեսում և դրա հետ կապված կանխատեսումների ժամանակ, քանի որ դրա տարբեր կողմերը գտնվում են քաջությունն ու պասիոնարությունը կորցնելու տարբեր աստիճաններում, ինչպես նաև բարեկեցության ու զինվածության տարբեր մակարդակներում։

Մի շատ կարևոր հանգամանք, որը, ինչ-ինչ պատճառներով, քաղաքագետների ու ռազմագետների կողմից ուշադրության չի արժանանում, բայց շուտով կյանքն ինքը կստիպի դա անել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 204

Մեկնաբանություններ