Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Լռեց՝ նույնիսկ երազում

Լռեց՝ նույնիսկ երազում
15.09.2026 | 10:33

Այդ գիշեր Նիկոլը հերթական երազը տեսավ։

Գանձասարում էր։

Չէր հասկանում՝ ինչպես էր հասել այնտեղ։ Մութ էր, բայց վանքը լուսավոր էր՝ առանց որևէ արհեստական լուսավորության։ Լուսավորում էին քարերը՝ ասես փայլփլուն մարգարիտներ։

Նա դանդաղ բարձրացավ աստիճաններով։ Դռան մոտ մի պահ կանգ առավ։

Ներսից ձայն եկավ.

- Մտի՛ր։

Նա մտավ ներս։

Եկեղեցու խորանի մոտ մի մարդ էր կանգնած՝ բարձրահասակ, լայնաթիկունք, իշխանական հանդերձանքով։ Նա շրջվեց։

Նիկոլը միանգամից ճանաչեց։

Հասան-Ջալալն էր՝ Գանձասարը կառուցած Խաչենի հայտնի իշխանը։

Նա քարացավ, այլայլվեց՝ խոսել չէր կարողանում։

- Մոտեցի՛ր,- ասաց Հասանը։

Նիկոլը մոտեցավ, բայց աչքերը չէր բարձրացնում, սևեռված նայում էր գետնին։

- Դու Նիկոլն ես։

- Այո։

- Նայիր ինձ։

Նիկոլը դժվարությամբ բարձրացրեց հայացքը։

Հասանը մի քանի վայրկյան լուռ նայեց նրան։

- Տարօրինակ է։

- Ի՞նչը։

— Քո ժամանակներում մարդիկ շատ են խոսում։ Բայց դու հիմա նույնիսկ աչքերիս չես նայում։

Նիկոլը չպատասխանեց։

Հասանը շրջվեց դեպի պատը։

- Գիտե՞ս՝ ինչու է սա Գանձասար կոչվում։

- Այո։

- Ասա։

- Գանձ… ու սար։

- Հա՛։

Հասանը ձեռքը դրեց սառը քարին։

- Սարերի մեջ հայտնված գանձ։ Այդպես է անվանել իմ ժողովուրդը: Միջնադարյան մարդիկ էլ երբեմն գեղեցիկ բան հասկանալու համար մեծ փիլիսոփայություն չէին հորինում։

Նա ժպտաց։

- Տեսնում էին գանձը սարերի մեջ ու ասում էին՝ Գանձասար։

Հետո դեմքը փոխվեց։

- Բայց հիմա ուրիշ բան եմ լսում։

Նիկոլը լռեց։

- Լսո՞ւմ ես։

- Այո։

- Ի՞նչ ես լսում։

Նիկոլը չպատասխանեց։

Հասանը շրջվեց դեպի արձանագրությունը։

- Ասում են՝ սա Աղվանքի ժառանգությունն է։

Նա մատով դիպավ քարին։

- Այս պատե՞րը։

Մի պահ լռություն տիրեց։

- Իմ անունը գրված է այստեղ, իմ հոր անունը նույնպես։ Նաև իմ պապի անունը, իմ տոհմը։ Այս եկեղեցու շինության պատմությունը։

Ձայնը կոշտացավ։

- Ու հիմա ինչ-որ մեկը գալիս է այստեղ, կանգնում այս քարերի առաջ ու ինձ ուրիշ ազգի իշխան է դարձնում։

Նա կարճ, անհավատ ծիծաղեց։

- Աղվանական,- Հասանը չարացավ։

Այդ բառը նա ասաց այնպես, կարծես բերանում դառնություն էր թողել։

- Աղվանական…

Հասանը մի քայլ առաջ եկավ։

- Իմ կառուցած եկեղեցին աղվանակա՞ն է։

Նիկոլը գլուխը կախեց։

- Իմ անունո՞վ։

Նիկոլը լուռ մնաց։

- Իմ տոհմի պատմությո՞ւնն են ուրիշի տոհմի մեջ «տեղավորում». դու հասկանու՞մ ես այդքանը։

Նիկոլը շշնջաց.

