Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպման առաջարկը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե պայմանները թույլ տան, նույն միջոցառման ընթացքում հնարավոր է նաև Պուտին-Թրամփ հանդիպում։               
 

Ես զոհվել եմ

Ես զոհվել եմ
09.09.2026 | 16:02

(պատմվածք)

Միմյանց չհանդուրժող ուժերի միջև պատերազմները երբեք չեն ավարտվում: Ձևափոխվում, այլակերպվում, անցնում են դիվանագիտական, տնտեսական, մշակութային և այլ հարթակներ, և առաջին իսկ պատեհ առիթով վերածվում ռազմական բախման: Ծանր ողբերգություն ապրեց Ավետյաց Երկրի վերջին բեկորը` ունենալով թե մարդուժի, թե տարածքների, թե զենք-զինամթերքի ահռելի կորուստներ: Չնայած տարօրինակություններով լեցուն պարտությանը` անօրինակ սխրանքի ու հերոսական էջեր գրեց հայ զինվորը: Իսկ փաստական մանրամասները համառոտ` մախաթը պարկում երկար չես պահի կամ գողինն ու բոզինը քառասուն օր է: Սրանց հեղինակը մեկ անձ չէ, սրանք իմիջիայլոցների շարքից չեն, այլ պատմական փորձաքննություններ անցած ժողովրդական իմաստություններ...

Արտերկրից ժամանած ընկերոջս հետ սրճարանում զրուցում էինք համայն հայությանը հուզող վերջին շրջանում ծավալված խնդրահարույց իրադարձությունների շուրջ: Նրան մեծապես հետաքրքրում էր նաև, թե ինչու հասցեատերերին չհասան սփյուռքից ուղարկված հրատապ օգնությունները` զինվորական հանդերձանք, զրահաբաճկոններ, սաղավարտներ, գիշերային տեսանելիության սարքեր ու օպտիկական նշանոցներ և այլն: Հարցերը հարցեր էին ծնում, պատասխանները դեգերում մեծագույն դավադրության ու կործանարար դավաճանության առանցքի շուրջ:

Սրճարանը բազմամարդ էր: Թվում էր, թե ռազմաճակատում տեղի ունեցած ճակատագրական իրադարձություններին անտարբեր է մայրաքաղաքում զվարճացող հանրությունը: Զարմանալիորեն տպավորություն էր ձևավորվել, թե այդ իրադարձություններին անհաղորդ է հասարակության մի զգալի հատվածը, թե այն ակամայից բաժանվել է երկու հատվածի` ողբ, ցավ, կորուստների տառապանքը կրողների և կյանքն անզուսպ վայելողների, որոնք չէին գիտակցում, թե ում են պարտական իրենց ինքնամոռաց և անհոգ ժամանցների համար: Նրանք սիրով ու ախորժակով կերակրվել էին խաղաղության սին պատրանքով: Խախուտ խաղաղություն, ստվարաթղթե տնակ, որպիսիք փլուզվուն են առաջին իսկ սյուքից, գերեզմանային լուռ ու անշունչ ներդաշնակություն, որտեղ չկան օտարներ ու յուրայիններ:: Կամավոր ինքնախաբեություն` հղի ինքնաոչնչացվողի հնազանդության ախտանշաններով:

Վերլուծությունների արդյունքում ուրվագծվում էր աներևակայելի դաժան կանխամտածված խարդավանքների մի իրականություն, սարսափելի կասկած գաղտնի պայմանավորվածությունների մասին, որին փորձում էինք չհավատալ և հնարավորինս վանել այդ զազրելի մտքերը մեզանից: Բայց միևնույն է, դրանք փարատելու բոլոր փորձերն անօգուտ և անիմաստ էին:

