«Եթե իմանայի, շնորհակալություն չէի հայտնի…»
07.09.2026 | 13:34
Սեպտեմբերի 7- ին ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի թոռնուհու` գրականագետ, իմ շատ սիրելի Հասմիկ Աբեղյանի ծննդյան օրն է։
Հատված Հասմիկ Աբեղյանի «Օրերս ինձ հետ են...» գիրքից։
«1965 թվականի գարունն էր, նոր էի ամուսնացել դերասան Շահում Ղազարյանի հետ: Մեքենայով տեղ էինք գնում և Մոսկովյան- Բաղրամյան փողոցների խաչմերուկում հանկարծ տեսանք Պարույրին, որ փորձում էր ազատ մեքենա գտնել: Անմիջապես կանգնեցրինք մեքենան, և Շահումը հրավիրեց նստելու: Պարզվեց, որ իրենք էլ բավական լավ ծանոթներ են: Ես նստած էի մեքենայի ետևի նստարանին. Պարույրը նստեց և հանկարծ տեսավ ինձ: Զարմացած նայեց մեզ վրա. «Վա՜յ, էս դուք որտեղի՞ց գիտեք իրար»:
Շահումը թե` «Պարու՛յր ջան, մենք նոր ենք ամուսնացել»: Պարույրը, անակնկալից ցնցված, ուզեց շնորհավորել և հուզմունքից բառերը շփոթեց. շնորհավորելու փոխարեն ասաց. «Երեխե՛ք ջան, ին՜չ լավ բան եք արել: Շահո՛ւմ ջան , շատ շնորհակալ եմ…»:
Սկսեցինք ծիծաղել և միշտ հիշում էինք այդ խառնաշփոթը: Երբ ճակատագրի բերումով ամուսնալուծվեցինք, Պարույրը շատ էր ազդվել, բարկացել էր Շահումի վրա, իսկ ինձ մոտ փորձում էր կատակել.
«Եթե իմանայի, շնորհակալություն չէի հայտնի…»:
Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ
Մեկնաբանություններ