Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպման առաջարկը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե պայմանները թույլ տան, նույն միջոցառման ընթացքում հնարավոր է նաև Պուտին-Թրամփ հանդիպում։               
 

Կադրային քաղաքականությունը որպես վերելքի կամ կործանման գրավական՝ պետական և մասնավոր հատվածներում

Կադրային քաղաքականությունը որպես վերելքի կամ կործանման գրավական՝ պետական և մասնավոր հատվածներում
10.09.2026 | 12:06

Հաջողությունը հազվադեպ է պայմանավորված միայն ռեսուրսներով, ֆինանսներով կամ աշխարհագրական դիրքով։ Առանցքային գործոնը միշտ եղել և մնում է մարդկային ռեսուրսը։ Ճիշտ կադրային քաղաքականությունը՝ «ճիշտ պահին, ճիշտ տեղում, ճիշտ մարդուն» նշանակելու արվեստը, ընդունակ է ավերակներից վերականգնել համակարգերը, մինչդեռ սխալ նշանակումները կարող են փլուզել նույնիսկ ամենահզոր կայսրություններն ու բիզնեսները։
Վատ է, երբ «անունը կա, իսկ ամանում չկա»․ խոսքը մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կամ ծառայության (HR) մասին է։ Լավ ղեկավարը ձգտում է ունենալ ուժեղ թիմ, որպեսզի երկիրը կամ ընկերությունը զարգանա և առաջ գնա, սակայն, ցավոք, այս մոտեցումն այսօր շատ հազվադեպ է հանդիպում։ Հայաստանում պետական պաշտոնները տրվել են մարդկանց, որոնք ընդհանրապես տեղյակ չեն ոլորտից և այն կամ քանդում են, կամ էլ տեղում դոփեցնում։ Նրանց միակ «արժանիքն» այն է, որ մասնակցել են 18 թվականի քայլարշավին կամ վայելում են ղեկավարների վստահությունը։
Մի քանի օրինակ բերեմ հաջողված և չհաջողված կադրային քաղաքականությունից։ Չծանրաբեռնեմ անուններով․ ԱՄՆ նախագահը պատերազմից հետո Մարշալին նշանակեց պետքարտուղար, և նա փրկեց ավերված Եվրոպան։ Դրան զուգահեռ՝ Գերմանիայի կանցլերը էկոնոմիկայի նախարար նշանակեց պրոֆեսիոնալ տնտեսագետի, որը փայլուն իրականացրեց Գերմանիայի ֆինանսական ռեֆորմը։ Սինգապուրի վարչապետը բոլոր նախարարներին նշանակեց՝ ելնելով բացառապես պրոֆեսիոնալիզմից, և երկիրը «երրորդ աշխարհից» վերածվեց աշխարհի 10 լավագույններից մեկի։ Ստալինը նշանակեց Ժուկովին, Կուրչատովին, Թևոսյանին... և հաղթեց պատերազմը։
Ձախողված օրինակներ էլ են եղել․ օրինակ՝ «Yahoo»-ի գլխավոր տնօրեն էր դարձել մի մարդ, որը կեղծել էր իր կրթական փաստաթղթերը և ընկերությանը հասցրեց սնանկացման եզրին։ Երբեմն չափից շատ զգուշությունն էլ է խանգարում․ այդպես եղավ «Google»-ի հետ, երբ բյուրոկրատական դանդաղկոտության պատճառով բաց թողեցին պահը, իսկ Մարկ Ցուկերբերգը 3 օրում ավարտեց «Instagram»-ը 1 միլիարդ դոլարով գնելու գործարքը՝ դառնալով միլիարդավոր դոլարների շահույթի տեր։
Վերադառնալով մեր «ոչխարներին»՝ նկատում ենք, որ չունենք նույնիսկ տարրական տրամաբանությանը մոտ կադրային քաղաքականություն․ ցավոք, ոչ պետական, ոչ էլ մասնավոր հատվածում։ Ամբողջովին գործում է «ԽԾԲ» (խնամի-ծանոթ-բարեկամ) համակարգը, որը ոչ մի դեպքում չի կարող դրական արդյունք ապահովել։

Հովիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ․Գ․
1999 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո «Միասնություն» դաշինքի շատ անդամներ «գրոհել» էին կուսակցության գրասենյակները և պահանջում էին աշխատանք ու պաշտոններ։ Դրան հետևեց Կարեն Դեմիրճյանի կարճ ներքին ուղերձը․
«Առաջին՝ մենք ՀՀՇ-ն չենք, որ անենք կադրային ջարդ և թացն ու չորը իրար խառնենք։ Երկրորդ՝ ոչ ոք մտքով չանցկացնի, որ կարող է ստանալ մի պաշտոն, որի համար չունի համապատասխան կրթություն և փորձ»։
Առողջ եղե՛ք։
Դիտվել է՝ 169

Մեկնաբանություններ