- Մի բաժակ օղի կհյուրասիրե”ք,- քաղաքավարությամբ հարցրեց մեր սեղանին մոտեցած զինվորական կիսամաշ համազգեստով, սփրթնած դեմքով տղամարդը, որի կուրծքը զարդարող շքանշաններն ու մեդալները վկայում էին պարբերաբար իրար հաջորդող բոլոր պատերազմների մարտական գործողություններին ակտիվ ու խիզախ մասնակցության մասին: Թեև դեմքին տառապանք ու ցավ էր դաջված, սակայն խորքում նշմարվում էին ազնվականական դիմագծերը:

- Սիրով,- անակնկալի եկած պատասխանեցի ես, և պատրաստվում էի նրան մեկնել իմ առջև դրված օղու բաժակը, սակայն ընկերս կանխեց` ձեռքով նշան անելով, որ մատուցողը մոտենա:

- Մի կարգին հյուրասիրենք զինվորին,- շշնջաց նա, և ես առաջարկեցի անծանոթին տեղ գրավել կողքի ազատ սեղանի մոտ:

Զինվորը լուռ ենթարկվեց: Այդ ընթացքում խանդավառված քաղաքացիական հագուստով մեկը ջերմորեն ողջունեց նրան` պատրաստ ողջագուրվելու:

- Բարև, Ջոնիկ:

-Բարևն Աստծունն է,- սառը պատասխանեց զինվորը,- բայց դուք շփոթում եք: Ես ձեր իմացած Ջոնիկը չեմ…

-Ինչպեˆս թե, եղբայր: Չի կարող այս աստիճանի նմանություն լինել:

-Կարող է: Ջոնիկը զոհվեց պատերազմից ողջ-առողջ վերադառնալուց հետո: Ժամեր առաջ,- մռթմռթաց զինվորը` դեմքը շրջելով զրուցակցից հակառակ ուղղությամբ:

Կարճ ժամանակ անց մատուցողը նրա սեղանին դրեց օղի և խորտիկներ:

Սեղանի պարունակությունը կարճ տնտղելուց հետո զինվորի արհամարհական հայացքը սահեց մեր կողմը: Նա անսպասելի ասես ոստնեց իր տեղից և բարկացած պոռթկաց.

-Ես մուրացկան չեմ, պարզապես այս պահին ցանկացա ընդամենը մեկ բաժակ օղի խմել:- Ես մուրացկան չեմ,- ապա բարձրաձայն կրկնեց. -Ես մուրացկան չեմ,- և մեր ապշած հայացքների ուղեկցությամբ բարկացած դուրս եկավ սրճարանից` մի վերջին անգամ ամբողջ կոկորդի հզորությամբ գոռալով. «Ջոնիկը զոհվեց խաղաղ պայմաններում: Ջոնիկ չկա այլևս: Նա զոհվել է...»:

-Ոˆվ է սա խենթը, կճանչնաˆս… Ես բնավ վատ բան չըրի: Ցանկացա հայ զինվորին արժանի ճոխ հյուրասիրություն մը ընել: Ինձմեˆվիրավորվեց: Ինչոˆւ վիրավորվեց …,- վատ զգալու հերթն ընկերոջս էր:

-Երևի կոնտուզիա ունի: Հիմա տարօրինակ վարք դրսևորող շատերի կհանդիպես: Ժամանակավոր բան է, կանցնի,- փորձեցի մեղմել ընկերոջս տագնապը:

Քայլում էր Ջոնիկը մարդաշատ փողոցով ինչպես թափառաշրջիկ, որի կապը խզվել է իրականության հետ, կորցրել է ուր գնալու և ինչ անելու կողմնորոշումը և անիմաստ դեգերում է ինքն իր մտորումներով ամփոփ, ինքն իր աշխարհում, մեկ ուրիշ աշխարհում, որն աղերսներ չունի խառնամբոխի կերտած հասարակության հետ: «Աստված, հոգիս առ, ազատիր ինձ այս խայտառակությունից, փրկիր ինձ այս համատարած չարիքից: Եվ ինչոˆւ, և ինչպեˆս եղավ, որ ես չզոհվեցի ռազմաճակատում: Իսկ միգուցե զոհվել եմ և հայտնվել մեկ ուրիշ իրականության մեջ: Չէ, անհնար է այս համատարած անպատվությանն ու անպատկառությանը, համազգային ամոթին դիմանալը: Միˆթե վերածվել եմ շնչող դիակի, որը զոհվել է խաղաղ պայմաններում»:

-Ժողովուրդ, ես զոհվել եմ, զոհվել եմ...,- բղավում էր նա ամբողջ կոկորդով և ճեղքում լեփ-լեցուն պողոտայում հաճույքից և վայելքներից թմրած խառնիճաղանջ ամբոխի շարքերը:

Ջոնիկի նյարդայնանալու պատճառը քննիչի կեցվածքն ու վերաբերմունքն էր: Հերթական հարցաքննությանը նրա համար գաղտնազերծվել էին դառը ճշմարտություններ: Ուղեղը մշուշվել էր անթափանց խավարով: Նրա պատկերացրած բանականության տրամաբանության շրջանակներում չէր տեղավորվում պաշտոնական կտրուկ շրջադարձը դեպի մատնություն ու հայրենադավություն, դեպի սուտ ու ատելություն: Փորձում էր հասկանալ, արդյոք կա՞, թեˆ չկա իր խնկարկելի երկիրը: Ինչպեˆս կարելի է հաշտվել ահաբեկիչներ բուծող թշնամու հետ, սեղմել նրա արյունոտ թաթերը, ավելին, խոնարհաբար շնորհակալություն հայտնել, և ինչիˆ համար, և հանուն ինչիˆ... Միգուցե դիվանագիտությունն է պահանջում,- իր անհանգստությունների շղթայում լավատեսության մասունքներ էր պեղում Ջոնիկը, ապա մերժում դրանք որպես ինքնախաբեություն... Հայրենիքդ ասպատակող և հայրենակիցներիդ մորթող դահճին ամենաբարձր մակարդակներում քծնելը նշանակում է զինաթափվել և հանձնվել նրա կամքին ու քմահաճույքներին: Եˆրբ, որտեˆղ, ոˆւմ չար կամքով բուսնեց ու պարարտացվեց այսքան մոլախոտ, որն աղավաղեց մեր լուսեղեն դեմքը...

Երբեք այդքան անօգնական և անզոր չէր զգացել իրեն և հիմա փորձում էր ելք գտնել մի փակուղուց, որպիսին երբևէ չէր կարող երազել ամենաոխերիմ թշնամին և երևակայել ինքը` չար երազում: Հիասթափությունն անչափելի էր: Միˆթե աշխարհը գլխիվայր շրջվել է` ոտնակոխ անելով բոլոր այն սրբազան սկզբունքներն ու գաղափարները, որոնցով դաստիարակվել և ապրել է մի ամբողջ կյանք, ինչու՞ ոչ՝ մի ամբողջ ժողովուրդ: Իսկ միգուցե սա հենց համայն մարդկությանը սպառնացող աշխարհի վերջ հորջորջված կործանումն է, որը սկսվում է անհատների բարոյական ու հոգևոր փտախտից: Նա միշտ եղել է այնտեղ, որտեղ վտանգ ու սպառնալիք է ծագել իր հայրենիքի ու հայրենակիցների անվտանգությանը, մասնակցել երկրին պատուհասած բոլոր պատերազմներին, իսկ հիմա արժանանում է որոշ տնաբույսերի հանդիմանանքին. «Քեզ ոˆվ էր խնդրել, որ կռվես»: «Ես թշնամու դեմ եմ կռվել: Կամավոր եմ մեկնել, մեր ջոկատով, ոչ ոք չի խնդրել»:

-Թվարկիր ձեր ջոկատի անդամներին:

-Հանգիստ թող իմ ընկերներին: Նրանք բոլորը զոհվել են:

-Դու ինչոˆւ չզոհվեցիր...

