Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպման առաջարկը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե պայմանները թույլ տան, նույն միջոցառման ընթացքում հնարավոր է նաև Պուտին-Թրամփ հանդիպում։               
 

Ավարայրի ճակատամարտը՝ «շաբաթվա օրերի» ու տգիտության Reels-ում

Ավարայրի ճակատամարտը՝ «շաբաթվա օրերի» ու տգիտության Reels-ում
10.09.2026 | 21:24

(երեք «Վարդանանք»՝ երեք ցնցում)

Լինում են պահեր, երբ դիպվածային մի պատկեր կամ համացանցային ինչ-որ Reels հուշի թևերով քեզ հասցնում է անցյալ, պատառոտում ներկայի անբարո քողն ու ստիպում նորովի վերապրել ամբողջ կյանքդ։ Այդ կարճ, բովանդակազուրկ տեսանյութերը, որոնց տակ այսօր հազարավոր մարդիկ «սմայլիկներով» հռհռում են սեփական ինքնության ավերակների վրա, դառնում են մեր հոգևոր անկման հայելին։

Նման մի տխմար Reels-ից հետո, զուգորդելով նախկինն ու ներկան, վերհիշեցի «դրվագ-հանդիպումներ», որոնք առնչվում են հայոց պատմության ամենանվիրական էջերից մեկին՝ Ավարայրի ճակատամարտին։

Երեք պատկեր, երեք ներքին ցնցում, որոնք բաժանված են տասնամյակներով, բայց որոնց միջև այսօր գոյացել է քաղաքակրթական ու բարոյական ահռելի, ցավեցնող, անհատակ իջվածք։

Իրական անդունդ՝ երկյուղած, շնչահեղձող լռության և անուղեղ խրխնջոցի միջև։

ԱՌԱՋԻՆ ՑՆՑՈՒՄԸ․ լուսահոգի մայրիկիս արցունքները

Առաջին անգամ մայրիկիս արտասվելիս տեսա, երբ ընդամենը ինը կամ տասը տարեկան էի։

Դպրոցից տուն մտա մանկական թեթևությամբ, ուրախ-զվարթ, ու հանկարծ քարացա շեմին։ Մայրս նստած էր գրասեղանի մոտ և անձայն հեկեկում էր։

- Մա՞մ․․․,- մի հատիկ բառը թռավ շուրթերիցս։

Չհասցրի ավելացնել երկրորդը․ մանկական անհասկանալի վախով համակված՝ ինքս էլ բարձրաձայն լաց եղա։ Մայրս, հանկարծակիի եկած, շտապով փակեց առջևը բացված հաստափոր գիրքը։ Նրա երկնագույն աչքերը ժպտացին արցունքների միջից, շտապով գրկեց ինձ ու փորձեց հանգստացնել։

Միայն տարիներ անց հասկացա, որ այդ պահին նա ապրում էր Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքի» հերոսների ողբերգությունն ու վեհությունը։ Նա չէր կարդում պատմությունը, նա հաղորդվում էր դրան։ Այդ պահին մեր տան փոքրիկ սենյակը վերածվել էր լռելյայն տաճարի, որտեղ գիրքը խորան էր, իսկ մորս արցունքները՝ անխոս աղոթք։

Դա իմ կյանքի առաջին, անխոս, բայց ամենահզոր դասն էր։ Մայրս ոչ մի վերամբարձ բառ չասաց հայրենասիրության, պարտքի կամ պատմության մասին։ Բայց նրա արտասուքի յուրաքանչյուր կաթիլում կար ազգային ցավի հետ հոգևոր այնպիսի խորը հաղորդակցություն, որն իմ մեջ վայրկյանների ընթացքում արմատավորեց ակնածանք, սեր ու սրբության անխախտ զգացում։

Դա լուռ, բայց տիեզերական ուժ ունեցող ճշմարիտ Հայ Մոր դաստիարակությունն էր, որտեղ հայրենիքը սովորեցնում են սիրել ոչ թե ճառերով, այլ սրտի թրթիռով։

9-10 տարեկան աղջնակի աչքերով տեսած մոր այդ արցունքներն ու «Վարդանանք» ընթերցող հայ մայրը ոչ միայն իմ անձնական, սրտին մոտ ու թանկ հիշողությունն է, այլև հայի տեսակի, հայ մշակույթի ու հոգևոր Հայաստանի իսկական դիմանկարը։

Եվ հիմա, տասնամյակներ անց, նայում եմ հեռախոսիս էկրանին... Նույն հայ մայրն է, բայց արդեն առանց գրքի, առանց սրբազան երկյուղածության։ Տեսախցիկի առջև ծամածռվող, սեփական երեխայի տգիտությունը բեմադրող և լայքերի համար հիստերիկ բղավող մի կերպար, որն արցունքների փոխարեն հանրությանն է հրամցնում սեփական դատարկության քրքիջը։

Մայրս իր արցունքներով իմ մեջ սրբություն էր սերմանում, իսկ այս կերպարը ծիծաղի քողի տակ սեփական զավակին սովորեցնում է ծաղրել սեփական արմատները։

