Հիբրիդային կապիտուլյացիա․ երբ բանակի հիմնադիրներից մեկը հեռանում է, իսկ այդ բանակը պարտության տանողը իրեն նոր պետության հիմնադիր է հռչակում
07.09.2026 | 20:56
Նորատ Տեր-Գրիգորյանցը վերադարձրել է Հայաստանի Հանրապետության անձնագիրը և հայտարարել, որ այլևս Հայաստան չի վերադառնա։ Կարելի էր սա համարել տարեց գեներալի անձնական որոշում, եթե խոսքը Հայաստանի զինված ուժերի հիմնադիր հայրերից մեկի մասին չլիներ։
Մարդու, որը խորհրդային ռազմական վերնախավից 1992 թվականին եկավ պատերազմող Հայաստան, դարձավ ԶՈՒ հրամանատար, ապա՝ գլխավոր շտաբի պետ և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Նրա մասնակցությամբ դրվեցին կանոնավոր բանակի կառավարման, զորահավաքի, ռազմավարական տեղաբաշխման և հակաօդային պաշտպանության հիմքերը։ Այսինքն՝ Հայաստանի անձնագիրը վերադարձրել է այդ անձնագիրը պաշտպանելու ընդունակությունը մեծացրած պետության համահիմնադիրներից մեկը։
Վստահ եմ՝ այս նորությունը հարյուրապատիկ ավելի քիչ կքննարկվի, քան որևէ մեկի գրքի շնորհանդեսը կամ որևէ մեկի հարսանեկան հանդեսը։ Որովհետև մեր հանրային կյանքում ձևն արդեն ոչ միայն ծածկել է բովանդակությունը, այլև վերացրել է բովանդակության հանրային պահանջը։ Տեսարանը կուլ է տվել իրադարձությանը, աղմուկը՝ իմաստին։
Հուսով եմ՝ նրանք, ովքեր դեռ չեն կորցրել լուրջ մտածելու կարողությունը և շարունակում են կռիվ տալ իմաստի համար, կհասկանան ասածս։ Որովհետև այստեղ անձնական քայլն ավարտվում է, և սկսվում է քաղաքական փաստը։
Արցախի կորստից և ռազմական պարտությունից հետո Հայաստանի ներսում ու շուրջ ընթացող գործընթացներն ունեն մեկ ընդհանուր տրամաբանություն, որը մենք դեռ խուսափում ենք կոչել իր անունով։ Ես դա անվանում եմ հիբրիդային կապիտուլյացիա։
Դասական կապիտուլյացիայի ժամանակ հաղթողը գալիս է և պարտվածին թելադրում՝ ինչ հանձնել, ինչից հրաժարվել և ինչ ընդունել։ Հիբրիդային կապիտուլյացիայի դեպքում հաղթողին պարտադիր չէ մտնել քո մայրաքաղաք։ Բավական է, որ պարտված պետության ներսում ձևավորվի քաղաքական համակարգ, որը հակառակորդի համար ցանկալի արդյունքները կիրացնի, կբացատրի սեփական հասարակությանը և վերջում դրանք կներկայացնի որպես հենց այդ պետության շահ։
Սա պարզապես պարտության կառավարում չէ։ Սա պարտության ներքին քաղաքական սպասարկում է և հետպատերազմական Հայաստանում որևէ այլ բան տեղի չի ունեցել և չի ունենում:
Հասարակությանը չեն ասում՝ մենք շարունակում ենք կապիտուլյացիան։ Նրան ասում են ճիշտ հակառակը։ Արցախի հարցի դուրսմղումը հայկական օրակարգից՝ «Հայաստանի ինքնիշխանություն»։ Արցախահայության վերադարձի և իրավունքների հարցի լուսանցք մղումը՝ «խաղաղության պահպանում»։ Ուժային և դիվանագիտական պայմաններում կատարվող զիջումները՝ «իրական սահմանների հաստատում»։
Բաքվի հրապարակային պահանջների ստվերի տակ նոր Սահմանադրության օրակարգը՝ «նոր պետություն» և «Չորրորդ Հանրապետություն»։ Անվտանգության համակարգի ապամոնտաժումը՝ առանց համարժեք նոր զսպման համակարգ ստեղծելու՝ «ինքնիշխանության ամրապնդում»։ Իսկ պարտությունից ծնված սահմանափակումների ամբողջությունը՝ «Իրական Հայաստան»։
Սա բառերի մասին վեճ չէ։ Սա պարտությունը հանրային գիտակցության մեջ նորմալացնելու տեխնոլոգիա է։
Հանձնումը կոչվում է սահմանազատում։
Նահանջը՝ իրատեսություն։
Պահանջից հրաժարումը՝ խաղաղություն։
Անվտանգային թուլացումը՝ ինքնիշխանություն։
