Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

Մի քանի ամսվա ընթացքում երեք աղմկահարույց դեպք՝ նույն ալգորիթմով

Մի քանի ամսվա ընթացքում երեք աղմկահարույց դեպք՝ նույն ալգորիթմով
07.09.2026 | 12:52

Վերջին ամիսների 3 աղմկոտ ձերբակալությունները և դրանք ուղեկցող հաղորդագրությունները ընդհանուր տրամաբանություն ունեն։ Գիտե՞ք՝ ինչն է դրանց միավորում։ Յուրաքանչյուրի ամենահնչեղ մասը՝ հենց այն, ինչը դարձավ վերնագիր, հետո հորինվածք դուրս եկավ։ Եվ յուրաքանչյուր դեպքում այդ հորինվածքը լուռ թաղեցին հենց հեղինակները՝ առանց հերքման, բացատրության կամ ներողության։ Որովհետև դրանք սխալներ չէին, որոնք պետք էր ուղղել։ Սա մեկ տեխնոլոգիա էր։ Հիմա հերթով։
1․ «Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության համար․ օտարերկրյա հատուկ ծառայության կողմից հավաքագրված լինելով՝ նրա ներկայացուցչին փոխանցել է պետական գաղտնիք՝ 622 հազար դոլարի դիմաց»․ Քննչական կոմիտե, մայիսի 21՝ ընտրություններից 17 օր առաջ։
2․ «Ծառուկյանը հանցագործ է, լրտես, գործակալ․ օտարերկրյա հատուկ ծառայության հրահանգով Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառած». Նիկոլ Փաշինյան, մայիսի 28՝ ընտրություններից 10 օր առաջ։
3․ «Գագիկ Խաչատրյանից պահանջվում է բռնագանձել շուրջ 1 միլիարդ 451 միլիոն դոլարի արժողությամբ պարտատոմսեր»․ Գլխավոր դատախազություն, սեպտեմբերի 1։
Դատարան հասած Թևանյանի գործից անհետացան և՛ «հավաքագրումը», և՛ 622 հազար դոլարը՝ «ապացույցների բացակայության պատճառով»։ Սա կալանավայրից Թևանյանի ձևակերպումն է, որը դատախազությունը չի հակադարձել։ Թևանյանի «հավաքագրման» հետ անհետացավ նաև Ծառուկյանի դեմ հնչեցված պնդման հիմքը՝ իբր նա օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարությամբ Թևանյանին ներառել էր ԲՀԿ ցուցակում։ Առանց հատուկ ծառայության կողմից Թևանյանի հավաքագրման փաստի՝ այդ պատմությունը պարզապես փլուզվում է։ Ավելին՝ Թևանյանին առաջադրած մեղադրանքում «լրտեսություն» բառը նույնիսկ չկա։ Իսկ Փաշինյանն այժմ ստիպված է դատարանում պաշտպանել իր հրապարակային հայտարարությունը՝ Ծառուկյանի ներկայացրած զրպարտության հայցի շրջանակում։
Իսկ ինչո՞ւ սա արվեց։ Նախընտրական քարոզարշավի թեժ շրջանում՝ մայիսի 20-ին, Փաշինյանը Վանաձորում հանրահավաքից հայտարարում է Թևանյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համարի նկատմամբ պետական դավաճանության մեղադրանքով հետապնդման մասին։
Հետագա ընթացքը գրեթե օրացուցային ճշգրտությամբ է զարգանում։
Մայիսի 21-ին Քննչական կոմիտեն գործ է հարուցում։
Մայիսի 22-ին ԿԸՀ-ն համաձայնություն է տալիս պատգամավորության թեկնածուին ձերբակալմանը։
Մայիսի 23-ին Թևանյանը ձերբակալվում է։
Առաջին իսկ օրվանից մեղադրանքի մեջ մի հսկայական բաց կար․ խորհրդարանի փակ նիստը, որի տեղեկությունները Թևանյանը, ըստ մեղադրանքի, վաճառել էր, իրականում տեղի էր ունեցել 2024թ․ ապրիլին, իսկ նա մանդատը վայր էր դրել 2023-ին և ֆիզիկապես չէր կարող մասնակցել դրան։ Բայց այդ հակասությունն այլևս նշանակություն չուներ։ Ընտրություններից երկու շաբաթ առաջ «պետական դավաճանություն» և «լրտեսություն» բառերը ԲՀԿ-ի անվան կողքին արդեն անում էին իրենց սև գործը։
