Աբրահամ Մասլոուի «կարիքների հիերարխիան» կարելի է կիրառել ոչ միայն անհատի, այլև ամբողջ հասարակության վարքագիծը հասկանալու համար։ Հայաստանի վերջին տարիների հասարակական գործընթացները այս տեսանկյունից դիտարկելիս՝ բավական հետաքրքիր պատկեր է ստացվում։
Պարզեցված տարբերակով՝ «կարիքների հիերարխիան» հետևյալն է․
1. Գոյատևում
2. Անվտանգություն և կայունություն
3. Սոցիալական պատկանելություն և համերաշխություն
4. Հարգանք, արժանապատվություն և արդարություն
5. Ինքնաիրացում և ստեղծարարություն
Երբ հասարակությունը երկար ժամանակ ապրում է պատերազմի հավանականության, անվտանգության անորոշության, տնտեսական անկայունության և ապագայի նկատմամբ անվստահության պայմաններում, նրա ուշադրությունը, բնականաբար, կենտրոնանում է ստորին մակարդակների վրա։
Հայաստանի պարագայում խնդիրը ավելի խորն է․ մենք ոչ միայն դժվարությամբ ենք հաղթահարում անվտանգության՝ 2-րդ մակարդակը, այլ պարբերաբար հետ ենք մղվում դեպի գոյատևման՝ 1-ին մակարդակի տրամաբանություն։
Այդ վիճակում փոխվում է նաև հասարակության քաղաքական վարքագիծը։
Երկարաժամկետ զարգացման ծրագրերը, ինստիտուտների որակը, կրթությունը, տնտեսական մրցունակությունը կամ պետական կառավարման արդյունավետությունը հասարակական օրակարգում հաճախ զիջում են իրենց տեղը շատ ավելի պարզ հարցերի՝ «պատերազմ լինելո՞ւ է», «անվտանգ լինելո՞ւ ենք», «աշխատանք ունենալո՞ւ եմ», «վաղը ավելի վա՞տ է լինելու»։
Իսկ վախի և անորոշության երկարատև միջավայրը պարարտ հող է ստեղծում քաղաքական ապատիայի և պարզունակ «արագ լուծումների» նկատմամբ պահանջարկի համար։ Հասարակությունը սկսում է ոչ այնքան զարգացման ծրագիր փնտրել, որքան մեկին, ով խոստանում է արագ վերադարձնել անվտանգության զգացումը։
Այստեղ է առաջանում պետական կառավարման հիմնական հարցը։
Պետությունը հասարակության վախերը կառավարո՞ւմ է, թե՞ վերացնում է դրանց պատճառները։
Եթե նպատակը զարգացող հասարակություն կառուցելն է, ապա կառավարումը պետք է աստիճանաբար բարձրացնի հասարակությանը կարիքների հիերարխիայի աստիճաններով։
2-րդ→ 3-րդ մակարդակ. անվտանգությունից դեպի համերաշխություն
Սահմանային անվտանգության, օրենքի գերակայության և տնտեսական կանխատեսելիության իրական մեխանիզմները պետք է մարդուն ազատեն մշտական տագնապից։
Միաժամանակ անհրաժեշտ է դուրս գալ «մենք» և «նրանք», «նախկիններ» և «ներկաներ», «մերոնք» և «ձերոնք» անվերջ բաժանումներից։ Պառակտված հասարակությունը չի կարող ձևավորել ընդհանուր ապագայի պատկերացում։
3-րդ→ 4-րդ մակարդակ. համերաշխությունից դեպի արժանապատվություն և արդարություն
Այստեղ արդեն առանցքային են մերիտոկրատիան, արդարադատությունը և սոցիալական շարժունակությունը։
Քաղաքացին պետք է տեսնի, որ հաջողության հասնելու ճանապարհը գիտելիքը, աշխատանքը և կարողությունն են, այլ ոչ թե կապերը, քաղաքական հավատարմությունը կամ ճիշտ մարդկանց ճանաչելը։
Նա պետք է վստահ լինի, որ օրենքը պաշտպանում է իրեն՝ անկախ պաշտոնից, հարստությունից կամ քաղաքական դիրքորոշումից։
Եվ վերջապես՝ պետությունը պետք է խրախուսի սեփական ուժերով արժեք ստեղծող մարդուն՝ ձեռնարկատիրոջը, մասնագետին, գիտնականին, ուսուցչին, ստեղծագործողին։
Այդ ժամանակ միայն հնարավոր է շարժվել դեպի 5-րդ մակարդակ՝ ինքնաիրացման հասարակություն, որտեղ մարդկանց հիմնական էներգիան այլևս չի ծախսվում գոյատևելու վրա, այլ ուղղվում է ստեղծելուն, զարգանալուն և նոր արժեք ձևավորելուն։
Այս դիտանկյունից Հայաստանի գլխավոր խնդիրը միայն տնտեսական աճը կամ նույնիսկ անվտանգությունը չէ։
Գլխավոր խնդիրը հասարակության զարգացման մակարդակը փոխելն է։
Պետության հաջողությունը պետք է չափել ոչ միայն ՀՆԱ-ով, հարկային մուտքերով կամ ճանապարհների կիլոմետրերով, այլ նաև մեկ շատ պարզ հարցով․իր կառավարումից հետո քաղաքացին Մասլոուի բուրգով մեկ աստիճան բարձրացե՞լ է, թե՞ մեկ աստիճան իջել։
Եթե տարիներ շարունակ մարդուն ստիպում ես մտածել միայն իր ֆիզիկական, տնտեսական և անվտանգային գոյատևման մասին, դժվար է նրանից պահանջել քաղաքացիական բարձր գիտակցություն, երկարաժամկետ մտածողություն և պատասխանատվություն պետության ապագայի նկատմամբ։
Իսկ եթե ստեղծում ես անվտանգություն, արդարություն և կանխատեսելիություն, հասարակությունն աստիճանաբար ինքն է սկսում պահանջել ավելի բարձր որակի կրթություն, ինստիտուտներ, կառավարում և, վերջապես, ավելի բարձր որակի պետություն։
Զարգացած պետությունը միայն հարուստ պետությունը չէ։
Զարգացած պետությունն այն է, որտեղ քաղաքացին այլևս չի ապրում գոյատևման ռեժիմում։
Սերգեյ Ղարագյոզյան