Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Ասիական կենցաղով դեպի Եվրոպա ձգտող հասարակություն

Ասիական կենցաղով դեպի Եվրոպա ձգտող հասարակություն
12.09.2026 | 15:00

Հայ հասարակությունը թվացյալ տրանսֆորմացիայի փուլում է. մի կողմից՝ գեղեցիկ թվացող եվրոպական արժեքներն են, մյուս կողմից՝ ասիացու ոգին և կենցաղը։

Իսկ ինչու՞ գեղեցիկ թվացող, քանի որ հայն արևմտյան արժեքները դիտարկում է որպես ձև, էսթետիկ շղարշ՝ շարունակելով ապրել արևելյան հասարակության դաստիարակությամբ ու մտածելակերպով։

Նույնանման կարողությամբ գերմանացին կարող է 20 տարի վարել նույն (պայմանական) ֆոլցվագենը, իսկ մեր պարագայում՝ անբովանդակ շքեղ համարանիշեր և այլ զարդարանք, որոնք հիմնականում բնորոշ են ցածր ինտելեկտուալ կարողություններով հասարակություններրի ներկայացուցիչներին. նույն պատկերն է նաև տոների և այլ առիթների կազմակերպման պարագայում։ Հնչում են երկար ռազմահայրենասիրական, որոշ դեպքերում՝ մարդու մասին իրենից շատ մտածելու իմիտացիա ստեղծելուն բնորոշ ճառեր և կենացներ, բայց ակնհայտ է, որ այս դեպքերում մեծամասամբ ձևականությունը դոմինանտ է բանականությանը։

Օրինակները շատ են, իսկ լուծումը դեռ տեսանելի չէ։

Եթե երկրի ղեկավարը պետք է այցելի իքս տարածաշրջան, տեղական չինովնիկը կաշվից դուրս է գալիս, որպեսզի տարածքը լինի կոկիկ և մաքուր, կարծես իր գերխնդիրը զուտ հաճոյանալն է։

Երբ համեմատում ես նույն ասֆալտի որակը, օրինակ, ԱՄԷ-ի հետ, մարդիկ արձագանքում են՝ դե, դա Դուբայն է. հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ չհամեմատվել և չմրցել հենց նմանօրինակ ֆունդամենտալ հարցերում։

Նույն կերպ վերաբերվում ենք կրթությանը. կարևոր է հարսանիք գնալ Rolls-ով, բայց քչերն են պատրաստ վճարել լավ կրթության համար։

Տեղական մակարդակում կարողությունը չափվում է նույն կերպ՝ քշածով, ժամով և այլն, սակայն երբեմն, նույն Աբրամովիչին նայելով, չես կարող կռահել, թե նա ով է կամ ինչ կարողությունների տեր, եթե, իհարկե, չես ճանաչում մարդուն:

Այսինքն, մենք՝ որպես հասարակություն, կարևորը գլխավորից չենք տարբերում, մեծամասամբ ապրում ենք ցուցադրելու, այլ ոչ ապրելու համար։

Հենց այստեղ են խաչվում արևելյան և արևմտյան հասարակությունների տարբերությունները։

Չէի ցանկանա տպավորություն թողնել, թե մի դեպքում տեսնում եմ միայն լավը, մյուսում՝ հակառակը. ընտանեկան մոդելն առավել ամուր և կայուն է հենց մեր՝ ավանդական հասարակություններում, բայց տնտեսական, կրթական, հոգեբանական և այլ մրցակցային հարցերում պետք է օրինակ վերցնել հակառակ կողմից։

Վերոնշյալ օրինակներն ունեն շղթայական փոխկապակցվածություն. մեկի շտկումը հանգեցնելու է ընդհանուր մտածելակերպի տրանսֆորմացիային, ինչը կկերտի նոր ձևավորվող հասարակական համընդհանուր մենթալիտետ, որը հանդիսանում է ուժեղ պետության հենասյունը։

Հ.Գ. Հայաստանին պետք է պետական քաղաքականության և ազգային գաղափարախոսության ճիշտ համադրության համազգային հայեցակարգ։

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 141

Մեկնաբանություններ