Քաղաքացիությունից հրաժարում․ բողոքի դաս՝ ազգային անտարբերությանը
09.09.2026 | 11:31
Մեծանուն գեներալի, մեծ հայի՝ Նորատ Տեր-Գրիգորյանցի կատարած քայլը՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը, բողոքի յուրօրինակ ձև է և նրա հուսահատ հոգու ճիչը, սթափության կոչն ու ազդանշանը Հայաստանի վերահաս կործանման ու ազգի անտարբեր կեցվածքի համար։
Սիրելի՛ ժողովուրդ, հայ գեներալի կատարած այդ քայլը ոչ միայն իշխանությունների դեմ էր, անհամաձայնության արտահայտությունն էր նրանց վարած ապազգային ու ապաշնորհ քաղաքականությանը, այլ նաև իր ազգակիցների՝ մեզանից յուրաքանչյուրի անհասկանալի, անարժանապատիվ, անսկզբունք, խղճուկ ու անտարբեր պահվածքի, անիրատեսության, մեր ստրկամտության և աշխարհով մեկ խայտառակ լինելուց չամաչելու դեմ էր։ Մեր կատարած անհասկանալի ընտրության և պարտվածներին երկու անգամ անընդմեջ իշխանության բերելու ու հանդուրժելու դեմ էր, մեզանից շատերի՝ Աստծուց հեռանալու և մեր սրբությունները չունենալու, մեր հանճար-իմաստունների և մեծերի պատգամներին ու խորհուրդներին ականջալուր չլինելու դեմ էր, մեր մեջ այսքան մատնիչներ, դավաճաններ ու երախտամոռներ ունենալու դեմ էր, մեր՝ դավադիր պարտության, նվաստացման, Արցախի ու Հայաստանից տարածքների հանձնման, թրքահպատակության, նյութը պաշտելու ու հայրենիքն ուրանալու, հայկականության, մեր ազգային արժեքների, դարերով ձևավորված սովորույթների, հայկական ավանդական ընտանիքի ապականման ու այլասերման հետ հաշտվելու ու հանդուրժելու դեմ էր։
Նրա այս քայլը նաև ընդդիմադիրների ու ազգային էլիտայի անմիասնության, նրանց անկարողության ու ժողովրդին արժանապատվորեն չառաջնորդելու դեմ էր, աշխարհի հայության տարբեր հատվածների անհամերաշխության ու անմիասնության դեմ էր։ Սա ընդվզում էր իսկական, խիզախ ու պատվախնդիր զինվորականի՝ սպայի պատվի ու ազգային արժանապատվության կորստի համար, ընդվզում էր նաև իր ստեղծած ու երեխայի նման փայփայած բանակն արժեզրկելու և թուլացնելու համար, իր ակտիվ մասնակցությամբ ու ղեկավարությամբ տարած հաղթանակը մսխելու և ազատագրած Արցախը հանձնելու համար, իր իշխանությունից ու ժողովրդից վիրավորվածության համար։ Սա խոր մտահոգության արտահայտություն էր իր հայրենիքի ու ժողովրդի համար։
Սակայն վաստակաշատ գեներալի՝ իր հայրենիքին ու ազգին անմնացորդ նվիրյալի այս քայլն ամենևին էլ չի նշանակում հրաժարում իր երկրից, ժողովրդից և նրա խնդիրներից․ սա ընդամենը մեծ հայի, իմաստուն մարդու մտահոգություն արտահայտող ժեստն է այն մասին, որ սթափվել է պետք, քանի դեռ անհնարին չէ փրկել իրավիճակը։ Սա կոչ է ազգին՝ խոհեմության, լրջության ու պատասխանատվության։
Այս մոլորված ու խղճուկ վիճակն էլ, որում հայտնվել ենք ազգովի, մեր դժբախտությունն է, մեր անխոհեմ ընտրության, մեր քաղաքականապես հասուն ու շրջահայաց չլինելու արդյունքն է, մեր ազգային ընտրանու՝ ժողովրդի ու երկրի նկատմամբ սիրո, պատասխանատվության, պետական մտածողության և ազգային շահի գիտակցման պակասի արդյունքն է, և հետևապես՝ նա՛ է պարտավոր ու պատասխանատու այս վիճակից դուրս գալու ելքեր փնտրելու համար։
Սիրելի՛ ժողովուրդ, եկեք այնպես անենք, որ ազգի արժանավոր զավակները՝ մեծերը, տաղանդներն ու ձեռներեցները, ոչ թե հեռանան հայրենիքից հիասթափված, չգնահատված ու չիրացված լինելու պատճառով, այլ գան Հայաստան, ոչ թե դիմեն հուսահատ քայլի՝ հրաժարվեն իրենց սիրելի Հայաստանի քաղաքացիությունից և անձնագիրը հանձնեն, այլ հպարտությամբ ու սիրով զանգվածաբար դիմեն Հայաստանի քաղաքացիություն և այդքան բաղձալի Անձնագիրը ստանալու համար։ Չէ՞ որ Նորատ Տեր-Գրիգորյանների ու նրա նման իմաստուն-նվիրյալների տաղանդի, հեղինակության միջոցով է նախևառաջ հնարավոր երկրում ստեղծված այս մղձավանջի հաղթահարումը, առաջընթացի ապահովումն ու աշխարհին արժանապատվորեն ներկայանալը։
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Մեկնաբանություններ