-Չգիտեմ: Երևի Աստված այդպես կամեցավ, որ ես մնամ ու պատմեմ այն արհավիրքի մասին, որի միջով անցան իմ մարտական ընկերները:

-Դու խախտել ես զիվորական կանոնագիրքը; Դու չես ենթարկվել չկրակելու և նահանջի հրամաններին:

-Պարոն քննիչ, բայց իմ աչքերի առջև գերի վերցրեցին հրամանին ենթարկված ընկերներիս և դաժանաբար, լկտի նվաստացումներով սպանեցին: Ես ի'նչ կարող էի անել, բացի այն, ինչ արել եմ...

-Դու պարտավոր էիր ենթարկվել վերադասի հրամանին...Թեկուզ կյանքիդ գնով...

-Ինչոˆւ:

-Որ նյութական և մարդկային ահռելի կորուստ չպատճառեիր հակառակորդին, որի համար կրելու ես լրջագույն պատասխանատվություն:

Ջոնիկը հարցական նայեց քննիչի աչքերին. «Այսիˆնքն»:

-Այսինքն, որպես վնասի հատուցում հարկադիր կատարման ապահովման ծառայությունը պատրաստակամորեն կայցելի ձեր տուն, կպետականացվի այն և աճուրդով կվաճառի:

-Ինչոˆւ

-Բավական է հարցեր տաս: Այստեղ ես եմ հարցեր տալիս,- կոշտ պոռթկաց քննիչը:-

Իմիջիայլոց, դու հայտնի ես նաև թուրքատյացությամբ, և քո հայտարարությունների պատճառով կարող ես շալակել ևս մեկ հոդված ` ազգամիջյան ատելության սերմանում և քարոզ...

Ջոնիկն ապշած լսում էր քննիչի սպառնալիքները: Ոˆվ էր իր առջև, իր ազգակի՞ցը, թեˆ թշնամական գործակալ, տղամարդ, թեˆ հոգին սատանային վաճառած ծախու կամակատար...

-Ես ատում եմ թշնամուն և հարգում բարեկամին: Ի դեպ, ես ոչ ռուսասեր, ոչ արևմտասեր, ոչ էլ թուրքատյաց եմ: Ես հայ եմ, հայասեր և մինչև ուղն ու ծուծս հայամետ...

-Լռիր,- ձեռքը սեղանին խփեց քննիչը:- Ոչ մեկին չի հետաքրքրում հանցագործի սիրո ու ատելության մասին խոստովանություններն ու դատողությունները:

Մեր աշխարհը փոխվել է դեպի վատը, անկում է, սրընթաց վայրէջք: Գլխիվայր են շրջվել ազգային, մարդկային դասական բոլոր հասկացությունները: Բայց չէˆ որ կարելի է շրջանցել նաև օրենքն ու հրամանները, եթե դրանք հակասում են խղճին ու բարոյականությանը: Իսկ դու, պարոն քննիչ, հրաման ես կատարում ու ինքնապղծվում, մինչդեռ կարելի էր հրաժարվել այն կատարելուց և աստվածահաճո մարդավայել դիրք ընդունել, ապրել հանգիստ խղճով... եթե իհարկե խիղճ և արժանապատվություն հասկացություները խորթ չլինեին քո տեսակին: Կան, չէˆ, մի փոր հացով ամեն սրբություն ուրացողներ, երեսուն արծաթով սեփական անձի և հայրենիքի վաճառականներ... Հիմա եմ հասկանում, որ մեզ ոչ թե թշնամին հաղթեց, այլ՝ ինքներս մեզ, մեր ներքին թշնամու պատճառով: Պարտությամբ, կորուստներով ու կործանմամբ հպարտ ու հաղթանակած ստահակներ: Ես ընդամենը հաղթել եմ մահվանն ու չեմ պարտվել: Պարտվել եք դուք՝ ձեր դավադիր ծրագրի հաղթանակով: Նահանջի ու ինքնամատուցման աննախադեպ անինքնասեր հերոսներ` վերևից ներքև ու հակառակը, տեր ու ծառա, իշխանավոր ու ընդդիմադիր: Բոլորդ: Ամենքդ: Շատերդ... Հանուն ինչիˆ... Թյու՜...