- Ես լսել եմ այդ հայտարարությունը։

Հասանը մի պահ քարացավ։

- Լսե՞լ ես։

- Այո։

- Ե՞վ։

Նիկոլը չպատասխանեց։

Հասանը մոտեցավ։

- Եվ դու ոչինչ չասացի՞ր։

Նիկոլը աչքերը իջեցրեց։

- Ես չէի ուզում վնասել խաղաղության գործընթացին։

Հասանը երկար նայեց նրան։

Հետո միանգամից սատանայական ծիծաղեց։

- Խաղաղությո՜ւն…

Նա շրջվեց ու մի քանի քայլ արեց։

— Ես հազար տարի առաջվա մարդ եմ, Նիկո՛լ։ Ինձ մի սովորեցրու, թե խաղաղությունն ինչ է։

Հետո հանկարծ շրջվեց։

- Ես գիտեմ՝ ինչ է պատերազմը։ Գիտեմ՝ ինչ է կորցնելը։ Գիտեմ՝ երբեմն ինչ գին է վճարվում, որ մի տուն կանգուն մնա։

Նա մատնացույց արեց եկեղեցու խորանը։

- Բայց երբ մեկը մտնում է քո տուն ու հյուրերի առաջ ասում է՝ «սա ձեր տունը չէ, ձեր պապն էլ ձեր պապը չէ», դու չես կարող դրա պատասխանը տալ՝ «չուզեցի, որ խաղաղությունը վնասվի»։

Նիկոլը գլխիկոր լուռ էր։

Հասանի ձայնը բարձրացավ.

- Դա խաղաղություն չէ։

Մի պահ լռեց։

- Դա անտարբեր սիրկայություն է, տղա՛։

Նիկոլը վերջապես նայեց նրան։

Հասանը շարունակեց.

- Եվ ամենավատն այն չէ, որ Հաջիևի նման մարդիկ այստեղ եկել ու այդ պատմությունն են պատմել։ Նրանք իրենց գործն են անում։

Նա ձեռքը սեղմեց։

- Ամենավատն այն է, որ նրանք դա կարողացել են անել այսքան բարձրաձայն, այսքան հրապարակավ, միջազգային հանրության աչքի առաջ, իսկ մարդը, ով պետք է սաստեր ու կանխեր այդ ամենը, կանգնել է ու լռել։

Նիկոլը փորձեց խոսել։

- Բայց…

- Լռի՛ր:

Հասանն ընդհատեց նրան։

- Մի ասա՝ «բայց»։

Նա մոտեցավ արձանագրությանը։

- Այս քարը «բայց» չի հասկանում։

Նա ձեռքը դրեց պատին։

- Այս քարը միայն գիտի՝ ով է կառուցել, երբ է կառուցել և ում համար է կառուցել։

Հետո դանդաղ շրջվեց։

- Քո ժամանակներում, երևի, կարելի է ամեն ինչ անվանել խաղաղության գին։

Նրա ձայնը նորից հանդարտվեց։

- Բայց մի օր կարթնանաս ու կտեսնես, որ գինը վճարել ես ոչ թե խաղաղության, այլ հիշողության համար։

Նիկոլը ոչինչ չասաց։

Հասանը դուրս եկավ բակ։

Նիկոլը հետևեց նրան՝ մի քանի քայլ հեռավորության վրա։

Հասանը կանգնեց Գանձասարի դիմաց։

- Նայիր։ Իսկական Գանձ է:

Հետո մատնացույց արեց լեռները։

- Սարերը։

Մի պահ ժպտաց։

- Ու մարդիկ դեռ վիճում են, թե ո՞ւմ գանձն է։

Հետո ժպիտը վերացավ։

- Բայց գանձը վերցնելու համար երբեմն բավական է ոչ թե քարը քանդել, այլ նրա անունը փոխել։

Նիկոլը լուռ կանգնած էր։

Հասանը վերջին անգամ նայեց նրան։

- Դու գիտե՞ս, թե որն է քո ժամանակի ամենամեծ վտանգը։

Նիկոլը չհամարձակվեց պատասխանել։

- Ոչ թե այն, որ ուրիշները սուտ են պատմում։

Նա ձեռքը դրեց Գանձասարի պատին։

- Այլ այն, որ մի օր քո ժողովուրդը այնքան կսովորի լսել այդ սուտը, որ այլևս չի զայրանա։

Քամին անցավ վանքի վրայով։

Հասանը շրջվեց ու քայլեց դեպի մթությունը։

Նիկոլը մի քայլ արեց նրա հետևից։

- Իշխան…

Հասանը չշրջվեց։

- Այո՞։

Նիկոլը երկար լռեց։

Ոչինչ չկարողացավ ասել։

- Հենց դա էի ասում,- լսվեց Հասանի ձայնը։- Դու նույնիսկ երազում ես լռում։

Եվ մի ակնթարթում անհետացավ խավարում։

Նիկոլն արթնացավ։

Առավոտ էր։ Սենյակում լռություն էր։

Նա երկար նստեց մահճակալի եզրին։

Հետո հիշեց Հասանի վերջին խոսքը։

«Դու նույնիսկ երազում ես լռում»։

Դրսում օրը սկսվում էր, իսկ Գանձասարի քարերը շարունակում էին լռել։

Սպանիչ լռություն էր:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 96

Մեկնաբանություններ