«Բարգավաճ Հայաստանը» դուրս մնաց խորհրդարանից․ չբավարարեց մոտ 60 ձայն, որոնց վերահաշվարկից հրաժարվեց հենց նույն ԿԸՀ-ն։ Սակայն գործընթացը դրանով չավարտվեց․ հուլիսի 9-ին ձերբակալվեց պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ Թևանյանին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեղադրանքով։ Դատարանը նրան արգելեց տեսակցել ընտանիքի որևէ անդամի հետ՝ նույնիսկ անչափահաս դստերը։ Օգոստոսի 18-ին գործն ուղարկվեց դատարան՝ արդեն առանց հավաքագրման և առանց 622 հազար դոլարի մեղադրանքի։
Մի պահ կանգ առնենք և հաշվենք։ 60 ձայնը մեկ ընտրատեղամասից քիչ է, մեկ բազմաբնակարան շենքից քիչ։ Քա՞նի ընտրող, որ պատրաստվում էր քվեարկել «Բարգավաճ Հայաստանի» օգտին, մտափոխվեց՝ լսելով «պետական դավաճանության» և «լրտեսության» մեղադրանքները նրա ցուցակի առաջին համարների մասին։ Տասնյա՞կ, հարյուրավո՞ր, հազարավո՞ր։ Ճշգրիտ թիվը նույնիսկ պետք չէ իմանալ։ 60 ձայնի տարբերության դեպքում պարտադիր չէ, որ մեղադրանքը հիմնավոր լինի։ Բավական է, որ այն վախեցնի 61 ընտրողի։
Այդպես էլ եղավ։ Օգոստոսին դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մեջ ապացույցների բացակայության պատճառով չներառված «օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման» և «622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք հանձնելու» վերաբերյալ մեղադրանքը էականորեն ազդեց 2 ամիս առաջ կայացած ընտրությունների արդյունքի վրա։ «Մեղադրանքը» կատարեց իր առաջ դրված առաջադրանքը։
Ինչո՞ւ է սա աշխատում։ Կոգնիտիվ հոգեբանության մեջ սա կոչվում է շարունակվող ազդեցության էֆեկտ (continued influence effect; Lewandowsky, Ecker et al.)․ հերքված տեղեկատվությունը շարունակում է ազդել նույնիսկ այն մարդկանց դատողությունների վրա, ովքեր տեսել և ընդունել են հերքումը։ Կարճ ասած՝ կեղծիքը հերքելուց հետո դրա թողած հետքը չի անհետանում։
Մեխանիզմի վիճակագրական կողմը չափել են MIT-ի հետազոտողներ Սորուշ Վոսուգին, Դեբ Ռոյը և Սինան Արալը։ Նրանց՝ 2018-ին Science ամսագրում հրապարակված «The Spread of True and False News Online» ուսումնասիրությունն ընդգրկել է Twitter-ում տարածված շուրջ 126 հազար լուրերի շղթա։ Արդյունքը պարզ էր․ կեղծ տեղեկությունն ավելի արագ, ավելի հեռու և ավելի լայն է տարածվում, քան ճշմարտությունը։ Ամենատարածված կեղծ լուրերը հասնում էին հարյուր հազարավոր մարդկանց, մինչդեռ ճշմարտությունը հազվադեպ էր անցնում հազարից։ Եվ իշխանությունը սա փայլուն գիտի։
