Փոփոխություններով հագեցած մարդկության պատմությունը կամ նրա կյանքի զարգացման պրոցեսը մասշտաբային ու փոխկապակցված պարադիգմների հաջորդականություն է, պարադիգմներ, որոնք կարող են բնութագրվել մարդկանց ազատության ու իրավունքի տեսանկյունից, հասարակական կյանքի կառուցման առանձնատակություններով, գիտության ու տեխնոլոգիաների սերնդափոխությամբ և այլն։
Եթե հասարակական կյանքի դինամիկայի հարցերին մոտենանք գիտության ու նոր տեխնոլոգիաների տեսանկյունից, ապա պարզ է, որ դրանք մարդկության աճող պահանջների արձագանքներն են, որոնց համեմատական դերը մարդկանց կյանքում անշեղորեն աճում է՝ ստանալով գոյաբանական իմաստ։
Այս առումով մարդկության զարգացման ամբողջ պրոցեսում առանձնանում են վերջին հարյուր տարում ստեղծված ատոմային, տիեզերական և ինֆորմացիոն տեխնոլոգիաները, հատկապես վերջինիս հետ կապված կոմպյուտերային և արհեստական բանականություն կոչված նոր տեխնոլոգիաները։
Ամեն մի նոր տեխնոլոգիա, որպես պարադիգմ, ունի իր պոտենցիալը, որն էլ ժամանակի մեջ աճելու տենդենց ունի, քանի որ դրա հնարավորությունները աստիճանաբար են պարզվում, այսինքն, դրա պոտենցիալի օգտագործման ամեն մի լուրջ քայլ նոր հնարավորություններ է պարզում։
Այդ իմաստով, ցանկացած նոր պարադիգմի իրական հնարավորությունները անհայտ են մարդկանց համար, քանի դեռ դրա պոտենցիալի նվաճման ուղղությամբ լուրջ քայլեր դեռ չեն արվել։
Այս պնդումը ճիշտ է ատոմային, տիեզերական և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համար և, հատկապես, արհեստական բանականությունների արագ և մրցակցային ռեժիմում անկառավարելի ձևով զարգացող ու միաժամանակ շատ խոստումնալից և պոտենցիալ ռիսկերով հագեցած ոլորտում։
Այդ ռիսկերն էլ հիմնականում կապված են այն բանի հետ, որ առաջին անգամ մարդկային հասարակության պատմության մեջ մարդու ստեղծած գործիքը մտավոր կյանքում դառնում է մարդու մրցակիցը, ըստ որում, ահեղ մրցակիցը, որի պոտենցիալ հնարավորությունները դեռ մարդուն հայտնի չեն, դրա հետ կապված ռիսկերն էլ հայտնի չեն, ու այս ուղղությամբ կան միայն մոտավոր ենթադրություններ։
Նման ռիսկերը շատ մեծ են հատկապես գլոբալ բնույթի որոշումներ կայացնելու և կառավարման ոլորտներում, որտեղ նման մակարդակի սխալները կարող են ունենալ անկանխատեսելի ծանր հետևանքներ մարդկության համար, ընդհուպ մինչև պատահական ինքնաոչնչացում։
Առայժմ արհեստական բանականությունը համարյա բոլոր առումներով գերազանցում է մարդում, արագությամբ, հիշողությամբ ու կուտակած գիտելիքների ահռելիությամբ, որոշումների կայացման բազմակողմանիությամբ ու էֆեկտիվությամբ և այլն, բացի մի հարցից, այն է՝միայն դեռ մարդուն հատուկ, բարձրագույն ստեղծագործական հատկությունից, որի մեխանիզմը դեռ մարդուն իրեն էլ հայտնի չէ։
Բայց դա էլ կարող է շատ արագ լուծվել, քանի որ կապիտալն ու բիզնեսը դրա կարիքը զգում են, և այս ուղղությամբ մարդկության կողմից կա մեծ քաղաքակրթական պահանջարկ։
ԱԲ ոլորտն ունի նաև չլուծված տեխնիկական ու գիտական պրոբլեմներ, քանի որ խիստ էներգատար է և որոշումներ կայացնելիս օգտվում է վիճակագրական ու ցանցային մեթոդներից։
Այս ոլորտի գիտական հիմքը տվյալների մասին գիտությունն է (Data science), որի հիմնական պրոբլեմը որևէ կամայական ոլորտում տվյալ սիստեմի ներսում օրինաչափություններ գտնելն է, որի հիման վրա կարելի է կայացնել տարբեր բնույթի որոշումներ։
Ներկայում այս ոլորտում գործող ցանցային փիլիսոփայությունն ու դրա մեծ ծավալի հաշվողական իրականացումները իրենց էությամբ խիստ մոտավոր են և ունեն սխալվելու շատ մեծ ռիսկեր ու նաև շատ թանկ են։
Մյուս կողմից էլ, վաղուց հայտնի է, որ գիտության այն ոլորտները, որոնք ունեն հիմնարար բնույթի մաթեմատիկական նկարագրություն, դրանցում տվյալների հետ կատարվող աշխատանքը միարժեք է ու շատ պարզ։
Ներկայում ցանցային ու վիճակագրական մեթոդների համար պահանջվող մեծ հաշվողական կարողությունների կարիքի պատճառն այն է, որ քաղաքականության, բիզնեսի, մարկետինգի ու մատակարարումների և այլ ոլորտները չունեն իրենց հիմնարար բնույթի մաթեմատիկական նկարագրությունը։
Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ մարդկությունն այս ուղղությամբ ունի մեծ պահանջարկ, որը վերաբերում է նշված և այլ ոլորտների վարքի ու գործունեության ունիվերսալ նկարագրությանը, քանի որ դրանք բոլորը մարդկային համակարգեր են և որոնց բոլորի հիմքում ընկած է նույն մարդկային հոգեբանությունը։
Մի բան, որը նախադրյալներ է ստեղծում մարդկանց ու մարդկային համակարգերի վարքի ու գործունեության ունիվերսալ քանակական գիտություն ստեղծելու համար։
Պավել Բարսեղյան