Ի՜նչ սոսկալի կերպարանափոխություն։ Գրքի շուրջ ձևավորված տաճարային լռությունից մենք գահավիժել ենք դեպի սմարթֆոնի էկրանից հորդող ամբոխային անուղեղ հռհռոց։

ԵՐԿՐՈՐԴ ՑՆՑՈՒՄԸ․ 1981 թվական, Գրիգոր Խանջյանի անմահ կտավը

«Վարդանանքի» հետ երկրորդ ցնցող հանդիպումս 1981 թվականին էր։ Նկարչի տանն առաջին անգամ տեսա անվանի գեղանկարիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենի էսքիզներն ու կտավը։

Զգացմունքների առատությունից ասես շնչահեղձ էի լինում։ Խանջյանի հանճարեղ վրձինը մարմնավորել էր նույն այն անկոտրում ոգին, վեհությունն ու ազգային ողբերգությունը, որոնց վրա տարիներ առաջ մեր տանը լռելյայն արտասվում էր մայրս։ Մորս լռին արցունքն ու Խանջյանի մոնումենտալ վրձնահարվածները նույն հոգևոր աղբյուրից էին․ մեկը անհատական սրբազան ապրում էր, մյուսը՝ հավաքական հիշողության հավերժացում։

Այնտեղ՝ կտավի վրա, նույն այդ ցավն էր, բայց արդեն սրբագործված, վերածված ազգային հպարտության ու անհաղթահարելի ուժի։ Դա արվեստի, պատմության ու մեր ինքնության հաղթանակն էր․ մի տեսարան, որը վերջնականապես ձևավորեց ու ամրապնդեց իմ էության բարոյական ողնաշարը։

Որքա՜ն դաժան է այսօրվա իրականությունը։ Այնտեղ, որտեղ Խանջյանը տարիների տանջալից աշխատանքով հավերժացնում էր ազգի տոկունության հոգևոր բարձունքը, այսօրվա ցինիկ սպառողը սմարթֆոնի էկրանին՝ ընդամենը 15 վայրկյանում, փոշիացնում է ամեն ինչ։

Խանջյանի կտավի առաջ մենք շնչահեղձ էինք լինում ազգային վեհությունից, իսկ այսօրվա ամբոխը տեսախցիկների առջև «մեռնում է ծիծաղից»՝ տեսնելով սեփական պատմության անբովանդակ ծաղրը։

Մենք կորցրել ենք մոնումենտալ մշակույթի զգացողությունը և մեր տաճարները փոխարինել ենք սոցցանցային ողբալի բուֆոնադայով, որտեղ արժեքների տոտալ կործանումն ուղեկցվում է հիացական, անուղեղ ծափահարություններով։

ԵՐՐՈՐԴ ՑՆՑՈՒՄԸ․ Reels-ի ապուշ ղժժոցն ու արժեքների փոշիացումը

Ի՜նչ իմանայի, որ երրորդ անգամ ցնցվելու եմ տասնամյակներ անց՝ սմարթֆոնիս էկրանին այս անբարո ու հակազգային Reels-ի հանդիպելիս (հղումը՝ Հ․Գ․-ում)։

Տեսանյութում մայրն ու դպրոցական դուստրը զարհուրելի «հումորային» մեյմունություն են բեմադրել:

Մայրը հարցնում է դստերը․

- Ե՞րբ է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը։

Դպրոցական դուստրը, ծիծաղը հազիվ զսպելով, սկսում է հերթով «գուշակել»․

- Երկուշաբթի՞։

- Ո՛չ,- հիստերիկանում է մայրը։

- Երեքշաբթի՞, չորեքշաբթի՞...

- Ո՜չ,- բղավում է մայրը։

- ՈՒրբա՞թ։

- Ի՜նչ ուրբաթ,- գժավարի գոռում է մայրը՝ հազիվ թաքցնելով ծիծաղը։

Ամեն տհաս պատասխանի և մոր կեղծ, հիստերիկ բղավոցների հետևում լսվում է կադրից դուրս հռհռացողների բանակի խմբակային քրքիջը։ Եվ ահա, որպես այս տխմարության պսակ, հետնաբեմից հնչում է հոր ապուշ արձագանքը․

- Արա, հերիք ա, ի՞նչ ես ֆռռում էրեխու վրա։ Մնացել ա տակը շաբաթ, կիրակի։ Ոչ աշխատանքային օր, ո՞վ ա ճակատամարտ անում։ Ախչի, հանգստացրու էրեխուն։

Ահա և վերջնակետը։

Շրջանը փակվեց։

Հայրը, ով դարեր շարունակ եղել է հայ ընտանիքի, հողի ու պատմության պահապանը, այսօր կանգնած է հետնաբեմում ու իր գռեհիկ «հումորով» խրախուսում է սեփական ինքնության ոչնչացումը։

Մորս լուռ արցունքների տաճարային լռությունից և Խանջյանի կտավի առջև իմ հոգևոր շնչահեղձությունից տասնամյակներ անց՝ հայտնվեցի մի նոր «Հայաստանում», որտեղ սեփական պատմության ավերակների վրա կազմակերպվում է ընտանեկան բուֆոնադա։ Այն, ինչ մեր նախնիների համար արյան գին ուներ, ինչի վրա արտասվում ու ակնածանքով լռում էին սերունդներ, այսօր թվային տիրույթում վերածվել է «լայքեր» մուրալու ժամանցային կատակի։

