Գրականագետներն ու հանրալեզվաբանները (սոցիոլինգվիստները) վաղուց են արձանագրել դառը ճշմարտությունը․ էպիստոլյար (նամակագրական) ժանրը ժամանակակից աշխարհում ապրում է իր խոր ծերությունն ու գրական մայրամուտը։
Թվային աղմկոտ, «սմարթֆոնային» դարում, երբ մարդկային էմոցիաները տեղավորվում են սառնասիրտ «սմայլիկների» ու կարճ SMS-ների մեջ, հուզաթաթավ ձեռագիր նամակն ու երախտիքի՝ թղթին հանձնված տողը դարձել են գրեթե թանգարանային հազվագյուտություն։
Սակայն դեռևս հանդիպող բացառիկ դեպքերն են, որ, ժամանակ առ ժամանակ, կենդանության նոր շունչ ու հոգի են հաղորդում, կարծես, մայրամուտ ապրող այդ վեհ ժանրին։
Առավել ևս, երբ գիր դարձած խոսքը ծնվում է հիվանդանոցային պալատում, որտեղ մարդը մտնում է տագնապով, վախով ու ցավով, իսկ դուրս գալիս՝ վերագտնված կյանքով, հույսով ու խաղաղությամբ։ Այդ պահին վերցնել գրիչն ու դողդոջուն կամ վստահ ձեռքով թղթին հանձնել հոգու արձագանքը՝ պարզապես «շնորհակալություն» չէ․ դա էպիստոլյար մշակույթի վերածնունդն է՝ վերածված երախտագիտության աղոթքի։
Սարգսյանի աշխատասենյակում պահվող այդ ձեռագիր էջերը բժշկական գիտության թերևս ամենաազնիվ, ամենաիրական ու անեղծ «դիպլոմներն» են։ Դրանք պաշտոնական կնիքներով ոսկեզօծ թղթեր չեն, այլ բազմաթիվ բուժառուների՝ ապաքինված հոգիների ու մայրացած կանանց կենդանի վկայությունները․
*«...24.06.2021թ. երեխայիս առողջական վիճակի պատճառով հաճախեցինք «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն... Մեզ դիմավորեցին շատ հոգատարությամբ և ջերմությամբ... Հպարտ ենք, որ ունենք այսպիսի բանիմաց և վստահելի մասնագետներ» (Շահնազարյան Ա․)։
* «...10.04.2022թ. Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում... գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկներ Աշոտ, Արամ Սարգսյաններին...» (Արմենուհի Խելոյան)։
*«...30.05.2021թ. Շնորհակալություն այսչափ ջերմ մթնոլորտի համար, որը շատ կարևոր է յուրաքանչյուր հիվանդի համար» (Ֆլորա Մովսիսյան)։
*«...Գոհ եմ ձեր այսչափ ջերմ, հոգատար վերաբերմունքի համար» (Անահիտ Բարսեղյան)։
Եվ վերջապես՝ հեղինակային գրքի մակագրության վրա դրված սրտաբուխ խոսքը․ «Իմ սիրելի Աշոտ Ամիրբարիչ Սարգսյանին՝ հրաշալի մարդուն և բազմավաստակ բժշկին, նաև իր որդուն՝ իմ բուժող բժիշկ Արամ Աշոտիչին... Խորին երախտագիտությամբ, սիրով և ջերմ բարեմաղթանքներով...» (Շամիրամ Վարդերեսյան)։
ՈՒշադրություն դարձրեք․ հիշատակված և մնացած բոլոր գրառումներում առկա է մեկ ընդհանուր, կարմիր թելով ձգվող բառ՝ «ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ»։
Ժամանակակից, չոր, փողակենտրոն ու բյուրոկրատացված առողջապահական համակարգում, որտեղ հիվանդին հաճախ նայում են որպես «հերթական դեպքի», Սարգսյանների տոհմական դպրոցը պահպանել է ամենակարևորը՝ մարդկային հոգին ու դեմքը։
Հենց այս կետում է, որ նախորդ երկու հրապարակումներում մեր քննարկած բարոյական փիլիսոփայությունը, Հիպոկրատի երդման խորհուրդն ու «քարահատման» վարպետությունը դուրս են գալիս տեսական տիրույթից, զրկվում վերացականությունից և դառնում շոշափելի, կենդանի իրականություն։
Երբ որդին՝ Արամը, անմնացորդ խոնարհվում է հոր՝ Աշոտ Ամիրբարովիչի վասն վարպետության առջև, դա պարզապես տոհմային հարգանքի դրսևորում չէ․ դրանից առաջին հերթին շահում է բուժառուն։ Երբ վիրահատարանում կողք կողքի կանգնում են ավագի անսխալական փորձառությունն ու երիտասարդի էներգիան, երբ երկու սերունդ միասին են կրում մարդկային կյանքի պատասխանատվությունը, ծնվում է այն բացարձակ ու անսասան վստահությունը, որն ապաքինում է դեռ նշտարի հպումից առաջ։
Եվ հենց այդ անդորրն է ստիպում տագնապը հաղթահարած մարդկանց վիրահատությունից հետո վերցնել գրիչն ու հոգու թելադրանքով թղթին հանձնել․ «Հպարտ ենք, որ ձեզ նման բժիշկներ ունենք»։
Այս և մյուս ձեռագիր էջերը լռեցնում են բոլոր կասկածները։ Դրանք անառարկելիորեն ապացուցում են, որ իսկական Վարպետությունն ու որդիական արժանապատիվ շարունակությունը ոչ թե ժամանակավոր մեդիա-փուչիկներ են, այլ ամենօրյա, ծանր, բայց վեհագույն առաքելություն։
Բժիշկ Աշոտ Սարգսյանի կերտած բարոյական բարձրագույն չափանիշն այսօր հուսալի ու վստահ ձեռքերում է․ որդին՝ Արամ Սարգսյանը, քայլում է նույն անաղարտ ու արժանապատիվ ուղիով։ Իսկ այդ վերելքի լավագույն վկայագիրը ոչ թե պատերից կախված պաշտոնական շնորհակալագրերն են, այլ մարդկանց սրտերում և այս ձեռագիր, դեղնած թղթերում անջնջելիորեն դրոշմված անկեղծ սերն ու երախտագիտությունը։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