Եթե իրողությունն անվանես իր անունով, հասարակությունը կարող է դիմադրել և ընդվզել մեծ ծավալով։ Հետևաբար անընդունելին նախ անվանափոխում են, ապա դարձնում քննարկելի, հետո՝ անխուսափելի, իսկ վերջում հասարակությունից պահանջում պաշտպանել այն որպես սեփական պետական շահ։ Հիբրիդային կապիտուլյացիան ավարտուն է դառնում այն պահին, երբ պարտվածին այլևս պետք չէ ստիպել։ Նրա ներսում արդեն գործում է համակարգ, որը բացատրում է, թե հակառակորդի համար ցանկալի արդյունքն ինչու է հենց իր շահը։ Այդպես կապիտուլյացիան ներբեռնվում է պետության ներս՝ քաղաքական լեզվի, պետական որոշումների, հանրային գիտակցության և նորմալության մասին պատկերացման մեջ։ Ինձ չընտրեք պատերազմ կլինի սոուսի ներքո:
Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլն այս վերափոխման մարդկային և ինստիտուցիոնալ հետևանքն է։
Երրորդ Հանրապետությունը կառուցվել էր անկախության, անվտանգային ինքնաբավության և հայկական քաղաքական սուբյեկտության վրա։ Այսօր անկախությունը վերասահմանվում է որպես արտաքին պահանջներին հարմարվելու կարողություն, անվտանգությունը՝ զսպման միջոցներից հրաժարվելը «խաղաղություն» անվանելու հռետորաբանություն, իսկ իրավունքներից հաջորդական նահանջը՝ պետական իմաստություն։
Պետությունը կառուցած սերունդը՝ «Իրական Հայաստանին» խանգարող կենսագրական վկայություն։
Սա վատ կառավարում չէ։ Սա հակահիմնադիր վերակազմավորում է՝ հիբրիդային կապիտուլյացիայի ներքին քաղաքական ձև: Այստեղ էլ սկսվում է քաղաքական գրոտեսկը․ բանակը կառուցած մարդը վերադարձնում է Հայաստանի անձնագիրը, իսկ բանակը պարտության հասցրած մարդն իրեն հռչակում է նոր հանրապետության հիմնադիր։
Հենց այստեղ կրկին տալիս եմ հիմնական հարցը, որը տալիս եմ շուրջ կես տարի:
Ով է Երրորդ Հանրապետության պահապանը։ Այն առաջին հերթին ուղղված է ընդդիմությանը։
Դուք վիճարկո՞ւմ եք հիբրիդային կապիտուլյացիայի ամբողջ տրամաբանությունը, թե՞ ընդունում եք դրա հիմնական կանխավարկածները և ընդամենը ցանկանում ավելի լավ կառավարել պարտությունից ծնված նույն իրականությունը։
Չի կարելի ընդունել Արցախի հարցում իշխանության սահմանած նոր ելակետը, բայց քննադատել դրա հետևանքները։ Չի կարելի ընդունել «Իրական Հայաստանի» հիմքային տրամաբանությունը, բայց առաջարկել դրա ավելի հայրենասիրական տարբերակը։ Որովհետև այդ դեպքում չես վիճարկում ճանապարհը։ Վիճում ես միայն այն մասին, թե ով պետք է վարի նույն մեքենան։
Երրորդ Հանրապետության պահապան լինելը նշանակում է չընդունել Արցախի հարցի փակված լինելը, չլեգիտիմացնել արտաքին պահանջով պայմանավորված սահմանադրական վերաձևումը, պարտությունից ծնված ուժային հարաբերակցությունը չհռչակել անշրջելի և իշխանությանը չառարկել նրա իսկ լեզվով ու կանխավարկածներով։
Նորատ Տեր-Գրիգորյանցը վերադարձրել է Հայաստանի անձնագիրը։ Բայց դրանից շատ առաջ գործող իշխանությունն էր հրաժարվել այն Հայաստանից, որի բանակը կառուցողներից մեկն է եղել:
Սա է հիբրիդային կապիտուլյացիայի վերջնական պատկերը․ հիմնադիրը հեռանում է իր կառուցած պետությունից, իրեն նոր պետության հիմնադիր է հռչակողը ձեռնամուխ լինում հիբրիդային կապիտուլյացիայի ծրագրային ապահովմանը , իսկ ընդդիմությանը մնում է որոշել՝ ո՞ր Հայաստանի պահապանն է ինքը։
Այս համակարգում այլևս քաղաքական չեզոքություն չկա։ Կամ հիբրիդային կապիտուլյացիայի ներսում ես, կամ՝ դրա հակոտնյան։
Վլադիմիր Մարտիրոսյան
Մեկնաբանություններ