Իրականությունը, որը մենք ընդունում ենք որպես անվիճելի իրականություն, հաճախ պարզվում է՝ վարպետորեն հյուսված պատրանք է։ Դրա կմախքը սոցիալապես ընդունելի ձեռքբերումներն են, իսկ սոսինձը՝ հարմարավետության հետ մեր լուռ փոխզիջումը։ Մենք համաձայնում ենք աշխարհի այն տարբերակին, որը մեզանից նվազագույն ներքին ջանք է պահանջում։ Այդպես մեծամասնությունն ապրում է իր կյանքը ուրիշի սցենարի շրջանակներում՝ անգամ չնկատելով, որ իր դերն արդեն գրված է իր փոխարեն։
Արթնացումը սկսվում է մի հարցից․ ո՞ւմ է ձեռնտու, որ ես ինձ ազատ համարեմ՝ մնալով կանխատեսելի։
Գիտակցված հայրենասիրությունը ո՛չ կարգախոս է, ո՛չ գաղափարախոսություն։ Դա մտքի վիճակ է, երբ մարդը դադարում է պատրանքների սպառող լինելուց և դառնում իրականության ճարտարապետը։ Նա չի ժխտում աշխարհը․ նա իր վրա է վերցնում դրա վերակառուցման պատասխանատվությունը։ Դրա հիմքը ոչ թե արտաքին ատրիբուտներն են, այլ ներքին առանցքը՝ պատիվը, կամքը, ծառայությունը։
Պատիվը խոսքի տեր մարդ մնալու անձեռնմխելի իրավունքն է։ Կամքը ոչ թե էգոյի գործիք է, այլ դեպի դուրս ուղղված շարժիչ ուժ․ նախ՝ հանուն Հայրենիքի բարօրության, ապա՝ հասարակության, ընտանիքի և միայն դրանից հետո՝ սեփական անձի։ Այս հերթականության մեջ անձի սահմանափակում չկա, կա իսկական ուժի ձեռքբերում։ Ծառայությունը դառնում է ոչ թե զոհաբերություն, այլ դեպի ազատություն տանող ճանապարհ։
Նման դիրքորոշումն անհնար է առանց սխալի նկատմամբ վերաբերմունքի վերանայման։ Մեղավորության կանխավարկածի վրա կառուցված մշակույթը ծնում է վախ և կեղծավորություն։ Մենք ընտրում ենք այլ ճանապարհ՝ բարեխղճության կանխավարկածը։ Առանց չար մտադրության կատարված սխալը ոչ թե խարան է դնում, այլ սովորեցնում։ Այն դառնում է աճի նյութ, այլ ոչ թե բացառման պատճառ։ Միայն նման միջավայրում է ծնվում հասուն հասարակություն, որն ունակ է զարգանալու առանց հեղափոխությունների և ավերածությունների։
Գիտակցված հայրենասերը իրականության ծրագրավորողն է։ Նա տիրապետում է մի մեթոդի, որը հին է աշխարհի չափ և նոր՝ ինչպես վերջին հայտնագործությունը․ խոսք → նախագիծ → իրագործում։ Հստակ մտահղացման վերածված գաղափարը և իրագործման հասցված մտահղացումը՝ այսպես է միտքը մարմին ստանում և սկսում փոխել աշխարհը։ Այսպես են ծնվում համակարգեր, որոնք ունակ են ծառայելու մարդուն, այլ ոչ թե ստրկացնելու նրան։ Բաց, ինքնաբավ, կենդանի։
Այս սկզբունքների՝ պատվի, քաջության, ծառայության և արարման համադրությունը բյուրեղացնում է մի անհատականություն, որն ունակ է ոչ միայն հարմարվելու փոփոխություններին, այլև սահմանելու դրանց ուղղությունը։ Այդպիսի մարդը դառնում է անցյալի և ապագայի միջև կապող օղակ։ Նա իմաստություն է քաղում նախնիներից, գործում է ներկայում և հիմք է կառուցում նրանց համար, ովքեր գալու են իրենից հետո։
Մենք կա՛մ մնում ենք մեզ պարտադրված իրականության մեջ՝ բավարարվելով հանդիսատեսի դերով, կա՛մ որոշում ենք ընդունում ձևավորել մեր աշխարհը՝ գիտակցաբար, պատասխանատվությամբ, Հայրենիքի հանդեպ սիրով։
Երրորդը տրված չէ։
Սերգեյ Ղարագյոզյան