Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպման առաջարկը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե պայմանները թույլ տան, նույն միջոցառման ընթացքում հնարավոր է նաև Պուտին-Թրամփ հանդիպում։               
 

Խանումը փուռն է տալիս իր Արևարքային

Խանումը փուռն է տալիս իր Արևարքային
09.09.2026 | 13:32

Իրական հեքիաթ

Աշխարհի շատ երկրներում Նազարներ են թագավորում։ Արևոտ Լեռնաստանում «քայլով մերժված» Նազարից հետո թախտին բազմեց մի նոր Նազար:
Բայց այս Նազարը նոր ժամանակների նազար է՝ տեխնոլոգիաների դարում ծնված, արագախոս, արագաշարժ և, ամենակարևորը, շատ բաների միաժամանակ տիրապետող։ Թագավորության մեջ նույնիսկ ասում են՝ այդքան բազմակողմանի բազմաշնորհ նազար աշխարհը չի տեսել։ Առավոտյան նա դատավոր է։ Ինքն է որոշում՝ ով պիտի նստի, ով՝ չնստի, իսկ ով նստի՝ քանի տարի նստի։ Կեսօրին բժիշկ է։ Գահից նայում է մարդկանց ու հասկանում՝ ով է հիվանդ, ով՝ սիմուլյանտ։ Երեկոյան ուսուցչի կախարդական փայտիկն է վերցնում և որոշում՝ ով ինչպես պիտի վերադաստիարակվի։ Իսկ երբ պալատում մութն ընկնում է, նա տնտեսագետ է, որ բացատրում է՝ ով իրավունք ունի հարստանալու, ով՝ ունեզրկվելու և ով պիտի իր չունեցածով գոհանա։
Այս ամենը մեծ հարմարություն է թագավորության համար. չէ՞ որ մի ամբողջ իշխանության փոխարեն կա ընդամենը մեկ Նազար։ Միայն թե Նազարը դրանով չի սահմանափակվում։ Ով նրա խոսքին հակառակ բան է ասում՝ նրա համար ճանապարհը նեղանում է։ Ով շատ է հարցնում՝ պատասխանը ավելի կարճ է հնչում, քան հարցը։ Ով չի համաձայնում՝ նրան հիշեցնում է, որ արքային համաձայն չլինելը թագավորության ամենահարմար զբաղմունքը չէ։ Եվ այդպես տարիների ընթացքում մարդիկ սովորեցին Նազարի տարօրինակ քմայքներին։ Մեկին ասում է՝ երկար կնստես։Մյուսին՝ սիմուլյանտ ես։Երրորդին՝ պիտի վերադաստիարակվես։ Չորրորդին պարզապես հասկացնում է, որ թագավորի ճանապարհին կանգնելը լավ գաղափար չէ։ Թագավորությունն էլ լսում է, նայում, զարմանում, երբեմն բարկանում, երբեմն էլ ուսերը թոթվում։ Ինը տարիների ընթացքում նրա ընդդիմադիրները բազմաթիվ կախարդանքներ փորձեցին։ Մեկը խոսեց։ Մյուսը պոռթկաց։ Երրորդը հանրահավաք արեց։ Մյուսը դաշինք կազմեց։ Ժողովրդին խնդրեցին՝ եկեք Նազարին թախտից իջեցնենք։ Բայց թախտը կարծես Նազարի հետ ուխտ արած լինի. ոչ ճոճվում է, ոչ ճռճռում, ոչ էլ գոնե մի ոտքը կոտրում։
Նազարը նստած է։ Եվ այնքան ամուր, որ թագավորության մարդիկ սկսել են կասկածել՝ գուցե թախտն ընդհանրապես սովորական թախտ չէ, սոսնձապատված է: Ու հենց այդ ժամանակ, երբ շատերն արդեն չգիտեն՝ ինչ նոր կախարդանք փորձեն, պալատում լուր տարածվեց՝ Աննա խանումը օրենք է գրում։
Պալատական դպիրը վազեց Նազարի մոտ.- Խանումը օրենք է գրում բռնության դեմ։
-Խանումս օրենք է գրում, -մտածեց արքան, -զբաղմունք է գտել:
Վճռեց. - Դաբրո տվեք՝ թող էթա...