-Պարոն քննիչ, անասունն անգամ ինքնապաշտպանական բնազդ ունի: Ես միշտ մի նռնակ պահել եմ գրպանումս, որ գերի չհանձնվեմ, իսկ դուք ինձ մեղադրում եք ինքնապաշտպանության և ընկերներիս վրեժը լուծելու համար... Պատերազմը չի ավարտվել, սա երկու հակադիր քաղաքակրթությունների անվերջ կռիվ է` լույսի ու խավարի, բարու և չարի, մարդու և մարդակերի... Սա ժամանակավոր զինադադար է` կեղծ խաղաղությամբ շղարշված: Իհարկե, դուք կցանկանայիք, որ ես զոհվեի իմ ընկերների հետ, բայց դա տեղի չունեցավ: Ես գերադասում եմ ապրել այլ օրենքով, քան դուք պատկերացնում եք, բայց երբեք՝ գետնաքարշ ու ստորացված, առավել ևս, ականատեսն ու մասնակիցը լինել այս զազրելի իրականության...

-Բավական է լոլոներ կարդաս: Շեֆը հանձնարարել է, ես պարտավոր եմ ծառայությունս կատարել, և վերջ: Սա իմ աշխատանքն է:

-Շեֆդ դժոխքի բաժին է դառնալու: Չնայած այդպիսիք դժոխքում թագավորի պես կապրեն, ինչպես ձուկը ջրում... Երկիրը դարձրել եք համակենտրոնացման ճամբար: Որսում եք հայրենիքի նվիրյալներին, ու ես միակը չեմ: Թող բանակում չծառայած ձեր դասալիք գործընկերները քրեական օրենսգրքում հայրենասիրությունը դատապարտող հոդված ավելացնեն և օրենքով, այլ ոչ ապօրինաբար բանտերը լցրեք նվիրյալներին՝ որքան սիրտներդ կկամենա... Իսկ ոˆւմ եք հանձնելու երկիրը, ոˆվ է ձեր ընտանիքների խաղաղ կյանքն ու անվտանգությունը ապահովելու...

Քննիչը վիրավորանքից կարմրատակած ինչ-որ կոճակ սեղմեց, և ներս մտան երկու դիմակավորված տղամարդ:

«Ես չեմ կռվել, ես չեմ կռվել: Ես ոչ մի կռվի չեմ մասնակցել: Հանգիստ թողեք ինձ: Ես զոհվել եմ: Զոհվել եմ, սիրելի ժողովուրդ: Ես արդեն զոհվել եմ: Ես չկամ»:

- Հարևան երկրի հատուկ քննչական մարմինները լրջորեն հետաքրքրված են քո անձով: Նրանք որոնում են իրենց զորախումբը ոչնչացնող մեկին, որին ընկերները Ջոնիկ են կոչել` «Չհանձնվես, Ջոնիկ, սա ծուղակ է», ռադիոկապով հաղորդել են գերիները:

Դու դասալիք ես, որովհետև չես ենթարկվել հրամանատարության պահանջին: Ավելին, դիմադրություն ես ցուցաբերել` պատճառելով հակառակորդի զինտեխնիկային և մարդուժին վիթխարի վնաս... Դա որակվում է որպես պետական դավաճանություն, նոր ռազմական գործողությունների հրահրում:

-Հակառակորդ չէ, այլ թշնամի,- փորձեց ճշտել Ջոնիկը,- հակառակորդը սպորտային մրցումներում է լինում, իսկ ռազմադաշտում...,- բայց միտքը չավարտած` քննիչի նշանով դիմակավորներից մեկը ուժգին հարվածով տապալեց նրան հատակին:

-Վերադասի հրամանը չկատարելու և պետական դավաճանության համար քեզ կարելի է դատապարտել ցմահ բանտարկության և անձնական գույքի բռնագանձման` հարևան երկրի զինուժին պատճառած նյութական վնասի փոխհատուցման նպատակով,- ապա շրջվելով դիմակավորների կողմը քննիչը հանձնարարեց,- սատկացրեք սրան, լավ կոխկրտեք, որ ցավից ոռնա ու նկարահանեք, որ շեֆը տեսնի: Գլխավորն ուզում է տեսնել էս սուտ հայրենասերի արնաշաղախ լեշը գետնին ծեփած, ուզում է լսել սրա ճղճղոցը... Մի խոսքով, դուք գիտեք ձեր անելիքը...,-ասաց և դուրս եկավ սենյակից` Ջոնիկին թողնելով երկու դահիճների հետ միայնակ:

Ջոնիկը գիտակցության եկավ հիվանդանոցում: Դժվարությամբ ոտքի կանգնեց, տնտղեց իրեն հայելու առջև: «Վարպետ ծեծողներ էին, դեմքս չեն վնասել»,- եզրակացրեց նա և գծագրեց հիվանդանոցից փախչելու ծրագիրը:

- Մի բաժակ օղի կհյուրասիրե՞ք,- քաղաքավարությամբ հարցրեց մեր սեղանին մոտեցած զինվորական կիսամաշ համազգեստով, սփրթնած դեմքով տղամարդը, որի կուրծքը զարդարող շքանշաններն ու մեդալները վկայում էին իրար հաջորդող բոլոր պատերազմների մարտական գործողություններին ակտիվ մասնակցության մասին:

«Ես մեղավոր եմ, որ պատերազմում չեմ զոհվել: Ընդունում եմ իմ մեղքը և խոստանոմ, որ այսուհետ չեմ կրկնի նույն սխալը և կզոհվեմ առաջին իսկ ռազմական բախման ժամանակ»,- քմծիծաղ տվեց Ջոնիկը:

Անսպասելի երկինքը պատվեց մութ ու գորշ ամպերով: Հորդառատ կարկտախառն անձրև տեղաց: Անցորդները պատսպարվեցին ով որտեղ կարող էր: Միայն նա էր, ասես վերապրելով արկի բեկորների գլխին թափվող կարկուտը, հաղթանակած նահատակի անվրդով հանդարտությամբ քայլում պողոտայով: Ոչ ոք չկար: Նա, միայն նա, որ միայնակ քայլում էր տեղատարափի տակ: Թոթափել էր կաշկանդվածությունն ու ազատ արձակել իրեն` նյարդերը, մտքերը: Զոհաբերվելու գիտակցությունը վերարթնացրել էր ազատության շունչը: Նա կրծքից մեկառմեկ պոկեց շքանշաններն ու մեդալները և սկսեց շպրտել պատերի տակ ծվարած մարդկանց կողմը: Դուրս եկեք թաքստոցներից: Առե̒ք, վերցրե̒ք, ձեզ լինի, սրանք ձեզ են պատկանում, ես զոհվել եմ, ես այլևս չկամ, ես չեմ կռվել , ես չեմ եղել: Ձերն է այս ամենը: Ձեր համար էր այս ամենը: Լսոˆւմ եք, ես զոհ-վել եմ:

Տղամարդու հեկեկոցն ու արցունքները հասանելի չէին երկնքից թափվող հեղեղից պաշտպանվող ամբոխին… «Ես զոհվել եմ, լսոˆւմ եք, զոհվել եմ այսօր, հիմա, ձեր կեղծ խաղաղության պայմաններում…»:

Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ուժգին որոտի ժամանակ կայծակը հարվածել է եկեղեցու գմբեթին և խոնարհել Խաչը…

Դավիթ Մկր Սարգսյան

2026թ. Երևան

Դիտվել է՝ 131

Մեկնաբանություններ