Վկան՝ Գագիկ Խաչատրյանի գործը։ Սեպտեմբերի 1-ին նա ձերբակալվեց կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքով։ Բայց այս տեքստը նրա մեղավորության կամ անմեղության մասին չէ, այլ պաշտոնական հաղորդագրությամբ հանրությանը մատուցված թվերի։ Ըստ Գլխավոր դատախազության՝ բռնագանձման ենթակա էր նաև «մոտ 1 միլիարդ 451 միլիոն դոլարի արժողությամբ պարտատոմս»։ Այս թիվը ստուգելու համար պետք է մի քանի վայրկյան՝ սա Հայաստանի ՀՆԱ-ի 8 տոկոսն է, Կենտրոնական բանկի արտարժութային պահուստների մեկ երրորդը և նույն հայցով մնացած բոլոր պահանջների հանրագումարից 15 անգամ ավելի։ Սակայն ոչ ոք այդ հաշվարկը չարեց, և «1,5 միլիարդ դոլարը» նետվեց շրջանառության մեջ։ Փաշինյանն այդ թվին տվեց քաղաքական գնահատական՝ մեկնաբանելով հիվանդ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու հանգամանքը․ «Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող թաքնվել պատգարակի տակ․ թող բոլոր կոռուպցիոներները տեսնեն»։
Հետո տեղի ունեցավ «անսպասելին»։ Դատախազության պաշտոնական էջի հայալեզու բաժնում այդ թիվն այսօր գրված է․ «մոտ 1 միլիոն 451 հազար դոլարի արժողությամբ պարտատոմսեր (շտկված)»։ Հազարապատիկ սխալ՝ մեկ բառով ընդունված փակագծերում։ Բայց ուղղվել է միայն հայկական տարբերակը․ նույն հաղորդագրության անգլերեն և ռուսերեն տարբերակներում միլիարդը մինչև օրս մնացել է՝ «approximately USD 1 billion 451 million» և «на сумму около 1 млрд 451 млн долларов США»։ Միլիարդը միլիոնի վերածվեց միայն ներքին լսարանի համար։ Դժվար է ասել՝ սա դատախազության աշխատանքի որակի մակարդակն է, թե տարբեր շուկաների համար թվերի տեսականու ներկայացում։ Ուշագրավ է, որ որոշ լրատվամիջոցներ լուռ վերաշարադրեցին իրենց տեքստերը, որոշները՝ ոչ։
Եվ այսպես՝ մի քանի ամսվա ընթացքում երեք աղմկահարույց դեպք՝ նույն ալգորիթմով։ Սկզբում՝ հնարավորինս բարձր մեղադրանք, ճիշտ այն պահին, երբ այն քաղաքականապես անհրաժեշտ է։ Հետո՝ հնարավորինս լուռ նահանջ, երբ պահն արդեն անցել է։ Մեղադրանքը տեսնում են միլիոնավոր մարդիկ, շտկումը՝ հազարները։ Հունիսին այս տարբերությունը մեկ կուսակցության արժեցավ խորհրդարանում չներկայացվածություն, իսկ իշխող ուժին ընձեռեց առանքային պաշտոններում միանձնյա նշանակումներ կատարելու հնարավորություն։
Մրցակցային ավտորիտարիզմի պայմաններում ընտրություններն անցկացվում են, բայց մրցակցային դաշտը թեքվում է քվեարկության օրվանից շատ առաջ։ Քվեատուփի մոտ ընտրողն արդեն գալիս է մի իրականություն, որը նախապես կառուցվել է քրեական գործերով, պետական հաղորդագրություններով, քաղաքական պիտակներով և վերնագրերով։ Եվ այս իրադարձություններն այդ մեխանիզմի տիպիկ կիրառումն են՝ մեղադրանքներ՝ որպես ընտրական տեխնոլոգիա՝ երաշխավորված անպատժելիությամբ, որովհետև հերքումը ոչ ոք չի կարդա։
Բացի նրանցից, ովքեր կարդացել են մինչև այս տողը։

Լևոն ԶԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ.
Մրցակցային ավտորիտարիզմի ամբողջ էությունն ու այս տեխնոլոգիայի դասագրքային կիրառումը տեղավորվել են նկարում պատկերված հաղորդագրության մեկ բառի մեջ՝ «(շտկված)»։ Հազարապատիկ սխալ։ Զրո բացատրություն։ Զրո ներողություն։ Եվ 1․5 միլիարդ դոլար, որը դեռ շարունակում է ապրել հաղորդագրության անգլերեն ու ռուսերեն տարբերակներում՝ նրանց համար, ովքեր Հայաստանի մասին կարդում են ոչ հայերեն։
Դիտվել է՝ 127

Մեկնաբանություններ