Թագավորության առաջին խանումը խոսում է ընտանեկան բռնության դեմ։ Նա ուզում է, որ այն այլևս չմնա տան փակ դռների ետևում, որ բռնարարն իր արարքի համար պատասխան տա, իսկ տուժողը չմնա միայնակ։ Պալատականները վերցրին միտքը, սրբագրեցին, լրացրին, դրեցին օրենքի սեղանին։ Օրենքի կախարդական փայտիկը մի քանի հարված ուներ։ Առաջին հարվածով՝ բռնությունը պիտի առանձին հանցագործություն դառնա։ Երկրորդով՝ «հաշտվեցինք, մոռացանք» կախարդանքը այլևս չի կարող փակել գործը։ Երրորդով՝ բռնարարը պիտի անցնի վերականգնման ճանապարհ։ Չորրորդով՝ պալատական պահապանները պիտի ավելի լավ տեսնեն ու արձանագրեն կատարվածը` տեսախցիկներով տեսանկարահանումներով։
Ամեն ինչ՝ ընտանիքը պաշտպանելու համար։
Իսկ եթե թագավորությունն էլ մի մեծ ընտանի՞ք է։ Եթե տան մեջ չի կարելի մարդուն վախեցնել, նվաստացնել, ճնշել, հետապնդել, նրա փոխարեն որոշել, թե ինչ պիտի ասի, ինչ պիտի անի և ինչ պիտի մտածի, ապա մեծ տան՝ թագավորության մեջ, ինչո՞ւ պիտի կարելի լինի։ Եթե ընտանիքում իշխանությունը իրավունք չի տալիս մեկին մյուսի վրա ձեռք բարձրացնել, ապա իշխանավորին պաշտոնն ինչո՞ւ պիտի իրավունք տա քաղաքացու վրա իր կամքը պարտադրել ու «ամրակայել» ։
Թագավորության մարդիկ սկսեցին հիշել Նազարի ինը տարիները։ Հիշեցին նրա դատավորական օրերը։ Բժշկական ախտորոշումները։ Վերադաստիարակության դասերը, ծանր խոսքերը, սրան-նրան ուղղված հաթաթաները, սպառնալիքները: Հիշեցին ու նորից նայեցին արքայի կողմը։ Նազարը, սակայն, էլի հանգիստ է։ Նա ոչինչ չի նկատում, ոչինչ չի կանխազգում։ Խանումը օրենք է գրում։ Իր խանումը: Նա միտը չբերեց անգամ իրենից առաջ եղած հեքիաթը. ժողովրդական հեքիաթում Նազարին թախտից գցում է ոչ այլ ոք, եթե ոչ իր սեփական Ուստիան խանումը...
Մեր օրերի Նազար հազարերորդը այդ դեպքում գուցե ավելի ուշադիր կարդար այն օրենքը, որ խանումն իր ու ուրիշների ձեռքով է գրել ։ Զարմանահրաշ են օրենքները: Սկզբում թվում է՝ գրված են այլոց համար։ Հետո կյանքը կարող է մի օր հիշեցնել, որ օրենքը օրենք է բոլորի համար։
Ու եթե բռնությունից պաշտպանվելու համար կախարդական փայտիկ են պատրաստել, ոչ ոք չի կարող նախապես ասել, թե այն որ մեկի գլխին է իջնելու։ Գուցե մեկ անգամ գլխավերևում թափահարվի՝ ընտանիքի շահերը պաշտպանելու համար։ Բա հետո՞... Մեզ հասած տեղեկություններով՝ պալատականները ջերմեռանդորեն շարունակում են այն մշակել։ Իսկ թագավորության ժողովուրդը, ինչպես միշտ, ուշի ուշով հետևում է։
Հեքիաթներում այսպես է՝ ամենակարևոր բանն ասում են ամենավերջում. եթե հին Նազարին գահից գցեց Ուստիան խանումը, նոր Նազարը գուցե մի օր ինքն էլ հիշի, որ իր մարմնին ամենամոտ մարդը օրենք է գրել իբր թե բռնության, իրականում՝ իր դեմ։ Իսկ ինքն այդ օրենքին «դաբրո» է տվել։
Իսկ թե օրենքի կախարդանքը մինչև ուր կհասնի՝ դա արդեն ուրիշ հեքիաթ կասի։
Միայն իմացեք՝ այս հեքիաթում թախտը, ինչպես ասում են, վաղուց սկսել է ճռճռալ։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Դիտվել է՝ 212

Մեկնաբանություններ