Կրեմլը չի բացառում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև զրույցը՝ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև կատարած այցի արդյունքներով՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՄՆ-ի էմիսարների հետ Պուտինի հանդիպումը նա անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»՝ չբացառելով ՈՒկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսումը։               
 

Տնտեսական աճի տոկոսը քաղաքական հաջողության վկայական դարձնելը քողարկում է չլուծված խնդիրները

Տնտեսական աճի տոկոսը քաղաքական հաջողության վկայական դարձնելը քողարկում է չլուծված խնդիրները
07.09.2026 | 21:34
2026 թվականի հունվար–հուլիսին Հայաստանի արդյունաբերությունն աճել է 9.5 տոկոսով։ Առաջին հայացքից՝ բարենպաստ ցուցանիշ։ Սակայն երկրի տնտեսական հեռանկարը գնահատելու համար պետք է հասկանալ, թե ինչի հաշվին է ձևավորվում այդ աճը, ինչ կարողություններ է ստեղծում և որքանով է դիմանալու արտաքին պայմանների փոփոխությանը։
Հանքարդյունաբերությունն աճել է 26.5 տոկոսով, հիմնական մետաղների արտադրությունը՝ 33.1 տոկոսով։ Պղնձի և մոլիբդենի խտանյութերի ֆիզիկական թողարկումն իսկապես ավելացել է։ Բայց հանքարդյունաբերության վերականգնումը համընկել է նաև միջազգային շուկայում մետաղների բարձր գների հետ, որոնք մեծացնում են արտահանման հասույթն ու հանքարդյունաբերական եկամուտները։ Մենք շարունակում ենք մեծապես կախված մնալ հումքային շուկաների բարենպաստ պայմաններից՝ առանց բավարար ապացույցների, որ այդ հնարավորությունը վերածվում է տնտեսության տեխնոլոգիական առաջընթացի։
Մշակող արդյունաբերության 7.2 տոկոս աճի ներսում պատկերը խիստ անհամաչափ է։ Մեքենաների և սարքավորումների արտադրությունը նվազել է 54.6 տոկոսով, էլեկտրական սարքավորումների արտադրությունը՝ 9.3 տոկոսով, հագուստինը՝ 4.3 տոկոսով։ Էլեկտրոնիկայի աճը դրական է, սակայն դրա տեսակարար կշիռը մշակող արդյունաբերության մեջ դեռ ընդամենը մոտ 0.7 տոկոս է։ Տնտեսության արտադրական ու տեխնոլոգիական հիմքը շարունակում է մնալ նեղ։
Արտաքին առևտրի պատկերը առավել խոսուն է։ Արդյունաբերության աճի պայմաններում արտահանումը նվազել է 7.9 տոկոսով, ներմուծումն աճել է 7.7 տոկոսով, իսկ առևտրային պակասուրդը հասել է շուրջ 3.47 միլիարդ դոլարի։ Հանքահումքային արտահանման կտրուկ աճի կողքին թուլանում են մի շարք այլ ապրանքախմբերի դիրքերը։ Հետևաբար, արտահանման ընդհանուր թվերի փոփոխությունից ավելի կարևոր է դրանց բովանդակությունը՝ որքան տեղական աշխատանք, գիտելիք և ավելացված արժեք է պարունակում արտահանվող ապրանքը։
Նույն պատճառով վերաարտահանումը չի կարելի ներկայացնել որպես արդյունաբերական կարողություն։ Ներմուծված սարքավորման կամ թանկարժեք մետաղի արտահանումը կարող է մեծ շրջանառություն ապահովել, բայց դրանից Հայաստանում ինքնաբերաբար գործարան, տեխնոլոգիա կամ կայուն աշխատատեղ չի ստեղծվում։ Նույնիսկ տեղական որոշակի վերամշակման դեպքում պետք է գնահատել այստեղ ստեղծված ավելացված արժեքը։
Երկարաժամկետ հիմնական վտանգը հենց այստեղ է։ Երբ աճը կենտրոնանում է մի քանի ճյուղերում և կախված է հումքային գներից, արտաքին շուկաների հասանելիությունից ու առանձին խոշոր արտադրողներից, բարենպաստ պայմանների փոփոխությունը արագ փոխանցվում է ամբողջ տնտեսությանը։ Պղնձի գնի նվազումը, արտահանման սահմանափակումները կամ ներքին պահանջարկի թուլացումը կարող են միաժամանակ հարվածել արտադրությանը, զբաղվածությանը և պետական եկամուտներին։
Արդյունաբերության տարեկան աճի տեմպն արդեն դանդաղում է։ Առաջին եռամսյակում այն կազմել է 13.4 տոկոս, երկրորդում՝ 8.3 տոկոս, իսկ հուլիսին՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ ընդամենը 3.1 տոկոս։ Սա դեռ ճգնաժամի ապացույց չէ, բայց բավարար հիմք է տնտեսական ինքնագոհությունից հրաժարվելու համար։
Պատասխանատու իշխանության խնդիրը բարենպաստ ժամանակաշրջանի եկամուտները մրցունակ արտադրության, խոր վերամշակման, մասնագիտական հմտությունների և արտահանման նոր շուկաների վերածելն է։ Այդ արդյունքը պետք է չափվի արտադրողականությամբ, տեղական ավելացված արժեքով և արտաքին ցնցումներին դիմակայելու կարողությամբ։
Մինչդեռ աճի տոկոսը քաղաքական հաջողության վկայական դարձնելը քողարկում է չլուծված խնդիրները։ Եթե բարենպաստ արտաքին պայմանների տարիներին տնտեսության խոցելիությունը չի նվազում, ապա բաց ենք թողնում հաջորդ դժվար շրջանին պատրաստվելու հնարավորությունը։ Այդ բացթողման գինը վճարելու են քաղաքացիներն ու արտադրողները, իսկ դրա քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխանությունը։

Դավիթ Անանյան
Դիտվել է՝ 222

Մեկնաբանություններ