Սարսափելին, սակայն, միայն տեսանյութ նկարող այս ընտանիքի տգիտությունը չէ, այլ դրա տակ հորդող հարյուրավոր մեկնաբանությունների հավաքական անբարոյականությունը․ «Ընտիր», «ՈՒժեղ էր», «Ինչ լավն են», «Ես մեռա, մի քիչ շատ գցեք սենց բաներ», «Պապան պապայա էէէ, այ տենց փրկեց աղջկան․․․»։

Պատկերն արդեն անհատական ողբերգություն չէ, այլ հավաքական հոգեվարք։ Ամբոխը հիանում է, ծափահարում ու «հռհռացող» էմոջիներով պահանջում է էլի՛ տգիտություն, էլի՛ ծաղր, էլի՛ սրբապղծություն։

Հիշյալ Reels-ը 15 վայրկյանում խտացված ազգային-կրթական, բարոյական տոտալ աղետ է։

Եվ այս համատարած մտավոր մթագնման, հանրային ապուշացման ու «լայքամոլության» ճահճում միայն մեկ ադեկվատ ու ցավացող, արժանապատիվ ձայն հնչեց։ Սվետլանա Դարբինյանն արտահայտեց այն ամենը, ինչ պետք է բղավեր յուրաքանչյուր ինքնասեր հայ․

«Մարդի՛կ, դուք լրիվ եք գժվել։ Ծիծաղում եք ինչի՞ վրա։ Այ անամոթ մարդիկ, դուք ո՞վ եք։ Դա մեր սրբությունն է, այ անուղեղներ, ոչ թե ծիծաղի առարկա»։

Այսօր, երբ երկրի թիվ մեկ ամբիոնից մինչև սոցիալական ցանցերի ամենամութ ծակուռները հորդում է մակերեսայնությունն ու ազգայինի նկատմամբ պիղծ արհամարհանքը, ներկայացվածը պատահականություն չէ։ Հետևողականորեն մեր երակների մեջ ներարկվող ախտ է՝ իսկական հոգևոր «էբոլա», որը սպանում է պատմական հիշողությունն ու ինքնապահպանման բնազդը։

Եվ ու՞ր ենք հասնելու, ո՞ր անդունդն ենք գլորվելու վաղը, երբ ապագա քաղաքացին իր պատմությունը ճանաչի միայն «երկուշաբթիից-ուրբաթ» ռեժիմով, իսկ հասարակությունը, սեփական տգիտության ավերակներին հեծած, հռհռա իր իսկ կործանման վրա։

Տաճարից դեպի ցիրկ

Եվ ինչպե՜ս, ինչպե՜ս մի քանի տասնամյակում «Վարդանանքի» առջև խոնարհվող, դրա վեհության վրա լռելյայն արտասվող ու սեփական զավակի մեջ սրբություն կերտող Հայ Մորից հասանք սոցցանցերում սեփական պատմությունն ու հիշողությունը պղծող, մի քանի քնձռոտ «լայքի» համար հարազատ երեխային տգիտության մղող կերպարին։

Պարզապես սերունդների փոփոխությու՞ն։

Ո՛չ։

Տեսակի մուտացիա։

Կինոյի դասական պատմության մեջ հանրահայտ հարցադրում կա․

«ՈՒ՞մ է պետք այն ճանապարհը, որը տաճար չի տանում»։

Այսօր մենք շեղվել ենք այդ ուղուց, բայց արդյո՞ք դա վերջնական դատավճիռ է։

Ո՛չ։

Դարերով մեզ պահած հոգևոր Հայաստանը հնարավոր չէ ոչնչացնել 15 վայրկյանանոց Reels-ի սպառողական աղբով։ Այն ապրում է մեր հավաքական հիշողության մեջ, մեր տանը ընթերցվող գրքերում, Խանջյանի կտավի վեհության և մեր մայրերի սրբազան արցունքների մեջ։

Այո՛, թշնամին փորձում է գրավել այն տարածքները, որոնք մենք դատարկում ենք մեր ներսում։ Բայց այդ տարածքները դատարկ չեն մնա, եթե մենք կրկին լցնենք դրանք իմաստով, ակնածանքով ու կրթությամբ։

Կործանման անուղեղ քրքիջին մենք չենք պատասխանելու հուսահատությամբ։ Մենք պատասխանելու ենք արժանապատվության բացարձակ հակադրությամբ՝ սովորեցնելով մեր զավակներին սիրել հայրենիքը ոչ թե «լայքերի» համար, այլ սրտի թրթիռով։ Տաճար տանող ճանապարհը փակ չէ․ այն սկսվում է ամեն մեկիս ներսից, մեր ընտանիքներից ու մեր զավակների աչքերում սրբության լույսը վերականգնելու հավատից։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

Հղումը՝

https://www.facebook.com/reel/1410659820943320

Դիտվել է՝ 701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